HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Տասը տարի անց գերհարստացված ուրանի գործը նորից դատարանում է

Տասը տարի առաջ ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության և գերհարստացված ուրանի մաքսանենգությանն օժանդակելու համար դատապարտված Գարիկ Դադայանի գործը նորից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2018 թ. սեպտեմբերին վճիռ է հրապարակել, ըստ որի՝ Հայաստանը խախտել է Գարիկ Դադայանի արդար դատաքննության իրավունքը։ ՄԻԵԴ-ը դիրքորոշում է հայտնել, որ Գ. Դադայանի դեմ երկու առանցքային ցուցմունքները չէին կարող դրվել նրա մեղադրական դատավճռի հիմքում և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Գ. Դադայանին 3400 եվրո փոխհատուցում վճարել։

ՄԻԵԴ-ի վճռից հետո Դադայանը նոր հանգամանքի հիմքով դիմել է Վճռաբեկ դատարան: Դատարանը բեկանել է նրա վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. մայիսի 25-ի կայացրած դատավճիռը, և գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։  

                                            Գործի նախապատմությունը

2010թ. մարտին Վրաստանի իրավապահները միջուկային նյութի մաքսանենգություն կատարելու կասկածանքով ձերբակալել են Հայաստանի քաղաքացիներ, ֆիզիկոս Հրանտ Օհանյանին և գործարար Սումբատ Տոնոյանին։ Ըստ քրգործի՝ վերջիններս 17 գրամ բարձր հարստացման (89.4%) ուրանը Երևան-Թբիլիսի գնացքով տեղափոխել են Վրաստանի մայրաքաղաք՝ նպատակ ունենալով այն վաճառել մի անձնավորության, որը ներկայացել է որպես «միջուկային նյութով հետաքրքրված լուրջ կազմակերպության անդամ»: Սակայն, իրականում, վերջինս եղել է վրացական հատուկ ծառայությունների գործակալ: Երբ հայազգի գործարարն ու ֆիզիկոսը հյուրանոցում «գնորդին», իբրև նմուշ, ներկայացրել են հիշյալ 17 գրամ ուրանը, իրավապահները նրանց ձերբակալել են։

Տոնոյանն ու Օհանյանը Վրաստանում քննվող քրեական գործով հայտնել են, որ ուրանը ձեռք են բերել Գարիկ Դադայանից, ով, ի դեպ, նախկինում դատապարտված է եղել գերհարստացված ուրանի մաքսանենգության համար։ Վերը նշված դեպքի առթիվ Հայաստանում ևս քննություն է սկսվել: Ազգային անվտանգության ծառայությունը Դադայանին մեղադրանք է առաջադրել ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության և գերհարստացված ուրանի մաքսանենգությանն օժանդակելու հոդվածներով։

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է միայն Գ. Դադայանի վերաբերյալ քրեական գործը, իսկ Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի վերաբերյալ գործն, ինչպես նշեցինք, քննվել է Վրաստանում: Վերջիններս դատապարտվել են համապատասխանաբար 14 և 13 տարվա ազատազրկման, իսկ Հայաստանում քննվող գործով Դադայանը մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող արարքներում ու դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման։ ՀՀ Նախագահի՝ 2015 թվականի սեպտեմբերի 24-ի հրամանագրով Գ. Դադայանին շնորհվել է ներում, նշանակված պատժաչափը կրճատվել է 1 տարի ժամկետով և թողնվել է կրելու ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով: 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Գ. Դադայանն ազատ է արձակվել՝ կրելով նշանակված պատիժը: Նշենք, որ Դադայանն ազատամարտիկ է՝ ծնունդով ԼՂՀ Ասկերանի շրջանի Բալուջա գյուղից է, հայտնի է «Հաչաբաշ» մականունով: Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Բալուջայի վաշտի հրամանատարը, արժանացել տարբեր պարգևների, այդ թվում' Շուշիի ազատագրման շքանշանի։

Գարիկ Դադայանը զրկվել է իր դեմ վկայած անձանց հարցեր տալու իրավունքից

Գ. Դադայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատարանում զրկված է եղել իր դեմ ցուցմունք տված անձանց՝ Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի հակընդդեմ հարցման իրավունքից։

Մեզ հետ զրույցում Դադայանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասաց, որ ըստ քրեական գործի, գերհարստացված ուրանը պաշտպանիչ տարայի մեջ չի եղել: Նման պայմաններում, ըստ փաստաբանի, այն պետք է հայտնաբերվեր սահմանային հսկիչ սարքերի միջոցով։ Տարիներ առաջ՝ գործի քննության ընթացքում, պաշտպանը հարցում է կատարել և փորձել պարզել, թե այն ժամանակ երբ, ըստ քրեական գործի, ուրանը Հայաստանից տեղափոխվել է Վրաստան, հայկական և վրացական սահմանին տեղադրված սարքերն աշխատե՞լ են: Նրան պատասխանել են, որ սարքերն աշխատել են, եթե ծխախոտի տուփի մեջ, առանց պաշտպանիչ տարայի, գերհարստացված ուրան տեղափոխվեր, չէր կարող չհայտնաբերվել։

Փաստացի, Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի՝ Վրաստանում տված ցուցմունքները հակասել են Գ. Դադայանի գործով ձեռք բերված այս տվյալին։ Դատարանում գործի քննության ընթացքում հայկական կողմը իրավական օգնություն ստանալու միջնորդությամբ դիմել է Վրաստանին, որպեսզի այնտեղից Ս. Տոնոյանն ու Հ. Օհանյանը հարցաքննվելու նպատակով տեղափոխվեն Հայաստան, սակայն վրացական կողմից մերժել է միջնորդությունը՝ չնայած միջազգային, ինչպես նաև հայ-վրացական պայմանագրով ստանձնած պարտավորություններին։

Կարեն Սարդարյանն ասում է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը, փաստացի, գործով առանցքային վկաներին հարցաքննելու վերաբերյալ իրենց միջնորդությունը հիմնավոր է համարել, բայց նրանց հարցաքննելու անհնարինությունը մեկնաբանել է ի վնաս պաշտպանական կողմի և Գ. Դադայանի վերաբերյալ այդ անձանց՝ Վրաստանում տված ցուցմունքների հիման վրա մեղադրական դատավճիռ է կայացրել։

ՄԻԵԴ-ը Գ. Դադայանի գործով վճռում փաստել է, որ թեև մարզային դատարանը մեղադրական դատավճռի հիմքում այլ ապացույցներ ևս դրել է, սակայն Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի ցուցմունքներն են եղել միակ և վճռորոշ ապացույցները, որով դատարանը եզրահանգել է, որ Գ. Դադայանը գերհարստացված ուրան է տվել Վրաստանում դատապարտված անձանց։

Այսպիսով, Եվրոպական դատարանը եկել է եզրահանգման, որ հայկական կողմը իրավունքի խախտում է թույլ տվել, երբ առանց հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելու՝ Դադայանի և Տոնոյանի ցուցմունքները դրել է մեղադրական դատավճռի հիմքում։ Բացի այդ, դատարանը նաև վրացական կողմի խախտումն է արձանագրել՝ կապված վկաներին հարցաքննելու նպատակով չհանձնելու հանգամանքի հետ։ Ստացվում է, որ թեև Գ. Դադայանն ընդդեմ Հայաստանի է դիմել ՄԻԵԴ, սակայն Եվրոպական դատարանը նրա բողոքի հիման վրա, իրավունքի խախտման փաստ է արձանագրել երկու պետությունների համար։

Մեկ տարուց ավելի բեկանումից հետո գործն ուղարկվել է նոր քննության

Գ. Դադայանի վերաբերյալ քրեական գործը  2019թ. նոյեմբերին ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության և քննվում է դատավոր Զոյա Զաքինյանի վարույթում: Սակայն, մեկ տարուց ավելի է՝ քննությունը չի սկսվել։

Դադայանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասում է, որ դրանում դատավորի մեղավորությունը չկա։ Սկզբից իրենք են միջնորդել, որպեսզի մի քանի ամիս ուշ սկսվի գործի քննությունը, որովհետև Դադայանը բուժման նպատակով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, վիրահատվել էր։ Նրա մշտական բնակության վայրն Արցախում է, երբ վերադարձել է ՌԴ-ից մեկնել է Արցախ, մի քանի անգամ դատական նիստերին մասնակցելու համար ստիպված է եղել գալ Երևան, ապա՝ Տավուշի մարզի Բերդ քաղաք, որտեղ քննվում է գործը, սակայն հասնելով դատարան՝ պարզել են, որ դատախազը չի ներկայացել։

Կ. Սարդարյանը հայտնեց, որ դատախազը ո՛չ դատարանին, ո՛չ իրենց չէր զգուշացնում չներկայանալու մասին կամ դատական նիստից միայն 5 րոպե առաջ էր զգուշացնում դատարանին։ Երբ մի քանի անգամ դատախազը նման վարքագիծ է դրսևորել, պաշտպանական կողմը դիմել է Գլխավոր դատախազություն՝ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով, սակայն դատախազությունը դատախազի վարքագծում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չի տեսել։ Հատկանշական է, որ չնայած դատախազը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել՝ իրենց դիմումից հետո գործում այլ դատախազ է ներգրավվել։

Կ. Սարդարյանը պնդում է, որ դատախազությունը պետք է հրաժարվի Գարիկ Դադայանի մեղադրանքից, քանի որ այն ակնհայտ անհիմն է, և իրավապահ համակարգի այսօրվա ծանրաբեռնվածության պայմաններում պետությունն անհարկի ռեսուրս է ծախսում դրա վրա։

«Ինչո՞ւ դատախազությունն իր պրակտիկայի մեջ չի մտցնում օրենքով նախատեսված գործառույթը՝ մեղադրանքից հրաժարվելը»,- հարց է բարձրացնում Կ. Սարդարյանն ու դիտարկում, որ դատախազությունը պետք է ֆիլտրի գործերը՝ նախքան դրանք դատարան ուղարկելը։

Այս պահին Գ. Դադայանը հետազոտություններ անցնելու համար կրկին Ռուսաստանի Դաշնությունում է, սակայն դեռևս այն շրջանում, երբ Հայաստանում է եղել, Սարդարյանը քրեական գործը կարճելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Դատախազի բացակայության պատճառով նիստերը չեն կայացել, և միջնորդությունը չի քննվել։

Գործի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմել ենք նաև Գլխավոր դատախազություն, սակայն դատախազությունից մեկնաբանություն չեն տվել։

Գործի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն է տվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

«Գարիկ Դադայանը, ում իրավունքների խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, տարիներ շարունակ գտնվում է դատական քաշքշուկի մեջ՝ մինչև հասնի իր գործով վերջնական արդարացի դատական ակտի կայացմանը: Այդ ամենի արդյունքում, քանի դեռ ուշանում է նրա նկատմամբ արդարացի դատական ակտի կայացումը, անձը դեռ դատական ծախսեր է կատարում: Այսինքն, շարունակվում է խախտվել նրա արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը: Արդարացվելու դեպքում նրան իր կրած դատական ծախսերի և ապօրինի ազատազրկման համար փոխհատուցում ստանալու հնարավորություն պետք է տրվի:

Այսպիսով, ստացվում է, որ անձը պատիժը կրելուց հետո էլ շարունակում է ենթարկվել քրեական հետապնդման, քանի որ ցանկանում է, որ իր գործով կայացվի արդար դատական ակտ, ինչը տեղի չի ունեցել, և նա ստիպված է եղել իր իրավունքների պաշտպանության համար դիմել ՄԻԵԴ: Սակայն, երկար տարիներ սպասելուց հետո էլ  շարունակում են խախտվել նրա դատական քննության ողջամիտ ժամկետները, որոնք սահմանված ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասով»,-գրել է Ինեսսա Պետրոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter