HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արցախյան պատերազմում վիրավորված գյումրեցի Ռոբերտը երազում է փոքրիկ խորտկարան ունենալու մասին

Ռոբերտի հետ արցախյան վերջին պատերազմի սարսափներից չենք խոսում, ավելի ճիշտ՝ գրեթե չենք խոսում: Զրույցը մեծ մասամբ ծավալվում է 20-ամյա երիտասարդի ապագա ծրագրերի շուրջ: Ցանկանում է սեփական փոքրիկ խորտկարանը բացել Գյումրիում, որտեղ միայն վրացական խոհանոցի ուտեստներ կմատուցվեն: Ռոբերտ Մկրտչյանը վաղ է զրկվել հորից, մահացել է, երբ տղան եղել է 9 տարեկան, երկու քրոջ մինուճար եղբայր՝ տան փոքրը: Մայրը՝ Կարինեն, երեք երեխաներին միայնակ է մեծացրել: Ռոբերտը պատմում է, որ սկսել է աշխատել 15 տարեկանից, ասում է. «Ես երբեք չեմ խուսափել աշխատանքից, փոքր տարիքից էլ աշխատել եմ, դե տան միակ տղամարդն էի, ուզում էի մորս օգնած լինել որեւէ կերպ»:

Մինչեւ բանակ զորակոչվելը սովորել է Գյումրու 4-րդ արհեստագործական ուսումնարանում՝ փորձելով յուրացնել խոհարարական արհեստի բոլոր նրբությունները: «Ես կարող էի նաեւ լավ սպորտսմեն լինել, ձյուդոյով էի զբաղվում, երեք տարի պարապելուց հետո 2017թ․ Հայաստանի ձյուդոյի առաջնությունից 3-րդ տեղն եմ բերել: Բանակ գնալս էլ կարող էի երեք տարով հետաձգել, սպորտսմենների հետ կապված նման տարկետում կա, բայց ես չուզեցի։ Որոշեցի իմ տարեկիցների հետ գնալ ծառայել, մանավանդ որ մտադիր չէի սպորտի գծով շարունակել, խոհարարական գործն էր սկսել ձգել, ուզում էի դրա մեջ հմտանալ»,- ասում է Ռոբերտը:

Խոհանոցին կից սեղանատան մի անկյունում կախված են Ռոբերտի՝ սպորտում ունեցած հաջողությունների մեդալները: Դրանք չեն ավելանա, ոչ միայն այն պատճառով, որ տղան դեռ երեք տարի առաջ է հրաժարվել մարզական կարիերայից, այլեւ՝ պատերազմում ստացած վիրավորման պատճառով: Այսպես, մենք վերադառնում ենք պատերազմի թեմային: Ռոբերտը բանակ զորակոչվել է 2019․ հունվարին, ծառայել «Եղնիկներ»-ում, այնտեղ էլ վիրավորվել սեպտեմբերի 29-ին: Ռոբերտը հայկավանցի Էլֆիկ Ավետիսյանի եւ գյումրեցի Դավիթ Սարգսյանի հետ հետախուզական նույն դասակից է եղել:

«Ես ու Դավիթը նույն օրն ենք վիրավորվել, կարելի է ասել արկի նույն բեկորից: Քանի որ Դավիթն ինձնից առաջ էր, իր վիրավորումներն ավելի շատ էին: Իմն աջ ոտքիս ազդրն է: էդ օրը վեց հոգի վիրավորվել էինք, մենակ Էլֆիկին բան չէր եղել, ինքը զբաղված էր վիրավորներին օգնություն ցույց տալով: Մենք իրեն խնդրում էինք, որ մի տեղ թաքնվի, մինչեւ արկակոծությունն ավարտվի, բայց ինքը չէր լսում: Բաց երկնքի տակ էինք պառկած, ԱԹՍ-ով մեզ նկարեցին, բայց Էլֆիկը հասցրեց ճամփի կողքի փոսը քաշել մեզ,- հիշում է Ռոբերտը,- երեւի մի ժամ ենք էդպես մնացել մինչեւ տեղափոխելը: Ֆելդշերը ոտքիս վրա սխալ տեղից էր գցել ժգուտը, փոխանակ վերեւից գցեր, ներքեւից էր արել: Էլֆիկը եկավ, տեսավ, ջղայնացավ, փոխեց ժգուտի տեղը, հետո ինձ Մարտակերտում բժիշկն ասաց, եթե մի քանի ժամ էդ ձեւ մնայի, ոտքս ամպուտացնելու էին»:

Ռոբերտը ցույց է տալիս աջ բազկին արված դաջվածքը՝ նվիրված ընկերոջ հիշատակին: «Կյանքս կյանքիդ գնով...գոնե իմ դեպքում այդպես եղավ,- պնդում է զրուցակիցս,- ինձ ասում էին, թե պետք չէ նման բան անել, որ անընդհատ հիշեցնելու է պատերազմի օրերը, բայց ես ուզում էի որեւէ կերպ շնորհակալ լինել Էլֆիկին իր արածի համար»: Պատմում է, որ Էլֆիկի հետ մտերմացել են անմիջապես, ծառայության 19 ամիսները ջերմությամբ է հիշում: Ռոբերտն իր մասին քիչ է պատմում, պատերազմական հիշողություններով կիսվելու առումով եւս ժլատ է: Զրույցին միանում է մայրը, որ մասնագիտությամբ բուժքույր է եւ աշխատում է Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում:

«Ռոբերտի հետ խոսել էի սեպտեմբերի 25-ին, ասաց որ պոստեր են բարձրանում ու կապը վատ է լինելու, չանհանգստանամ: Դե 14 օրը մեկ պոստեր են բարձրանում, արդեն սովորել էինք, ու էդ օրերին էլ իրոք կապն էն չէր: Կիրակի օրը աշխատանքի էի, գործի տեղն ինձ հարցնում էին՝ ինչ կա՞ տղուցդ, լուր ունե՞ս, ասում էի՝ չէ՛, պոստեր է, դեռ չգիտեի, որ պատերազմ է սկսվել: Հետո, երբ արդեն ամեն ինչ պարզ էր, փորձեցի զանգել՝ կապ չկար: Ռոբերտը անծանոթ համարից զանգել է դեպքի օրվա առավոտյան, մի երկու բառով ասել է, որ լավ է, ամեն ինչ նորմալ է, որ չանհանգստանաք,- հիշում է մայրը,- մեկ էլ երեկոյան եմ էլի զանգ ստանում ու էլի անծանոթ համարից, էս անգամ արդեն բժիշկն էր, ասում էր, որ տղայիս ոտքն է բեկորից վիրավորված, Ստեփանակերտի հիվանդանոցում է, եւ որ գիշերն ուղարկելու են Երեւան»:

Կարինեն որպես բուժքույր, հասկանում է, որ տղայի լիակատար վերականգնման համար ժամանակ ու համբերություն է հարկավոր: Ոտքից վիրավորված գրեթե բոլոր զինծառայողների մոտ կա մկանների թուլության խնդիր: Բժիշկները բոլորին խորհուրդ են տվել շատ շարժվել: Հարեւանը դեկտեմբերի 7-ին Ռոբերտին շան ձագ է նվիրել: Հասկի եւ պիտբուլ ցեղատեսակների խառնուրդ Լակին (շան անունն է), որ անչափ աշխույժ շնիկ է, ստիպում է տղային անընդհատ շարժման մեջ լինել: Միակ մտահոգությունը Ռոբերտի քչակերությունն է:

«Շատ եմ նիհարել,- ուսերն է թոթվում Ռոբերտը,- էնքան եմ նիհարել, որ մեկ-մեկ ոտքիս ձեռք եմ տալիս, մեջը դրած երկաթը զգում եմ: Մեկ-մեկ էլ սառնություն եմ զգում մարմնումս: Բժիշկն ասել է պիտի մոտ 4 տարի մնա դա, որ վերջնական ոսկորս կպնի-ամրանա: Երկար ժամանակ ծունկս էր խնդիր, հիմա արդեն բացվել է, կարողանում եմ ծալել»:

Փետրվարի 8-ից Ռոբերտը շարունակելու է հաճախել Գյումրու 4-րդ արհեստագործական ուսումնարան՝ շարունակելու կիսատ թողած ուսումը: Խոհարարի աշխատանքը դա մշտական շարժում է խոհանոցում, երկար ժամեր ոտքի վրա մնալու պարտադրանք, սակայն այս հանգամանքը չի վհատեցնում Ռոբերտին: Ասում է, եթե հիմա էլ որեւէ սեփականատեր սրճարանում աշխատանք առաջարկի, տարբերակով, որ զբաղվածությունը չանցնի 6 ժամը, կկարողանա գործը գլուխ բերել:

«Ես կուզենայի աշխատել, թեկուզ մի քանի ժամով, թեկուզ ոչ մեծ վարձատրությամբ,- ասում է Ռոբերտը,- ինձ համար նաեւ լավ պրակտիկա կլիներ: Շատ մեծ հաջողություն կլիներ, եթե իհարկե վարպետս վրացական խոհանոցի մասնագետ լիներ: Տեսնենք, էլի, ինչ կլինի, ես շատ դրական եմ տրամադրված»:

Մեկնաբանություններ (1)

Айказ
С удовольствием научу всем поварским навыкам! Если будет возможность быть в Киеве и по работе тоже!, а если нет пожалуйста онлайн любые гастрономические решения ! Посчитаю за честь. С Ув. Шеф ресторана Тандыр г.,Киев Айк Бадалян ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter