HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ-ն կոչ է արել պատվաստանյութը կիսել այլ երկրների հետ, իսկ Զելենսկին խոստացել է անվճար պատվաստում

Բոլոր այն երկրները, որոնք ունեն COVID-19-ի պատվաստանյութի մատակարարմանը կայուն հասանելիություն, պետք է օգնեն մյուս երկրներին՝ նրանց հետ կիսելով պատվաստանյութը։

Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը։ BBC-ի եթերում նա նշել է, որ ԱՀԿ-ն այն կարծիքին է, որ յուրաքանչյուր երկիր առաջին հերթին պետք է պատվաստի իր բուժանձնակազմին և ռիսկային խմբերի ներկայացուցիչներին, այնուհետ օգնի մյուս երկրներին։ Ըստ ԱՀԿ ներկայացուցչի՝ միայն դրանից հետո պետությունները պետք է մտածեն սեփական բնակչության ամբողջական պատվաստման մասին։ 

«Մենք խնդրում ենք երկրներին, որ երբ իրենք պատվաստում են բնակչության այդ ռիսկային խմբերին, անեն այնպես, որ հնարավորություն տան մյուս երկրներին ևս հասանելիություն ունենալ պատվաստանյութին»,- նշել է Հարիսը։ Նա կարծում է, որ նման մոտեցումը ճիշտ է ինչպես բարոյական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից։ «Կան մի քանի հետաքրքիր հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ եթե դուք ուղղակի պատվաստեք ձեր բնակչությանը, այնուհետ հանգիստ սպասեք՝ կարծելով, որ ամեն ինչ լավ է, տնտեսական տեսանկյունից այն չի աշխատի»,- հավելել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է անվճար լինի։ Այդ մասին նա հայտարարել է հունվարի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։ 

«COVID-19-ի դեմ պատվաստումներն Ուկրաինայում անվճար կլինեն։ Սա հենց այն հոգատարությունն է, այն պաշտպանությունը, որը պետք է պետությունը մատուցի քաղաքացուն համավարակի ժամանակ, որից տուժում է ողջ աշխարհը։ Չգիտեմ, թե ինչ կարժենա պատվաստանյութը մասնավոր հիվանդանոցներում, սակայն ուկրաինացիների մեծ մասի համար նման պրոֆիլակտիկան կարող է լուրջ հարված լինել գրպանին։ Իսկ COVID-19-ի դեմ պատվաստանյութն այն բանը չէ, որի հաշվին պետք է վաստակի պետությունը»,- ընդգծել է Զելենսկին։

Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովն էլ հայտարարել է, որ պատվաստումների պլանով նախատեսվում է անվճար ծառայություններ մատուցել բոլոր քաղաքացիներին, իսկ առաջինը կպատվաստվեն խոցելի խմբերի ներկայացուցիչները։

Նույն օրը՝ ավելի վաղ, Ուկրաինայի առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն հայտնել էր, որ COVAX ծրագրի շրջանակներում փետրվարին Ուկրաինան կստանա Pfizer/BioNTech պատվաստանյութի 117 հազար դեղաչափ։ Այդուհանդերձ, դեռ հունվարին իրականացված հարցումները ցույց են տվել, որ Ուկրաինայի բնակչության շուրջ 52%-ը, նույնիսկ անվճար, պատրաստ չէ կորոնավիրուսի դեմ պատվաստվել։ 

Վերջին տվյալներով՝ Ուկրաինայում հայտնաբերվել է կորոնավիրուսի շուրջ 1 միլիոն 216 հազար դեպք։ Ապաքինվել է ավելի քան 1 միլիոն 14 հազար մարդ, իսկ մահացել՝ շուրջ 22 հազար 600-ը։

Լուսանկարը՝ Վիքիպահեստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter