HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փոխվարչապետ․ «Վերջին 3 օրվա ընթացքում Հայաստանից մեկնել է 3900 մարդ, եկել՝ 3400-ը»

Փետրվարի 1-ից մեկնարկել է «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» ծրագիրը։ Կառավարության հերթական նիստի ընթացքում, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ ծրագիրը հաջողությամբ գործարկվել է։

«Ընդամենը 7 քաղաքացու դեպքում է մեկնելու խոչընդոտ առաջացել, դրանք տեխնիկական բնույթի են եղել։ Կարևոր է արձանագրել, որ Հայաստան եկողների շատ մեծ թիվ կա, սա նույնպես կարևոր տնտեսական գործոն է, որովհետև, ըստ էության, նախորդ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հայրենակիցներ ունենք, ովքեր ցանկացել են գալ Հայաստան և հնարավորություն չեն ունեցել։ Հիմա, երբ հստակ մեխանիզմն արձանագրված է, սպասվում է, որ շատերը, հարազատներին այցելելու նպատակով, կժամանեն Հայաստան, ինչը որոշակի ճանապարհ է բացում նաև տուրիզմի ակտիվացման համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ ճամփորդելու այն մոդելը, որի շուրջ պայմանավորվել էին Ռուսաստանի և Բելառուսի հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր։

«Երեկվա ՌԴ կառավարության որոշմամբ, կարծում եմ, այլևս այդ մեկամսյա խնդիրը դուրս է եկել, և փետրվարի 15-ից ունենալու ենք օրական 4 կանոնավոր չվերթ՝ 2 ուղղությամբ։ Վերջին 3 օրվա ընթացքում Հայաստանից օդային ուղիներով մեկնել է 3900 մարդ, եկել է Հայաստան 3400 մարդ։ Հայկական անձնագրերով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով Հայաստան ժամանածներինը՝ 1263»,- հայտնեց փոխվարչապետը։

Անդրադառնալով այն 7 քաղաքացիներին, որոնք խնդիրներ են ունեցել՝ Մհեր Գրիգորյանը նշեց, որ վերջիններս Ռուսաստան են մեկնել QR կոդի թղթային տարբերակով, ինչը կասկածներ է առաջացրել ՌԴ սահմանապահների մոտ։

Փոխվարչապետն արձանագրեց, որ դա կապ չունի հավելվածի աշխատանքի հետ։ Հավելվածի միակ խնդիրը երեխաների տվյալների համալրումն էր։

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ թեստավորումը պետք է իրականացվի հավատարմագրված լաբորատորիաներում։

Հավելելով վարչապետի խոսքը՝ առողջապահության նախարարը հայտնեց, որ ծրագիրը մեկնարկել էր 2 լաբորատորիաների ներգրավմամբ, այժմ դրանց միացել է ևս 6-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter