HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արցախում վարելահողերի կորստի պատճառով գյուղատնտեսության պետական աջակցության նոր ծրագիր է մշակվել

Արցախի Հանրապետությունում ցանքատարածությունների և Հայաստան ներկրվող հացահատիկի և հատիկաընդեղենի ծավալների կրճատմամբ պայմանավորված՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, որով ցանկանում է խթանել հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրությունը։

Պետական աջակցության համապատասխան ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ 2019 թվականին պաշտոնական տվյալներով՝ Արցախում հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հեկտար և Արցախից Հայաստան է ներկրվել 40 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն:

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի կորսված տարածքներով պայմանավորված՝ վարելահողերը կրճատվել են, և 2021 թվականին հնարավոր չի լինի ապահովել դեպի Հայաստանի Հանրապետություն արտահանման ծավալները։ Միևնույն ժամանակ, էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի սահմանամերձ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով, 2021 թվականին կլինի նաև անասնակերի ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել պարենամթերքի ինքնաբավության մակարդակը և նպաստել անասնակերի արտադրության ծավալների ավելացմանը։

Այս նախագծով առաջարկվում է Հայաստանի բոլոր մարզերում 1-20 հա մակերեսով գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, առվույտի և կորնգանի, ինչպես նաև 0.5-20 հա լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի  էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված և ախտահանված սերմերի վաճառքի գնի տարբերակված սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի էկոնոմիկայի նախարարությունը։

Եթե Կառավարությունը հավանություն տա նախագծին, ապա նախարարության հաշվարկներով՝ այն կնպաս­տի Հայաստանում շուրջ 24,3 հազար հա գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի ցանքատարածությունների ապահովմանը, բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ մինչև 30 %-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter