Տիգրան Ավինյանն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
Փետրվարի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը։
Ըստ տարածված հաղորդագրության՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և այս առումով երախտագիտություն հայտնել Շվեդիային ցուցաբերած աջակցության համար:
Բացի երկկողմ մակարդակում առկա համագործակցությունից՝ անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը:
Կողմերը քննարկել են անվտանգային հարցերը, այդ թվում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրադրությունը, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և հայ գերիների շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:
Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում տնտեսական բարեփոխումների ընթացքը՝ շեշտելով նախորդ շաբաթ ՀՀ կառավարության նիստում ընդունված «Տնտեսական արձագանքման ծրագրի» նշանակությունը: Այս համատեքստում նա կարևորել է Շվեդիայի հետ ակտիվ երկխոսությունը՝ նոր ներդրումներ ներգրավելու, գիտության ու նորարարության ոլորտում համագործակցության, բարձր տեխնոլոգիաների զարգացման առումով: Կարևորվել են նաև կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Մանրամասն անդրադարձ է եղել հանրային կառավարման բարեփոխումներին, մասնավորապես՝ հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորություններին: Կողմերը քննարկել են նաև առողջապահության ոլորտում գործընկերության խորացման հեռանկարները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել