HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր ազնիվ և համեստ Լևոնը»․18-ամյա Լևոն Հովհաննիսյանին այսպես են ճանաչել բոլորը

Ներքևի լուսանկարում պատկերված դաշնամուրը Լևոն Հովհաննիսյանին է։ Այդ դաշնամուրը նա իր միջոցներով գտել էր 8 տարեկան հասակում, երբ ընդամենը երեք ամիս է՝ ինչ ընդունվել էր Եղվարդի երաժշտական դպրոց։ Զանգել էր տուն և ասել՝ պապային ասե՛ք, թող շուտ գա, դաշնամուր եմ ճարել։ Արդեն մեկ ամսից ավել է՝ այդ դաշնամուրին փռված է Հայաստանի դրոշը, վրան՝ Լևոնի լուսանկարները, պատվոգրերն ու անձնական իրերը։ 18-ամյա Լևոն Հովհաննիսյանը արցախյան 2020թ․ պատերազմի նահատակներից է։

Լևոնն ընդամենը 3 ամսվա ծառայող էր, երբ Արցախում պատերազմը սկսվեց։ Նա ծառայում էր Մեխակավանում (Ջաբրայիլ)։ Նախքան ծառայության մեկնելը ԴՕՍԱԱՖ-ի միջոցով վարորդական իրավունքի վկայական էր ստացել։ Իսկ արդեն ծառայության ժամանակ մասնակցում էր վարորդական դասերի, որպեսզի հետագա ծառայությունը որպես վարորդ անցկացներ։

Լևոն Հովհաննիսյանն ապրում էր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ Միջնակարգ դպրոցին զուգահեռ սովորում էր նաև Եղվարդի երաժշտական դպրոցում, որն էլ ավարտել է գերազանցության դիպլոմով, դաշնակահար էր։ Մասնակցել է երաժշտական մի շարք մրցույթների և փառատոնների, իսկ գրանցած հաջողությունների մասին վկայում են դաշնամուրի վրա դրված պատվոգրերը։ Դպրոցում սովորելու ընթացքում նաև «Վիքիպեդիայում» հոդվածներ էր գրում, մասնակցել է նաև Վիքիճամբարներին։

Ծնողները և հարազատները Լևոնին բնութագրում են որպես համեստ, զուսպ և պատասխանտու տղայի, որը շատ էր սիրում սովորել և իր ուժերը փորձել տարբեր տեղերում։ Լևոնի տատը՝ Թամարա Հովհաննիսյանն ասում է, որ իր երազանքն է եղել թոռանը որպես ուսանող տեսնել։ Պատմում է, որ բանակ զորակոչվելուց ընդամենը մի քանի օր առաջ զանգել է իրեն և հայտնել․ «Տա՛տ ջան, երազանքդ իրականացավ, ընդունվեցի Եվրոպական համալսարան»։ Լևոնն ընտրել էր գրաֆիկ դիզայների մասնագիտությունը։ 

Լևոնն ընտանիքի ավագ զավակն էր, իրենից փոքր երկու եղբայր ունի՝ 17-ամյա Թաթուլն ու 12-ամյա Հովհաննեսը։ Ապրում էր հոր, մոր, տատի, պապի և երկու եղբայրների հետ։ Ընտանիքի անդամները չգիտեն Լևոնի զոհվելու օրը։ Սեպտեմբերի 27-ից սկսած նա պարբերաբար զանգահարել է տուն, տեղեկացրել, որ ամեն ինչ լավ է, մորը՝ Նատալյային, սկզբում ասել է, որ իրենց՝ նորակոչիկներին մարտական դիրքեր չեն տանում, սակայն հայրը՝ Արտյոմը, որը պայմանագրային զինծառայող է, գիտեր, որ որդին պատերազմի հենց առաջին օրվանից եղել է մարտի դաշտում։ Լևոնը վերջին անգամ տնեցիներին զանգել է հոկտեմբերի 14-ին և կրկին ասել, որ ամեն ինչ կարգին է։ Այդ օրվանից, պատերազմի ավարտից հետո ևս երկար ժամանակ հարազատները առանձնապես ոչ մի լուր չեն ունեցել նրանից։ Դեկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Լևոնի վաշտի զինվորներից մեկը գերի է ընկել, նա Կարմիր խաչի միջոցով կարողացել է կապվել իր հոր հետ, ասել է, որ ինքը գերեվարվել է, իսկ մյուսները հասցրել են հեռանալ։ Այդ նորությունից հետո Լևոնի ծնողները ենթադրել են, որ Լևոնը նույնպես կարող է գերեվարված լինել, և դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանին։

Դեկտեմբերի 14-ին Լևոնի հայրը, զանգ է ստացել արցախցի զինվորականներից մեկից, որի որդին նույնպես Լևոնենց վաշտից էր։ Արտյոմին ասել է, որ ցուցակներում կա Հովհաննիսյան Լևոն անուն-ազգանունով զինծառայող, որի մարմինը գտել են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) մեջտեղում գտնվող «Ձիվյատի կիլոմետր» (Девятый километр) կոչվող հատվածից։ Նրա գրպանում բանկային քարտ է եղել, և հենց այդ քարտի միջոցով էլ ճշտել են, որ այն իսկապես պատկանում է Լևոնին, և որ գտնված մարմինը հենց իրենն է։ Դեկտեմբերի 15-ին մարմինը ուղարկել են Սևանի դիահերձարան, ասել են, որ պետք է սպասել ԴՆԹ թեստի պատասխանին, սակայն Արտյոմը չի սպասել, հաջորդ օրը գնացել է Սևան։ Դատաբժիշկը նրան ցույց է տվել Լևոնի լուսանկարները, Արտյոմը միանգամից ճանաչել է որդուն, բացի այդ, նրա ձեռքին ժամացույց է եղել, որը նա ստացել էր զինկոմիսարիատում բանակ զորակոչվելու օրը։ Այդ ժամացույցը, բանկային քարտի հետ նույնպես դրված են նրա դաշնամուրի վրա։

Լևոնին հուղարկավորել են դեկտեմբերի 19-ին՝ իր ծննդյան օրը, Եղվարդի քաղաքային գերեզմանատանը։ Հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման 29-ամյակի օրը, նրա քառասունքն էր։

Վերադառնալով Լևոնի քաղաքացիական կյանքին՝ մայրը՝ Նատալյան, պատմում է, որ զորակոչվելուց մի քանի օր առաջ Լևոնը մեկուսացել էր, տանից հազվադեպ էր դուրս գալիս, անընդհատ գրքեր էր կարդում, ֆիլմեր էր դիտում և դաշնամուր նվագում։

Թամարա Հովհաննիսյան էլ թոռան մեջ ընդգծում է պարտաճանաչությունը՝ ասելով, որ երբեք ոչ մի բանից չէր ուշանում, իսկ եթե օրինակ՝ գիշերը ուշ էր տուն գալու, զանգում նախապես տեղյակ էր պահում։ Բանակ գնալուց առաջ ընկերոջ հետ, որն աշխատում էր հայկական հեռուստաընկերություններից մեկում, մասնակցում էր սիթքոմերի նկարահանումներին, բացի այդ  երկու ընկերներով նաև տարբեր հանդիսություններ էին նկարահանում։ 

«18 տարիների ընթացքում Լևոնը հասցրեց իր տաղանդով, ընկերասիրությամբ, մաքրությամբ և կոկիկությամբ շատ մեծ հարգանք ձեռք բերել։ Նա իր բնավորությամբ այնքան ազնիվ ու խոնարհ էր, որ նրա մասին ոչ մի վատ բան ո՛չ հասցրինք լսել, ո՛չ էլ տեսնել։ Սրա մասին ասում եմ ոչ թե որպես նրա հոր ընկեր, այլ սրա մասին տեղյակ է ամբողջ Եղվարդի հասարակությունը»,- պատմում է Լևոնի հոր ընկերը՝ Ջիվանը։

18-ամյա Լևոն Հովհաննիսյանը մեկն էր այն եղվարդցիներից, որոնք զոհվեցին պատերազմում։ Ընդհանուր առմամբ, 44-օրյա պատերազմի ընթացքում Եղվարդ քաղաքը 9 զոհ տվեց, 2 հոգի էլ մինչև այժմ համարվում է անհայտ կորած։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter