HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջալալ Հարությունյանը տուժող է ճանաչվել սպանության փորձի առթիվ քննվող քրեական գործով

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը տուժող է ճանաչվել Քննչական կոմիտեում  քննվող  քրեական գործով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը։

«Ի պատասխան լրագրողների հարցումների ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,-գրել է Ռիմա Եգանյանը։

Այսինքն՝ քրեական գործը վերաբերում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձին և  գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելուն, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին, հայտարարեց, որ իր հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։

«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:

Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության»,-հայնեց  Արայիկ Հարությունյանը։

Տևական ժամանակ բուժում ստանալուց հետո Հարությունյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter