HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԱԻՆ-ն առաջարկում է իր կազմում Սեյսմիկ պաշտպանության գրասենյակ ստեղծել

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) առաջարկում է իր կազմում ստեղծել Սեյսմիկ պաշտպանության գրասենյակ, որը հիմնականում կկատարի 2020թ․ հունիսի 18-ին կառավարության որոշմամբ լուծարված «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթները և կփոխարինի նախարարության համապատասխան վարչությանը։ 

«Սեյսմիկ ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Գրասենյակի ստեղծումը, ըստ ԱԻՆ-ի, թույլ կտա սեյսմիկ պաշտպանության բնագավառում ավելի ընդլայնված գործունեություն ծավալել: Օրենքով սահմանված  իրավասությունների և գործառույթների շրջանակը կպահպանվի, բացի այդ, մինչև նախարարության կառուցվածքային փոփոխությունները «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը իր կազմում ուներ դիտակայաններ, դիտակետեր և այլ  կառույցներ, գրասենյակի ստեղծման դեպքում դրանք ևս կպահպանվեն, քանի որ գրասենյակն իր կազմում ունենալու է մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներ:

«Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և մեծ են երկրաշարժների առաջացման վտանգները, ուստի սեյսմիկ վտանգների արագ արձագանքման և օպերատիվ կառավարման տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառի լիազոր պետական մարմնի գործառույթների շրջանակը ընդլայնվի, միաժամանակ համակարգելու սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները»,- ասվում է ներկայացված նախագծում։ 

ԱԻՆ-ի համոզմամբ՝ գրասենյակն իր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով  ավելի օպերատիվ և արդյունավետ  գործունեություն իրականացնելու հնարավորություն կունենա, ուստի անհրաժեշտ է լիազոր մարմնի կազմում վարչության փոխարեն ստեղծել գրասենյակ:

Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter