HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հանկարծ չհանձնեք էս դիրքը»,- վերջին անգամ ասել է Թաղավարդը պաշտպանող կամավորական Հայկ Վարդանյանը

Պրահայի Կարլի համալսարանի ասպիրանտ Հայկ Վարդանյանի ատենախոսության պաշտպանությունն այդպես էլ կիսատ մնաց։ 2020 թ. հունվարին նա Հայաստան էր եկել համավարակի պատճառով ու այդպես էլ այստեղ մնացել մինչեւ պատերազմը։ Այդ ընթացքում մեկ կիսամյակ դասավանդել էր Արցախի պետական համալսարանում։ Հայկը սովորել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, ապա կրթություն ստացել Վրաստանում։ Պրահայի Կարլի համալսարանում ուսանելը այդ ծրագրի շարունակությունն էր։

Սեպտեմբերի 27-ին հոր ու ավագ եղբոր՝ Ռաֆայելի հետ Հայկը խաղող էր հավաքում Արարատի մարզում։ Արդեն երրորդ տարին է, ինչ Վարդանյանները ծանոթ խաղողագործից խաղող են գնում՝ գինի, իսկ մնացորդից՝ օղի թորելու համար։ Այդ ժամանակ էլ իմացել են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին։

Ռաֆայելը հեռախոսին նամակ էր ստացել այն մասին, որ «ՈՄԱ»-ի («Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության) գումարտակը հավաքվում է։ Դեռ օգոստոսին նա եւ Հայկը մասնակցել էին «ՈՄԱ»-ի 10-օրյա հավաքին։ Սեպտեմբերի 27-ին Ռաֆայելը գնացել էր «ՈՄԱ», իսկ Հայկը մի փոքր ավելի ուշ էր միացել կամավորականներին, քանի որ մինչ այդ օգնում էր հորը տեղափոխել խաղողը։

«ՈՄԱ»-ում, սակայն, չէին համաձայնել, որ երկու եղբայրները ռազմաճակատում լինեն նույն վայրում։ Ռաֆայելն ասում է՝ եղբայրներով գիտակցել են, որ իրենց կամավորագրվելը որոշակի ծանրաբեռնվածություն է տան համար։ «Ես համարել եմ, որ Հայկին իրավունք չունեն արգելելու, եթե ես ինքս գնում եմ: Այսինքն՝ եթե ես համարում եմ, որ պարտք ունեմ տալու, պատասխանատվության ինչ-որ սահման կա, որ պիտի վերցնեմ ինձ վրա: Այդ դեպքում մի քիչ դժվար է ասել՝ գիտես, ես իմ պարտքն ուզում եմ տալ, բայց քեզ չեմ թողնելու»,- ասում է ավագ եղբայրը։

Երկուսն էլ Քարվաճառում են եղել, բայց տարբեր վաշտերում։ Չնայած վաշտերի միջեւ որոշակի հեռավորության կար, ամեն օր Ռաֆայելն ու Հայկը տեսել են իրար։ «Մեր խմբին պիտի տանեին Հադրութ՝ ինչ-որ օպերացիայի մասնակցելու։ Սկզբից Հայկին էլ էին գրել էդ խմբում, հետո հանեցին, որպեսզի երկու եղբոր միասին չտանեն։ Մենք մնացինք՝ սպասելու տեղափոխման հրամանին։ Երբ Հայկենք հենակետից իջան, մենք գնացինք փոխարինելու նրանց, իսկ Հայկենց տարան Կարմիր Շուկա»,- պատմում է Ռաֆայելը։

Պատերազմի մասին խոսելիս 29-ամյա Հայկ Մեսրոպյանի դեմքից զվարթությունը դանդաղ տարրալուծվում է՝ դեմքը դարձնելով սառը։ Իսկ 23-ամյա Հրաչ Սաֆարյանը լուռ է։ Նրանց հետ խոսում ենք մարտական ընկերոջ՝ Հայկի մասին։ Հ. Մեսրոպյանն ասում է, թե իրեն ու Հայկին չշփոթելու համար իրեն «Նուռ» էին ասում, իսկ Հայկին՝ «Բոյով»։ Անվանակիցները ծանոթացել էին սեպտեմբերի 29-ին՝ կամավորագրվելու օրը։ Կամավորագրվել էին նաեւ նրանց եղբայրները:

Հայկի «Նուռ» մականունը պատահական չէր: Երեւանի Վերնիսաժում նա փայտյա նռներ է վաճառում։ Երբ ռազմաճակատ էր մեկնել, հետը նռան տեսքով փոքրիկ հուշանվերներ էր վերցրել, որոնք առաջին օրերին նվիրել էր զինակից ընկերներին։ Նրանցից մեկը Հայկ Վարդանյանն էր։ «Որ նվիրեցի, ասեց՝ ի՞նչ անեմ, ասեցի՝ կախի պայուսակից, համ էլ շուտ կտարբերես»,- հիշում է Հայկը։ Հրաչը ժպտում է։

«Ես, Հայկն ու Գոռը շատ էինք խոսում, ու որ մարդիկ մեր կողքին էին լինում, հետաքրքիր էին զրույցները, լսում էին, չէին քնում։ Շատ բաներից էինք խոսում։ Ինքը Վրաստանից, Չեխիայից էր պատմում, օտարերկրացի կուրսեցիներից»,- պատմում է Հայկը։

Մարտական ընկերներն ասում են, որ Հայկին անտրամադիր չեն տեսել։ Նրա հումորն անգամ տեղն էր ամենալարված ու ծանր օրերին։

Անվանակիցներն Արցախի Թաղավարդ գյուղի ինքնապաշտպանական գծի վրա են եղել հոկտեմբերի 26-ից, սակայն տարբեր մարտական դիրքերում են գործել։ Հայկն ասում է, որ իրենց ձեռքերով են խրամատներ փորել, քանի որ այդ ժամանակ որեւէ կահավորում չկար պաշտպանական դիրքերում։ Անտառներում էլ ծուղակներ էին պատրաստել թշնամու համար՝ կանխելու վերջինիս հնարավոր ներթափանցումը։

Մեր զրույցի ժամանակ Հրաչը գրեթե լուռ է։ Գլուխն անընդհատ գետնին է հառել։

«Պատերազմի մասին դժվար է խոսելը»,- դիմում եմ նրան։

«Խոսելը դժվար չէ, վերհիշելն է ամենադժվարը։ Չես կարա չհիշես, միշտ հիշում ես։ Խոսելը հեշտ ա, բայց որ պիտի վերհիշես, էդ ա վատը»,- ասում է Հրաչը։ Հայկը նկատում է, որ Հրաչը նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին է մասնակցել, երբ դեռ ժամկետային զինծառայող էր։

Հրաչի լռությունն ավելի է խտանում, երբ հասնում ենք Հայկի վիրավորվելուն։ «Հանկարծ չհանձնեք էս դիրքը։ Սրանք Հայկի վերջին խոսքերն էին։ Էդ օրը մենակ ինքն էր վիրավորվել մեզ մոտ։ Սնարյադի պայթյունի ալիքը Հայկին թռցրել էր, վիրավորումը ոտքերից էր»,- ասում է Հրաչը։ Առաջինն ինքն ու բուժակն էին տեսել վիրավորված ընկերոջը։

Թաղավարդի այն դիրքը, որտեղ վիրավորվել է Հայկը, հիմա հայկական ուժերի վերահսկողության տակ է։ Մարտունու շրջանի այս գյուղի մի մասն անցել է թշնամուն, մնացածը շարունակում է հայկական մնալ:

Ռաֆայելը եղբոր վիրավորման լուրն իմացել է դեպքի հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ին։ «Մենք հենակետում էինք։ Ներքին կապով մեզ կապ տվեցին, որ վիրավոր կա։ Տղերքից հասկացել էին, որ Հայկն է, ես չէի հասկացել»,- նշում է Ռաֆայելը։

Լուրն իմանալուց հետո ավագ եղբայրը Երեւան էր եկել՝ Հայկին գտնելու։ Ամսի 9-ին Ռաֆայելն իմացել է, որ Հայկը Մարտունու հոսպիտալում է: Սակայն բժիշկները չեն կարողացել փրկել Հայկի կյանքը: Ռաֆայելն ասում է, որ ոտքերի վիրավորումը ծանր է եղել, բայց նաեւ նկատում է, որ, ըստ երեւույթին, եղբոր մեջքի վիրավորումն ավելի ուշ են նկատել, իսկ հոսպիտալի ճանապարհին Հայկն արյուն շատ էր կորցրել։

Մեր զրույցի այս կետում լռում ենք։ Լռությունը մռայլ ու ծանր է։

Հայկը ծնվել է 1991 թ․ սեպտեմբերի 21-ին։ «Մաման պատմում է, որ այդ օրը 6 երեխա է ծնվել։ Հետո պարզվեց, որ Հայկի ուսանողական ընկերներից մեկն էլ նույն օրն էր ծնվել»,- ասում է ավագ եղբայրը։

Հայկի մարմինն ամփոփվել է Նուբարաշենի գերեզմանատանը, որտեղ թաղված է նաեւ մայրը։ Կրտսեր որդին ժամկետային զինծառայող էր, երբ մայրը մահացավ քաղցկեղից։

«Ամեն մի պատմություն լսելիս ուզում ես, որ էս ամեն ինչը երազ լինի»,- լռությունը խախտում եմ ես։

«Հենց հնարավոր է, որ այդ վերաբերմունքն էլ մեզ անընդհատ բերում է նույն սխալի։ Պետք է գիտակցել, որ դա երազ չէ, որ հաջորդն էլ երազ չի լինելու, ու մենք պետք է պատրաստ լինենք հաջորդին»,- պատասխանում է Ռաֆայելը, քիչ անց ավելացնում, թե, ըստ երեւույթին, սպասում ենք, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն պիտի գա եւ ինչ-որ բան փոխի, ինչն արմատավորվել է պատմությունից։

«Պիտի պատրաստ լինես, որ ցանկացած պահի ցանկացած մեկը ցանկանալու է քո ունեցածը քո ձեռքից խլել։ Խոսքը հարեւանի մասին չէ, այլ այս տարածաշրջանի։ Այն այդպիսին է քաղաքականապես, աշխարհագրությամբ եւ մնացած ամեն ինչով։ Մենք պետք է կարողանանք մեր խնդիրները լուծել»,- ասում է Ռաֆայելն ու հավելում, որ պետությունն անջատ չէ մեզնից, պետությունը մենք ենք, եւ երբ այս գիտակցությունը ձեւավորվի, գուցե այդ ժամանակ պետությունն սկսի աշխատել։ «Ես մեքենայի վարորդ եմ, եթե չգիտակցեմ, որ մեքենան իմն է, ասեմ, որ այն ինձ ինչ-որ տեղ պիտի տանի, ոչ մի տեղ էլ չի տանի։ Շատ-շատ կարող է վթարի ենթարկվել։ Մեր երկիրը հիմա այդպիսի վիճակում է՝ ղեկը բռնել չցանկացող քաղաքացիների պատճառով վթարի ենթարկված մեքենա է մեր երկիրը։ Եվ շատ կարեւոր է գիտակցել, որ ղեկը մերն է»,- նկատում է Ռաֆայելը։

Առաջին լուսանկարում՝ Ռաֆայելն ու Հայկը

Մեկնաբանություններ (2)

Ռուբեն
հավերժ փառք մեր անմահ հերոսներին, և հաղթանակը մերն է լինելու,դա մեր ցանկացած անմահ հերոսների վերջին խոսքերն են,իսկ հրեշտակները չեն սխալվում!
Ոսկան
Ռաֆայելի՝ վերջին պարբերությունում արտահայտած միտքն ուղղակի փայլուն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter