HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը քննարկել է Պուտինի ու Էրդողանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը՝ հունվարի 30-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Արցախում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։ 

«Իլհամ Ալիևը շնորհավորել է ռուս գործընկերոջը՝ Աղդամի շրջանում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի բացման կապակցությամբ։ Երկու երկրների առաջնորդներն ընդգծել են, որ մոնիթորինգային կենտրոնը կծառայի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման գործընթացին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Նրանք կարևորել են նաև Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը, որով նախատեսվում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնում։

Նույն օրը Ալիևը հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը դարձյալ քննարկել են ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի հարցը։ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալիևը շնորհավորել է Էրդողանին կենտրոնի բացման կապակցությամբ՝ նշելով, որ այն կծառայի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը։

Կողմերը քննարկել են մոսկովյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում թուրքական ընկերությունների մասնակցությունը շինարարական աշխատանքներին։

Արցախում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարի բանակցությունների արդյունքում։

Նոյեմբերի 17-ին էլ Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահի հրամանի նախագծին, որով ենթադրվում էր թուրքական ստորաբաժանումների ուղարկում Ադրբեջան։ Նախատեսվում է, որ թուրք զինծառայողների հերթափոխը տեղի կունենա ամեն տարի։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter