HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բագարանի խմելու ջրի ծրագիրը չի իրականացվել համայնքի ֆինանսական դժվարությունների պատճառով

Արդեն երկու տարի է՝ Արմավիրի մարզի Բագարան համայնքում խոսում են խմելու ջրի նոր ցանց կառուցելու և համայնքը հոսող ջրով ապահովելու մասին: Նույնիսկ սուբվենցիոն ծրագրով հայտ է ներկայացվել, ծրագիրն արժանացել է հավանության: Սակայն, տարիներ շարունակ խոսակցություններն ու ծրագրերն այդպես էլ իրականություն չեն դառնում:

Արմավիրի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ 2020թ. ընթացքում հավանության արժանացած մարզի 3 սուբվենցիոն ծրագիր չեղարկվել է համայնքների ղեկավարների գրությունների հիման վրա: Այդ ծրագրերից մեկն էլ Բագարան համայնքի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում է:

Մարզպետարանի փոխանցմամբ՝ ծրագիրը չի իրականացվել համայնքի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Նշենք, որ Բագարանի խմելու ջրի ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմում է շուրջ 233.3 մլն դրամ: 2020թ. համար ծրագրի բյուջեն կազմել է 106.5 մլն դրամ, որից պետական բյուջեի մասնաբաժինը 70% է՝ 74 մլն 540 հազար դրամ, համայնքի մասնաբաժինը՝ 30%՝ 31 մլն 946 հազար դրամ:

Համայնքում խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագիրը պետք է իրականացվեր երկու փուլով՝ 2020-2021թթ. ընթացքում: Առաջին փուլը պետք է ընդգրկեր աղբյուրակապի և դրանից սնուցվող ջրագծի, իսկ երկրորդը՝ ջրամատակարարման ցանցի և մուտքագծերի կառուցումը:

Ծրագիրն իրականություն դառնալու դեպքում շուրջ 160 տնտեսություն կապահովվի որակյալ, սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան խմելաջրով:

Բագարանի խմելու ջրի ներքին ցանցը տարիների ընթացքում այնքան է մաշվել, որ դարձել է օգտագործման համար ոչ պիտանի: Այդ է պատճառը, որ համայնքում կառուցվում է ամբողջովին նոր ջրագիծ և ներքին ցանց:

Հիշեցնենք, «Հետքն» անդրադարձել է Բագարան համայնքի խմելու ջրի թեմային: Գրել էինք, որ բագարանցիները խմելու ջուրը տարաներով տանում են «Գորտի աղբյուր» կոչվող վայրից: Իսկ լողանալու կամ ամանները լվանալու, կենցաղում օգտագործելու համար օգտագործում են առվի ջուրը:

Բագարանցիները կենցաղում օգտագործում են նույնիսկ գետի ջրերը: Մի քանի հարևաններով գետի ջուրը խողովակներով բերում են իրենց բակեր և պոմպի միջոցով աշխատեցնում են ջրատաքացուցիչները, որ գոնե կարողանան լողանալ: Սակայն, ջրատաքացուցիչները կարողանում են տարվա ընթացքում մի քանի ամիս օգտագործել: Ձյան կամ անձրևի ջրերը պղտորում են գետը, և այդ ջուրը օգտագործել հնարավոր չէ:

Բագարանի համայնքապետ Գևորգ Մարգարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի օր առաջ դարձյալ դիմել է մարզպետարան համայնքի խմելու ջրի ծրագիրը կյանքի կոչելու նպատակով: Համայնքապետի խոսքերով՝ կորոնավիրուսի և 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով ֆինանսական դժվարություններ են ունեցել և չեն կարողացել ծրագիրն իրականացնել:

«Բայց արդեն առաջին փուլի գումարն ունենք: Նորից դիմել եմ՝ ծրագիրն իրականացնելու համար: Սպասում ենք պատասխանին»,- ասաց Բագարանի համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter