HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահագն Վերմիշյան․ «Ինձ զգուշացնում էին, որ վաղ թե ուշ գլխիս մի բան սարքելու են և սարքեցին»

«Սա ինձ իմ գործառույթներից դուրս բերելու հաջողված փորձ էր։ Եթե հետևել եք Կառավարության  նիստերին, ամբողջ երկուսուկես, գրեթե երեք տարվա ընթացքում ես միակ ներկայացուցիչն եմ եղել, որ հակառակ կարծիք եմ հայտնել վարչապետի աթոռը զբաղեցնող անձին։ Ինձ զգուշացնում էին, որ վաղ թե ուշ գլխիս մի բան սարքելու են և սարքեցին»,- այս մասին այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատական նիստի ընթացքում հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը։

Հիշեցնենք, որ արդեն շուրջ մեկ տարի անազատության մեջ գտնվող Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և խարդախություն կատարելու մեջ։ Գործն արդեն դատարանում է՝  դատաքննության նախապատրաստելու փուլում, որի ընթացքում դատարանն անդրադառնում է մեղադրյալների նկատմամբ ընտրված  խափանման միջոցի հիմնավորվածության հարցին, և այսօրվա դատական նիստին քննարկման առարկա դարձավ Վերմիշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, անփոփոխ թողնելու կամ նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցը։

Վերմիշյանի պաշտպան Էդգար Արամյանը դիրքորոշում հայտնեց, որ նրան կալանքի տակ պահելու հիմք չկա, առկա չէ նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու կամ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկ, իսկ դատախազը պնդեց, որ Վերմիշյանը պետք է մնա կալանքի տակ։

Դատավարության մասնակիցներից ամենից ծավալուն խոսքը Վերմիշյանինն էր։ Նա տևական  ժամանակ, երբեմն անգամ շեղվելով քննարկվող հարցի շրջանակներից, փորձում էր դատարանին բացատրել իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։

«Ես այս ընթացքում կտտանքների եմ ենթարկվել․ առանձին, մի տեղանոց խցում երբ հացադուլ էի հայտարարել, պարոն Ավետիսյանն, ով «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավար էր նշանակվել, երկու օր գոլ  ջուր անգամ չէր տալիս։ Հայ մարդը հայ մարդուն ջուր չի տալիս։ Փառք Աստծո, Թումանյան ազգանունով լոռեցի մի տղա հայտնվեց, ով ջուր տվեց ինձ»,- ասաց Վահագն Վերմիշյանը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընդհատեց Վերմիշյանին ու փորձեց պարզել, թե արդյոք այս հայտարարությունը նախկինում արվել է, քննության առարկա դարձել է, թե՞ ոչ։ Պարզվեց, որ նախկինում նման հայտարարություն Վերմիշյանը չի արել։ Դատավորը նաև հետաքրքրվեց՝ արդյոք կտտանքներ ասելով՝ մեղադրյալը նկատի ունի, որ իր նկատմամբ  ֆիզիկական բռնություն է եղել։ Վերմիշյանը պատասխանեց, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի եղել, ուղղակի ինքը փորձում է բացատրել, թե ինչպիսի վերաբերմունք է եղել իր նկատմամբ։

Վերմիշյանը նաև հիշեց, որ իր և Նիկոլ Փաշինյանի միջև «հողեր հանձնելու» մասին խոսակցություն է եղել։

«Պարո՛ն Վերմիշյան, ինչի՞ց եք ենթադրում, որ ես հողեր եմ հանձնելու»,- ըստ Վերմիշյանի՝ իրեն հարցրել է Նիկոլ Փաշինյանը։ Վերմիշյանը չցանկացավ ասել, թե ինչ պատասխան է տվել Փաշինյանին, միայն նշեց, որ կոշտ պատասխան է տվել։ Հետո հիշեց, որ Կառավարությունից իրեն առաջարկել են նաև Մյասնիկյանի արձանը տեղափոխել այլ վայր ու դրա տեղում Մարտի 1-ի հուշարձան կառուցել, ինչին եւս կոշտ պատասխան է տվել։

Վերմիշյանը հայտարարեց, որ ինքը լռելու ցանկություն չի ունեցել և Հայաստան է եկել իր ոլորտում կարգուկանոն հաստատելու համար։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Վերադառնալով՝ հրապարակեց որոշում, ըստ որի՝ Վերմիշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter