HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Խորհրդարանական լսումներ․ «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն»

«Աշխարհի առաջատար եւ ֆինանսապես հարուստ ընկերություններն այլեւս նավթագազային ընկերությունները չեն, այլ այն ընկերություններն են, որոնք արբանյակներ են բարձրացնում տիեզերք, տեխնոլոգիաներ են տրամադրում մարդկանց սոցիալական շփման համար, զբաղվում են նյութագիտությամբ, ֆիզիկայով։ Աշխարհը փոխվում է շատ արագ եւ դրա հիմքում ընկած է գիտատեխնիկական առաջընթացը», - «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նախարարի խոսքով՝ այս ամենը բերում է անվտանգության համակարգերի կտրուկ փոփոխությունների, եւ դրանք չտեսնելն ու որպես զարգացման ուղենիշ չորդեգրելը կարող է բերել ողբերգական հետեւանքների։ Ըստ նախարարի՝ կա կարիք ինստիտուցիոնալ կոոորդինացիայի, եւ առաջնահերթության դիտարկման ու նոր սանդղակների առաջ քաշման։ Նա կարեւորեց ԳԱԱ-ի դերը, որտեղ պետք է իրականացվեն համակարգված աշխատանքներ եւ կարողությունների առանջահերթության վերհանում։

Ռազմական արդյունավետության մասին խոսելով՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում 2,5 անգամ ավելացել է պետբյուջեից գիտահետազոտական եւ փորձարարական աշխատանքների համար նախատեսված  գումարների չափը։ 

Իսկ բարձր արդյունաբերական երկիր ունենալու համար պետք է առաջնորդվել նաեւ ռեսուրսների տրամադրման ճիշտ կառուցվածք ունենալով։

Խոսքը եզրափակելով նախարարը նշեց, որ պետք է անել առավելագույնը եւ ներդնել գիտական ներուժը ուժեղ արդյունաբերություն ստեղծելու ուղղությամբ։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր ելույթում նշեց, որ անելիքներն ու մտքերը պետք է լինեն հստակ։ Նշեց, որ գիտությունը պետք է լինի բանակի հետ։ «Մենք ֆիզիկայի բնագավառում փայլուն գիտնականներ ունենք, դրսում արժեքներ ստեղծող, բայց նրանց պետք է տեղափոխել Հայաստան, կարեւոր չէ, նա Լոնդոնում է, թե ԱՄՆ-ում, նա օրգանապես պետք է կապված լինի մեր անվտանգության համակարգի հետ, իսկ դրա պատվիրատուն պետք է լինի ՊՆ-ն։ Պաշտպանության նախարարությունը պետք է պատվերներ իջեցնի», - նշեց Քոչարյանը։ Նրա խոսքով՝ առաջնահերությունը պետք է դնել ինտելեկտները դեպի բանակ բերելու վրա։

Պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ համալսարաններում բնագիտության ֆակուլտետների նկատմամբ պետք է բարձրացնել ուշադրությունը, եւ բարձրացնել գիտնականի արժեքը։ «Արժեւորված եւ արդյունք ստեղծող գիտնականը ուժեղ պետության գրավականն է, առանց դրա չենք կարող», - նշեց պատգամավորը։ Ըստ նրա՝  առայսօր որպես մատուցվող հերոսի, գիտնականին տարբեր ֆիլմերում, սերիալներում կերպարանավորել են որպես խեղճ մարդու, որն իր հոգեբանական ազդեցությունն է թողել երիտասարդների վրա։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահը ավելացրեց նաեւ, որ Հանրային հեռուստատեսության հետ քննարկում է եղել՝ ստեղծելու հաղորդում, որտեղ կներկայացվի գիտնականներին եւ նրանց աշխատանքը։ Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է ճիշտ հարցեր բարձրացել եւ դրանց տալ հստակ լուծումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter