
Ում է պարտք Հայաստանը. 2020-ի «պարտատերերը»
Հայաստանի ամենախոշոր վարկատուն մնում է Համաշխարհային բանկը, որին 2020 թվականի տարեվերջի տվյալներով բաժին է ընկնում Հայաստանի արտաքին վարկերի 38.3%-ը:
2020 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 968.5 մլն դոլար: Սրանից 4 մլրդ 665 մլն դոլարը Կառավարության արտաքին վարկերն են, մնացածը՝ ներքին պարտքն է ու Կենտրոնական բանկի պարտքը:
Հայաստանն արտաքին վարկերը ստանում է միջազգային կազմակերպություններից ու օտարերկրյա պետություններից:
Հայաստանի խոշորագույն վարկատուն կամ պարզապես պարտատերը, Համաշխարհային բանկն (ՀԲ) է: ՀԲ-ի կազմում գտնվող երկու կառույցներին՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (ՎԶՄԲ) և Զարգացման միջազգային ընկերակցությանը (ԶՄԸ) ունեցած պարտքը 2020 թվականին կազմել է Հայաստանի արտաքին վարկերի 38.3%-ը:
Հաջորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) է, որին բաժին է ընկնում արտաքին վարկերի 16.6%-ը:
Խոշոր վարկատուներից Է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)՝ 7.7%:
Իսկ օտարերկրյա պետությունների շարքում խոշոր վարկատուներն են Ռուսաստանը, Գերմանիան ու Ճապոնիան:
Այս գրաֆիկում առավել մանրամասն ներկայացված է Հայաստանի արտաքին վարկերի կառուցվածքը՝ ըստ վարկատու կազմակերպությունների ու պետությունների: Կառուցվածքը ներկայացված է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին գրանցված տվյալների համաձայն:
Այսպիսով, 2020 թվականի վերջի տվյալներով՝ Հայաստանի արտաքին վարկերի 77%-ը միջազգային կազմակերպություններից ստացված վարկերն են, մոտ 22.6%-ը՝ օտարերկրյա պետություններից և 0.4%-ը՝ առևտրային բանկերից:
Մեկնաբանել