HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի․ «Մի փոքր լավ բան կլիներ, որ իմանայինք պատերազմը վերջացել է, բայց չի վերջացել»

Ջուլիետա Գասպարյանին հանդիպեցինք Ստեփանակարետի շուկայում։ Տաղավարների իր մասում կոկիկ դասավորել էր Արցախում պատրաստված թթուների, մուրաբաների, գինիների և օղիների տեսականին։

Պատերազմից հետո շուկայում գնումներ անողները քիչ էին՝ տեղացիները մեծ գնումներ չէին կատարում, զբոսաշրջիկներ՝ բնականաբար չկային։ Գնորդների սակավությունը Ջուլիետա Գասպարյանը պայմանավորում է նաև արցախցիների սոցիալական վիճակով, և հետո ապագայի նկատմամբ անորոշությունը թույլ չի տալիս շռայլ գնումներ կատարել, «քանի որ չգիտեն, թե վաղն ինչ է լինելու»։ Վաղվա օրվա վերաբերյալ հարցին ի պատասխան նա հիշեցնում է սեպտեմբերի 27-ի առավոտը։

Ջուլիտեա Գասպարյանն Արցախյան առաջին պատերազմում կորցրել է ամուսնուն։ Քարվաճառի ազատագրման ժամանակ ամուսինն անհետ կորել է։ Միայնակ մեծացրել է որդուն, ամուսնացրել, թոռնիկներ ունի։ 2020 թ.-ի պատերազմի ժամանակ հարկադրված տեղափոխվել է Հայաստան, պատերազմի ավարտվելուն պես՝ վերադարձել։ Այսօր նրան անհանգստացնում են սահմանային վեճերը։ Եթե պատերազմն ավարտվել է, ինչու են լուրեր հաղորդում, որ ադրբեջանցիները դիրքերն առաջ են տվել, հայերից պահանջել հետ գնալ։

«Անպաշտպան ժողովուրդ ենք էլի։ Թե՛ հայաստանցին, թե՛ ղարաբաղցին։ Ես էդ եմ տեսնում, չգիտեմ։ Ճիշտ եմ ասում, թե սխալ, իմ մտածելակերպն էտա։ Ելքը պետք է աթոռին նստածները լուծեն։ Իրենց ենք հավատացել, ընտրել ենք, թե ղարաբաղցուն, թե՛ հայաստանցուն, թեև Հայաստանում մենք չենք ընտրել, կարող է սխալ արտահայտվեմ, բայց ամեն դեպքում ընտրել են։ Այնպես չի, որ մենակ Ղարաբաղի հողն են տալիս, Հայաստանինն էլ են տալիս։ Հավատացել, ընտրել են, բայց հիմա չգիտեն՝ ինչ մտածեն, մարդիկ շփոթություն մեջ են»,- նկատում է Ջուլիետա Գասպարյանը։ Նա հարց է բարձրացնում, թե ղեկավարները վաղն ի՞նչ են պատասխանելու մարդկանց, 5 տարի անց ինչպե՞ս են ապրելու մարդիկ։

Թեկուզ ամուսնուն կորցրել է առաջին պատերազմում, բայց այդ ժամանակվա իր հպարտությունն է հիշում, քանի որ հաղթանակ էին տարել, շուտ ոտքի են կանգնել։ Իսկ նոյեմբերի 9-ից հետո մինչ օրս չի համակերպվում զոհերի, պարտության, տարածքային կորստի մտքերի հետ։ Կրկին հարցն ուղղում է իշխանություններին, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրե՞լ է, թե արցախցին ի՞նչ է ուզում, որ փաստաթուղթ է ստորագրել, գիտի՞, թե Արցախը որտեղ է, անհետ կորածի երեխան ոնց է մեծացել։

«Մեր այս փոքր ազգին նա (Ն․Փ-ն, հեղ.) ո՞նց է կարողացել այդպես վերաբերվի, այս փոքր ազգին։ Եթե տալիս էր (հողերը, հեղ․), թող էն գլխից տար, այսքան զոհ չլիներ, այսքան տղաները չգնային»,– ասում է նա ու ներկայացնում իր հարևանի պատմությունը, որ առաջին պատերազմի ժամանակ ամուսնուն կորցրած կինը երկրորդ պատերազմում կորցրել է որդիներից մեկին։

Ջուլիետա Գասպարյանն ապագայի նկատմամբ լավատեսական սպասումներ չունի։ Ասում է՝ մի փոքր լավ կլիներ՝ գոնե իմանային, որ պատերազմն իսկապես ավարտվել է, բայց չի ավարտվել, իսկ այսօր մարդկանց միակ լուսավոր կետը գաղթի ճանապարհն է դարձել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter