
Ռուս խաղաղապահները 150 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Քելբաջարի շրջան
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել հումանիտար բեռների տեղափոխումը դեպի Ադրբեջանին վերադարձված Քելբաջարի շրջան (Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան, խմբ․)։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Սոցիալական նշանակության օբյեկտների և բնակելի տների էներգամատակարարումն ու ջրամատակարարումը վերականգնելու համար Հումանիտար արձագանքման կենտրոնի ռուսական երկրորդ ավտոշարասյունը՝ բաղկացած 20 ԿամԱԶ և 5 ուղեկցող այլ ավտոմեքենաներից, 150 տոննա շինարարական նյութեր են տեղափոխել Քելբաջարի շրջան։ Ավտոշարասյան երթուղին անցել է Մատաղիս և Վանք գյուղերով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Զորախմբի հիմնական մասը կազմում են ՌԴ զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները։
Մեկնաբանել