HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջան թուրք զինվորականների ուղարկման նախագծին

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջան թուրք զինվորականների ուղարկման նախագծին, որն ավելի վաղ մեջլիս էր ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ մասին գրում է «Коммерсанть»-ը։ Նախատեսվում է, որ թուրք զինվորականները կմասնակցեն ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքներին, որը հետևելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանը։ Կենտրոնը տեղակայված է լինելու Ադրբեջանի տարածքում։

«Կենտրոնում կտեղակայվեն զինծառայողներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև քաղաքացիական մասնագետներ։ Կենտրոնի աշխատանքն ուղղված կլինի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման համատեքստում, ինչն ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ մի քանի բանաձևերում։ Ադրբեջան զինվորականների ուղարկումը նաև արտացոլում է Թուրքիայի ազգային շահերը»,- փաստաթղթի տեքստը մեջբերում է Anadolu գործակալությունը։

Համաձայն այդ փաստաթղթի՝ թուրք զինծառայողները Ադրբեջանում կկարողանան մնալ մեկ տարի ժամկետով։ Առաքելության սահմանները, թվաքանակը և ժամկետները կորոշվի Թուրքիայի նախագահի վարչակազմի կողմից։ Թե որտեղ կտեղակայվի կենտրոնը, կորոշի Բաքուն։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանի հաստատմանն էր ներկայացրել Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու մասին հրամանագրի նախագիծը։

Ավելի վաղ, Մոսկվան և Բաքուն հայտարարել էին, որ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի ստեղծումը չի ենթադրում հակամարտության գոտում թուրք զինծառայողների առկայություն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական միացյալ պարեկության կարիք չկա։ «Ինչո՞ւ հայկական կողմին սադրել շփման գծում թուրք զինծառայողների առկայությամբ։ Ես կարծում եմ, որ նախագահ Էրդողանը դա լավ հասկացել է։ Մենք այստեղ խնդիրներ չենք ունեցել»,- նշել էր Պուտինը։

Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի վերահսկողության ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հյուլուսի Աքարի առցանց բանակցությունների արդյունքում։ Ռուսական կողմը պնդում է, թե մոնիթորինգային կենտրոնը տեղակայվելու է Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռու, իսկ Լեռնային Ղարաբաղում կլինեն միայն ռուս խաղաղապահներ։

Լուսանկարը՝ Umit Bektas / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter