HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տումիից Գյումրի՝ առերեսվելով նոր իրականությանը

Տասնմեկ տարեկան Ռոբերտը մատով ցույց է տալիս այտի վրայի խորը սպին ու ժպտում։

«Հը Ռոբերտ, կարողա՞ օզիս պատմիս, թա էդ շռամը շտղայա քեզ»,- հարցնում է Ռոբերտի ավագ քույրիկը՝ 17- ամյա Լուսինեն։ Ռոբերտը, համաձայնելով, գլուխը թափահարում է։

«Հռնե մեր շենումը ծինա կծալ, քանի վար, ուրան խսյաթեն համաձայն Ռոբերտն չարոթուն ար անում»,- Լուսինեի խոսքը շարունակում է միջնեկ Ռուսլանը, ու Ռոբերտի դեմքին էլ ավելի լայն ժպիտ է հայտնվում, ամաչկոտությունը կամաց-կամաց տեղ է տալիս հետաքրքրասիրությանը։

Երեխաների զարմիկը՝ Սյունե Ավագյանը, ասում է, որ չնայած Ռոբերտը դեռ չի խոսում` ամեն ինչ կարողանում է բացատրել, երեխաներն իրար կես բառից հասկանում են։

Մինչ մենք հյուրասենյակում շփվում ենք, երեխաների մայրը՝ Հակոբյան Ալվարդը, խոհանոցում հաց է թխում։ Ընտանիքը Գյումրիի այս տունը վարձակալել և տեղափոխվել է ընդամենը մի քանի օր առաջ։

Հակոբյանների ընտանիքը Հադրութի շրջանի Տումի գյուղից է, որը պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Սյունեն պատմում է, որ մինչ այդ ուրիշ տանն են ապրել, բայց տանտերը որոշ ժամանակ անց ասել է, որ ընտանիքը պետք է դուրս գա։ Ստիպված նոր, ավելի թանկ տուն են գտել։ Սյունեի խոսքով` նույնիսկ Գյումրիում վարձով տան գները թանկացել են, մարդիկ օգտվում են Արցախից տեղահանվածների անելանելի իրավիճակից։

Ալվարդի խոսքով, իրենք գյուղից հեռացած ամենավերջին ընտանիքներից են՝ չէին ուզում լքել հայրենի Տումին, կարծում էին, որ պատերազմական գործողությունները ուշ թե շուտ կավարտվեն, և իրանք կկարողանան հետ գնալ։

«Գյուղից մեր հեռանալու օրը ես ամուսնուս չեմ տեսել, զանգեց, ասեց՝ գնացեք հարևանների հետ, որ գերի չընկնեք»,- պատմում է Ալվարդը։

Ընտանիքի հայրը՝ Սերժիկ Ավագյանը, մնացել է Տումիում իր կույր ընկերոջը օգնելու համար։ Բայց նրանք չեն հասցրել գյուղից դուրս գալ՝ Հադրութը գրավելուց հետո ադրբեջանական բանակը շատ արագ նոր տարածքներ է զավթել։

Ալվարդն ու երեխաները մի քանի օր առաջ են իմացել Սերժիկի մահվան մասին, հուղարկավորումը դեռ չեն կազմակերպել։ Ալվարդի խոսքով՝ Սերժիկի մահվան լուրը լսելուց հետո դեռ չի կարողանում մինչև վերջ հավատալ, որ իր ամուսինն այլևս չկա։

Սյունեն, որը ամուսնացել է Գյումրիում և արդեն տասնմեկ տարի է, ինչ այստեղ է ապրում, ասում է, որ իր հորեղբոր աճյունը բախտի բերմամբ բերել են հենց Գյումրի։ Նրա կարծիքով՝ սա նշան է, որ իր հորեղբոր ընտանիքը պիտի մնա իր խնամքի ներքո, որքան էլ բարդ լինի։ Սյունեն կեսկատակ ասում է, որ չորս երեխայից բացի՝ ունի ևս երեքը՝ Լուսինեն, Ռուսլանը և Ռոբերտը։

Տումիում խաղաղ կյանքից հետո երեխաների իրականությունը կտրուկ փոխվել է։

Հեռախոսով հոր նկարները ցույց տալիս Ռուսլանը հիշում է իր ծննդյան օրը՝ խնջույք էին կազմակերպել, հայրը կանչել էր բոլոր բարեկամներին և ընկերներին, իսկ նա կյանքում առաջին անգամ տնական օղի էր խմել ու քնել։ «Ուտող-խմող մարդ է պապան»,- հուզմունքը զսպելով՝ պատմում է նա։

Ռուսլանի խոսքով՝ ինքն ամբողջ օրը միայն մտածում է ընտանիքի համար գումար վաստակելու մասին։ Վերջերս որպես աշակերտ ընդունվել է «վուլկանիզացիայի» կետում, ուզում է անցնել աշխատանքի։

Դպրոցն ավարտելուց հետո Լուսինեն չի հասցրել շունչ քաշել և հետագա անելիքները հստակեցնել՝ ամեն ինչ թողնելուց ու Տումիից հեռանալուց հետո սկզբից բոլորով հայտնվել են Վանաձորում, հետո Սյունեն նրանց բերել է Գյումրի։

Լուսինեն գյուղի մասին խոսելիս հուզվում է ու արտասվում։ Սյունեի խոսքով՝ երեխաները ուզած-չուզած հարմարվում են նոր կյանքին, նույնիսկ կատակով ասում է, որ Լուսինեն սկսել է Գյումրիի բարբառով խոսել։ Լուսինեն նույնպես ցանկանում է աշխատանք գտնել։

«Հիմա մատնահարդարում եմ անում Սյունե քուրիկի մոտ, լավ է, հավանում եմ»,- ասում է Լուսինեն մեզ համար թեյ պատրաստելիս։ Անցած տարի Սյունեն Գյումրիի կենտրոնում մատնահարդարման փոքրիկ սրահ է բացել, որտեղ էլ Լուսինեն նոր հմտություն է սովորում։

Սյունեն գովում է Լուսինեին, ասում է, որ արագ է սովորում, բայց պատերազմից մնացած հոգեբանական վերքերը դեռ ամբողջովին չեն լավացել։

Չնայած պետությունից գրեթե օգնություն չեն ստացել և Տումի վերադառնալու հույսեր արդեն չկան՝ և՛ Ալվարդը, և՛ երեխաները վստահ են, որ սեփական ուժերով հաղթահարելու են կյանքի բոլոր մարտահրավերները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter