HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Նարեկ Հարությունյան. «Երբ երկյուղածությամբ, հարգանքով, սիրով չես մոտենում քո ժողովրդին, ազգիդ, շատ բան ես կորցնում»

«Աստծո տվածը մարդը չի կարող վերցնել: Ժամանակավոր կարող է գրավել, բայց այն մեզ է պատկանում»,- սա «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանի համոզմունքն է նաև այսօր, երբ թշնամուն են մնացել նրանց կառուցած Քնարավան գյուղը և Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնը:

Ամերիկահայ Հարությունյանների ընտանիքը Արցախում երկու խոշոր ծրագիր է իրականացրել՝ Քարվաճառում (Շահումյանի շրջան) կառուցել է Քնարավան գյուղը և Շուշիում հիմնադրել «Նարեկացի» արվեստի կենտրոնը: Արցախում իրագործած այդ երկու ծրագրերի համար Հարությունյանները ներդրել էին մոտ 2 մլն ԱՄՆ դոլար: Արցախյան երկրորդ պատերազմից հետո դրանք մնացին թշնամուն հանձնված տարածքներում:     

Քնարավանը ամերիկահայ Կարապետ Հարությունյանի ընտանիքը հիմնադրել էր 2004թ.-ին: Բազմազավակ և անտուն ընտանիքների համար գյուղում 15 տուն էին կառուցել, դպրոց, բուժկետ, համայնքապետարան: Հայաստանի տարբեր բնակավայրերից՝ Արտաշատից, Վեդիից, Գավառից, Երևանից Քնարավան տեղափոխված ընտանիքներին բարերարները տունը նվիրել էին մի պայմանով՝ նվազագույնը 10 տարի պետք է ապրեն այդտեղ: Քնարավանի բնակիչները 17 տարվա բնակությունից հետո 2020թ. նոյեմբերին հարկադրված եղան լքել գյուղը: Հեռանալուց առաջ վառեցին սեփական տունը, որպեսզի թշնամին չվայելի տարիների իրենց ստեղծածը:

Նարեկ Հարությունյանն առաջին անգամ 2002թ.-ին է եղել Արցախում: Ասում է, որ այն ժամանակ Արցախի կառավարությունը տարածքներ էր տալիս՝ պայմանով, որ դրանք կառուցվեն: 2002թ.-ին մահացել էր մայրը՝ Քնար Հարությունյանը, և հոր ցանկությունն էր կնոջ հիշատակին որևէ խորհրդանշական բան անել հայրենիքում:

«Մտածեցինք փոքրիկ գյուղ կառուցել ազատագրված հողերի վրա և մայրիկիս անունով այն կոչեցինք Քնարավան: Գյուղը ազատագրված տարածքում կառուցեցինք, որովհետև Քարվաճառը հայոց պատմական հողն էր: Գյուղի վերևում՝ մի կողմում Հանդաբերդն է, մյուս կողմում եկեղեցի կա, տարածքում շատ խաչքարեր կային, որոնք հայկականության դարերի վկայությունն էին այդ հողատարածքներում»,- ասում է Ն. Հարությունյանը:

«Այսօր յուրաքանչյուր հայի պարտականությունն է Արցախի վերաշինությանն աջակցելը: Մենք պարտավոր ենք շարունակելու մեր նախնիներու ավանդած գործը, պարտավոր ենք վերապրելու, պարտավոր ենք փոխանցելու հայու անունը, հայրենի հողը մեր զավակներուն: Քնարավանը պիտի սկսի ուռճանալ և մեծանալ, կամաց-կամաց պիտի ծնին նոր Քնարավաններ»,- հայտնել էր բարերար Կարապետ Հարությունյանը 2004 թ. սեպտեմբերի 3-ին գյուղի բացմանը:

Քնարավանի կառուցապատումը դեռևս ավարտված չէր, հիմնադիրները նպատակ ունեին հյուրատներ կառուցել այնտեղ, որպեսզի այցելուները մնալու տեղ ունենան, իսկ գյուղացիները՝ աշխատանք: «Երբեք չենք մտածել, որ մի օր այն կարող ենք կորցնել, երբեք չենք պատկերացրել, որ կարող ենք այդ աստիճան սխալներ գործել, որ այն կկորցնենք: Բայց փաստ է, որ իբրև ազգ չկարողացանք այդքան կազմակերպվել»,- ասում է Նարեկ Հարությունյանը:

Քնարավան համայնքի ղեկավար Արտավազդ Միքայելյանը 2006թ.-ին Վեդիից ընտանիքով տեղափոխվել էր այնտեղ: «Քարվաճառը մեզ համար հայրենիք էր, ինքս էի խրախուսում, որ մարդիկ գան այնտեղ ապրելու: Գյուղում մեծ դպրոց կար, բուժկետ, համայնքապետարան, որոնք կառուցել էր Կարապետ Հարությունյանը: Բոլորս շնորհակալ էինք նրանց, որ մեզ ապահովել էին ամեն ինչով: Չենք մտածել, որ մի օր ազատագրված տարածքները կվերադարձնեն: Ես վերջին օրերին եմ դուրս եկել Քնարավանից, երկու տղաներիս հետ մասնակցում էինք կռվին, մինչև վերջին օրը չէի հավատում, որ գյուղը պետք է լքենք»,- ասում է համայնքապետը:

Ա. Միքայելյանի խոսքով՝ Քնարավանում մարդիկ համեմատաբար լավ էին ապրում: Աշխատում էին զորամասում, դպրոցում, անասուն էին պահում, մեղվաբուծությամբ էին զբաղվում:

Քնարավանի բնակիչները՝ 15 ընտանիք, կրկին անօթևան են: Ինչպես համայնքապետն է ասում՝ ցրվել են տարբեր տեղեր, ծանոթները բնակվելու տեղ են տվել: Արտավազդ Միքայելյանը 11 հոգանոց ընտանիքի հետ վերադարձել է Վեդի՝ իր ծննդավայր, որտեղ ոչինչ չունի, ժամանակավոր բնակվում են Ռուսաստանում գտնվող հարազատներից մեկի տանը:

Շուշիի կենտրոնում ամփոփված էին արցախցի երեխաների երազանքներն ու ապագան

Հարությունյանների ընտանիքը Քնարավան գյուղի կառուցմանը զուգընթաց նախ Երևանում, այնուհետև Շուշիում հիմնեց «Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ): Երևանում ՆԱՄ-ը իր գործունեությունը սկսեց 2004 թ.-ին, Շուշիում կենտրոնի բացումը տեղի ունեցավ 2006թ.-ին:

«Շուշիում մեզ տվեցին եռահարկ քանդված շենք, որպեսզի կառուցենք՝ հայկական մշակույթի լավագույն արժեքները պահպանելու, արվեստագետներին համախմբելու, շնորհալի երիտասարդներին նեցուկ կանգնելու մեր ստանձնած առաքելությունն իրականացնելու համար»,- պատմում է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Ամբողջությամբ վերակառուցված շենքը միջոցառումների դահլիճ ուներ, վարչական մաս, գրադարան և սրահներ, որտեղ արցախցի 8-12 և 13-18 տարեկան երեխաներին ու պատանիներին 14 տարի անվճար արվեստ և արհեստ էին ուսուցանում: Կենտրոնն ուներ գեղանկարչության, փայտափորագրության, մանրանկարչության, կարպետագործության, կավագործության, ասեղնագործության, լուսանկարչության, կիթառի, քանոնի, երգի, պարի, թատերական, հեքիաթասացի, ասմունքի և այլ խմբակներ:

Ամեն ամառ Շուշիի և Ստեփանակերտի 300-400 երեխաների համար ճամբար են կազմակերպել:

«Մարդիկ լրջորեն նվիրվել էին կրթելուն, գաղափարախոսություն էին մտցրել իրենց աշխատանքում, դաստիարարակել էին և այլն»,- ասում է կենտրոնի տնօրեն Հայկ Պապյանը՝ նկատի ունենալով կենտրոնի աշխատանքներում ներգրավված վարպետներին և արվեստագետներին:

ՆԱՄ-ի հիմնադրման առաջին տարիներին 200-300 երեխա է հաճախել տարբեր խմբակներ, վերջին տարիներին 50-70 երեխա էր հաճախում: Երեխաների թվի նվազումը պայմանավորված էր քաղաքում արվեստի դպրոցների, խմբակների ավելացմամբ: Ուստի, ՆԱՄ-ը որոշ չափով փոխել էր աշխատանքի ուղղվածությունը՝ միջոցառումներ էին իրականացնում նաև Շուշիի մեծահասակ բնակչության համար: Ամեն շաբաթ տարբեր տեղերից պրոֆեսիոնալ խմբեր էին հրավիրում՝ համերգներ, թատերական ներկայացումներ էին ցուցադրում, նկարիչների ցուցահանդեսներ էին կազմակերպում և այլն:

Երկու տարի կենտրոնում «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումն էին անցկացնում, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից, և 15-20 օր տևող սիմպոզիումի ժամանակ իրենց ստեղծած քանդակները թողնում էին այնտեղ:

«Վերջին տարիներին լուրջ արվեստ էինք ստեղծում, պայքարել ենք դասական մշակույթ ներմուծելու համար, արվեստ ենք զարգացրել հայկականի հենքի վրա: Հյուրեր ենք ունեցել Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից, որոնք հիացած էին կենտրոնի գործունեությամբ և նշում էին, որ որոշ տեղերում տեսել են այդպիսի աշխատանք»,- պատմում է Հայկ Պապյանը:

Շուշիի «Նարեկացի» կենտրոնն իր գործունեությունն ընդլայնելու նպատակով 600 քմ տարածքով ևս մեկ երկհարկանի շենք էր վերակառուցել, որն անվանել էին «Հեքիաթների տուն»: Այն լինելու էր ժամանցի վայր, շենքի առաջին հարկում սրճարանն էր, երկրորդ հարկում դահլիճն էր՝ թատերական ներկայացումների և համերգների համար: Վերջին մեկ տարին քաղաքի բնակչությունը սրճարան էր այցելում որպես հանգստի վայր: 

Հայկն ասում է, որ հոկտեմբեր ամսին 15 հոգով ապրում էին ՆԱՄ-ի Շուշիի կենտրոնում, մինչև պատերազմի վերջին օրը մարդ է եղել այնտեղ: Հոկտեմբերի 29-ին ինքը կանանց դուրս է բերել Շուշիից, որովհետև ԱԹՍ-ները շատ էին հարվածում: Կենտրոնի կենսագրությունն ավարտվեց 2020թ. նոյեմբերի 4-ին, երբ տղամարդիկ դուրս եկան Շուշիից: Այնտեղ թողեցին մի քանի տասնյակ քանդակներ, հումք, 14 տարվա ընթացքում կենտրոնի ձեռք բերած ամբողջ գույքը, մանկական թատրոնի տիկնիկները և այլն:

«Բոլորը հույսեր էին փայփայում, որ իրենց տարիների աշխատանքը չի կարող նման դաժան ճակատագրի արժանանալ: Չէ՞ որ կենտրոնում ամփոփված էր ոչ միայն ՆԱՄ-ի տարիների հսկայական աշխատանքը, այլև կենտրոն հաճախող արցախցի երեխաների երազանքներն ու ապագան»,- ասում է վերջին չորս տարիներին կենտրոնը ղեկավարած Հայկ Պապյանը:

Մշակութային գործունեությունից՝ անցում մարդասիրական օգնության

Քնարավան գյուղը և Շուշիի արվեստի կենտրոնը կորցնելուց հետո «Նարեկացի» արվեստի միությունը մշակութային գործունեությունը վերափոխել է մարդասիրական աջակցության: ՆԱՄ-ը օգնություն է տրամադրել ավելի քան 300 արցախցի ընտանիքի, այդ թվում Հայաստանում հաստատված Քնարավան գյուղի նախկին բնակիչներին:

«Երբ լինում է անկշտություն, անարգանք, ագահություն և երկյուղածությամբ, հարգանքով, սիրով չես մոտենում քո ժողովրդին, ազգիդ, շատ բան ես կորցնում, ինչն էլ տեսանք վերջին 30 տարիներին»,- կատարվածից այսպիսի եզրահանգում է անում Նարեկ Հարությունյանը:

Նա շեշտում է, որ հայրենիքի հետ կապը Աստծուց է գալիս, սփյուռքում ծնվելով՝ կապը հայրենիքի հետ ավելի է մեծանում: Առանց հայրենիք՝ սփյուռքը դատապարտված է սպիտակ ջարդի: Միայն այս վերջին կորստից հետո հասկացան, որ հայրենիքի ճակատագիրն էլ է վտանգված:

«Ամենամեծ կորուստը մեր զինվորներն են, հազարավոր վիրավորները: Այս տխուր և ողբերգական վիճակից հետո այլևս չեմ մտածում տարածքների կորստի մասին: 1992թ.-ին մոնթեներն ազատագրեցին այդ հողերը, նրանք զոհվեցին, բայց նրանց հավատքը, խիզախությունը մեզ փրկեց: Մեզ համար հոգու պարտք էր տեր լինել, շենացնել ազատագրված հողերը, որպեսզի երկնքից նայող տղաները հպարտ լինեին»,- ասում է ՆԱՄ-ի հիմնադիր նախագահը:

Լուսանկարները տրամադրել է «Նարեկացի» արվեստի միությունը

Գլխավոր լուսանկարում՝ Քնարավանը

Մեկնաբանություններ (2)

George
"In 1992, the Montes (Monte Melkonian-ed) liberated those lands. They died, but their faith and courage saved us. It was our spiritual duty to maintain, to develop the liberated lands, so that the boys looking down from the heavens would be proud," Well said Nareg! It's to sad to see what traitors like Pashinoglu did with Monte's achievement and legacy!
mihran robert mahmouzian
let work for the future of Armenia forget the past .i know we will achieve d it . Mihran

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter