HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թմրանյութի տեղափոխում՝ փոստով ու ցամաքով. մաքսային իրավախախտումները կրկնակի աճել են

Մաքսային իրավախախտումների գրանցված դեպքերը Հայաստանում 2020 թվականին ավելի քան կրկնակի աճել են։ 

Եթե 2019 թվականին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն արձանագրել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, ապա 2020-ին դրանք կազմել են 426: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը։

Նախորդ տարի արձանագրված մաքսային իրավախախտումներից 296-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր։ 130 դեպքով էլ հարուցվել է վարչական վարույթ։

Ավելացել են փոստային առաքումների միջոցով թմրանյութերի ներմուծման դեպքերը։ Իսկ թմրամիջոցի ներմուծումը ցամաքային սահմանով, օրինակ՝ Իրանից Հայաստան տեղափոխվող, նվազել է։ 

2020 թվականի փետրվարի վերջին ուղևորների համար հայ-իրանական ցամաքային սահմանը փակվել է, որը պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակով։ Մինչդեռ սահմանափակումները չեն տարածվել փոստային առաքումների վրա։ Հետևաբար՝ մաքսանենգները փորձել են թմրանյութ ներկրել փոստի միջոցով։ 

2020 թվականին հայտնաբերված և ապօրինի շրջանառությունից դուրս բերված թմրանյութի քանակները հետևյալ են՝ 6.1 կգ մետամֆետամին, 5.2 կգ՝ ափիոն, 3.1 կգ՝ մարիխուաննա, 2.9 կգ՝ կետամին, 1.6 կգ՝ հերոին, էլեկտրոնային սիգարետներ, հոգեմետ նյութեր և այլն։

Տեղափոխվող թմրամիջոցների մի մասի դեպքում Հայաստանը ծառայում է միայն որպես տարանցիկ երկիր, այսինքն՝ չեն սպառվում այստեղ։

«Դրանք նախատեսված են այլ երկրներում սպառման համար։ Այդուհանդերձ՝ տարբերության չկա թմրամիջոցը նախատեսված է Հայաստանում սպառման համար, թե այլ երկիր տեղափոխելու։ Տարանցիկ տեղափոխման դեպքում մենք գործ ենք ունենում անդրազգային կազմակերպված հանցավոր  խմբերի հետ»,- նշեց Վարդան Վարդանյանը։

Նա մի քանի օրինակներ ներկայացրեց, թե ինչպես են մաքսանենգները տեղափոխում թմրամիջոցները։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն արձանագրել է, որ երկու դեպքով Հայաստանի միջոցով փորձել են թմրանյութ տեղափոխել Իրանից Ավստրալիա։ Առաջին դեպքով փորձ է արվել ափիոն տեսակի թմրանյութը տեղափոխել «Հայփոստի» միջոցով։ 2.8 կգ ափիոնը ներծծված է եղել ծանրոցում առկա բարձի և մանկական ներքնակների սպունգների մեջ։ Երկրորդ դեպքում ևս մաքսանենգների ձեռագիրը չի փոխվել։ Իրանի քաղաքացին փորձել է 1.5 կգ «ափիոն» ներմուծել, որը ներծծված է եղել ուղեբեռ հանդիսացող անկողնային պարագաների մեջ։

Վարդան Վարդանյանը նաև համարում  է, որ բացահայտվող դեպքերի աճը պայմանավորված է նաև իրենց կառույցի՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։ 

Ինչ վերաբերում է վարչական վարույթներին, ապա դրանք հիմնականում ներմուծման ժամանակ ապրանքների չհայտարարագրման կամ թերի, ոչ ճշգրիտ հայտարարագրման դեպքեր են։ Նպատակը ներմուծման ժամանակ գանձվող մաքսատուրքերից խուսափելն է։  

Ըստ Վարդան Վարդանյանի՝ ներմուծողները փորձել են մաքսային իրավախախտումներ կատարել այնպիսի ապրանքներ ներմուծելիս, ինչպիսիք են բջջային հեռախոսները, ոսկյա զարդերը, դեղամիջոցները, որոնք չեն պարունակում թմրանյութ կամ հոգեմետ միջոցներ, սննդամթերքը, հագուստը, ավտոպահեստամասերը և այլն։

Իրավախախտները կիրառում են տարատեսակ հնարամիտ միջոցներ։ Օրինակ՝ ապրանքները, որոնք փորձել են թաքցնել մաքսային վերահսկողությունից, թաքցրել են մեքենաներում նախապես կառուցված գաղտնարաններում՝ գազաբալոնային համակարգում, անվադողերում և այլուր։

«Ագարակ պետական սահմանի անցման կետում հայտնաբերվել է դեպք, երբ Հայաստանից Իրան մեկնող երկու բեռնատարների անվադողերի մեջ թաքցվել էր ավելի քան 500 կգ մետաղի ջարդոն»,- նշեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter