HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

750 մլն դոլար և թռիչքաձև աճող պետական պարտք

Հայաստանը 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում: Գործարքը տեղի է ունեցել հունվարի 26-ին: Կառավարության այսօրվա՝ փետրվարի 4-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գումարը ներգրավվել է նպաստավոր տոկոսադրույքով՝ տեղաբաշխման 3.8%  եկամտաբերությամբ, 10 տարի մարման ժամկետով:

Ավելի պարզ՝ Հայաստանի արտաքին պետական պարտքն  ավելացել է ևս 750 մլն դոլարով, ինչը պետական պարտքն ավելի է մոտեցնում  9 մլրդ դոլարի շեմին:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ վստահեցրեց, որ սա պահի տակ կայացրած որոշում չէ, այլ պլանավորվել է դեռևս 2021 թվականի բյուջեն կազմելիս:

Ընդ որում՝ թե՛ վարչապետի, թե՛ Ֆինանսների նախարարի խոսքից կարելի էր ենթադրել, որ սա Հայաստանի համար ամենահաջող ֆինանսական գործարքներից է, քանի որ առաջարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը մի քանի անգամ ավելի մեծ է եղել՝ մոտ 3 մլրդ դոլար, քան առաջարկն է: Ինչպես նաև՝ տոկոսադրույքն է նպաստավոր: Սա հիմք է տվել ենթադրելու, որ Հայաստանն արտաքին աշխարհի համար վստահելի գործընկեր է համարվում: 

Մինչդեռ, սա արտաքին աշխարհից ներգրավված պարտք է, որով պետական պարտքի բեռն  աճում է: Իսկ դա նշանակում է, որ եկող տարիներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվելու այն սպասարկելու համար: Մյուս կողմից էլ՝ քանի դեռ Հայաստանի պետական բյուջեն դեֆիցիտով է՝ ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, պարտքը շարունակելու է աճել: 

2020-ին Հայաստանի պետական պարտքն աճել է 647 մլն դոլարով

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2020 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 968 մլն դոլար: Տարվա ընթացքում, այսինքն՝ 2019 թվականի վերջի համեմատ, այն աճել է 647 մլն դոլարով կամ 8.8%-ով: 

Հայաստանի արտաքին պարտքը 2020-ի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 53 մլն դոլար՝ տարվա ընթացքում աճելով մոտ 269 մլն դոլարով կամ 4.6%-ով: 

Իսկ ներքին պարտքը կազմել է 1 մլրդ 915 մլն դոլար՝ ավելանալով մոտ 379 մլն դոլարով կամ 24.6%-ով:

Երբ պարտքի ցուցանիշները դիտարկում ենք դրամային արտահայտությամբ, ապա տեսնում ենք, որ աճն անհամեմատ ավելի մեծ է: Պատճառը դրամի արժեզրկումն է դոլարի նկատմամբ: Երբ դոլարը թանկանում է, պարտքը մեխանիկորեն մեծանում է։ Հայաստանը պետական բյուջեից ստիպված է լինում ավելի շատ դրամ տրամադրել այն դոլարով մարելու կամ սպասարկելու համար։ Այլ խոսքով՝ դոլարի թանկացումն ավելի է ծանրացրել Հայաստանի պետական պարտքը: 

Համեմատության համար նշենք, որ դրամով պետական պարտքը 2020-ի դեկտեմբերի վերջին կազմել է 4 տրլն 164 մլրդ դրամ՝ տարվա ընթացքում աճելով 18.6%-ով: Ընդ որում ՝ արտաքին պարտքը կազմել է 3 տրլն 163 մլրդ դրամ՝ աճելով 14%-ով: Ներքին պարտքը կազմել է 1 տրլն դրամ՝ աճելով 35.8%-ով:

Պետական պարտքի հաշվարկների համար 2020 թվականի դեկտեմբերի վերջին հիմք է ընդունվել 522.59 դրամ/դոլար փոխարժեքն այն պարագայում, երբ 2019-ի նույն ժամանակահատվածում այն կազմել է ընդամենը 479.7 դրամ:

Վերջին 10 տարիներին Հայաստանի պետական պարտքը (2020 թվականի վերջում 2010 թվականի վերջի համեմատ) 2.1 անգամ աճել է: 2021 թվականի պետական բյուջեն նախագծելիս Ֆինանսների նախարարությունը կանխատեսել է, որ այս տարվա վերջում պետական պարտքը հատելու է 9 մլրդ դոլարի շեմը։ 

Տարիների ընթացքում աճել է նաև ՀՆԱ-ի և պետական պարտքի հարաբերակցությունը։ Ընդ որում՝ 2020 թվականին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը մոտեցել է «վտանգավոր շեմին»։ Ինչպես բազմիցս առիթ ենք ունեցել մեջբերելու, «Պետական պարտքի մասին» օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է։ Այսինքն, երբ կառավարության պարտքը գերազանցում է տվյալ տարվա ՀՆԱ-ի 60%-ը, կառավարությունը պարտավորվում է հստակ սահմանափակումների գնալ հարկաբյուջետային պլանավորման ժամանակ:

Շեշտենք, որ օրենքի այս շեմը վերաբերում է ոչ թե ընդհանուր պետական պարտքին, այլ՝ միայն Կառավարության պարտքին, քանի որ արտաքին պարտքի մի հատվածը Կենտրոնական բանկի պարտքն է։ Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերին 7 մլրդ 968 մլն դոլարից միայն մոտ 460 մլն դոլարն է ԿԲ-ի պարտքը, մնացած 7 մլրդ 508 մլն դոլարը կառավարության պարտքն է։

Թեև 2020 թվականի ՀՆԱ-ի տվյալները դեռևս չեն ամփոփվել, Ֆինանսների նախարարության կանխատեսումների համաձայն՝ տարվա արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կգերազանցի 60%-ի շեմը։ «Սպասվում է, որ COIVID-19 համավարակի պատճառով ծագած բացառիկ դեպքով պայմանավորված 2020 թվականին ՀՀ կառավարության պարտքի բեռը կգերազանցի ՀՆԱ-ում 60% սահմանային շեմը, որի պայմաններում կառավարությունը պետք է ծրագրավորի հարկաբյուջետային կոնսոլիդացիա և նվազեցնի պարտքի բեռը այդ շեմային ցուցանիշից»,- նշված է 2021-ի բյուջեի ուղերձում։

Նշենք, որ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2019թ. վերջին կազմել է 49.9%։ Վերջին 20 տարում ՝ 2000 թվականից սկսած, կառավարության պարտք/ՀՆԱ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2017 թվականին՝ հասնելով 53.7%-ի։

Եթե, ըստ կանխատեսումների, 2020 թվականին այդ ցուցանիշը հատելու է 60%-ը, ապա կարելի է պնդել, որ 2020-ը նոր հակառեկորդի տարի է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter