HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք դրախտից եկանք»,- Միրիկից տեղահանված բազմանդամ ընտանիքը մշտական տանիք է փնտրում

Շուտով Միրիկի սարերը կծաղկեն, ու բազմագույն ծաղիկների բույրը կլցվի տներ։ Սակայն այնտեղ չեն լինի իսկական տանտերերը։ «Միրիկը դրախտ էր, դրախտ։ Մենք դրախտից եկանք»,- ասում են 8 երեխա ունեցող Խեչումյանները։ Այդ դրվագը պատմում են մեծից փոքր։ Եվ տպավորություն է, թե բազմաձայն երգչախմբի կատարում ես լսում։ Դա պատմելուց հետո մի պահ բոլորը լռում են, ու այդ լռությունը լցվում է կարոտով։

Կեսօրվա արեւին միախառնված սառը քամի կա։ «Լայթհաուս» հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպության՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտ գտնվող միահարկ շենքի դարպասի մոտ ենք։ Կազմակերպության աշխատակցուհին ցույց է տալիս շենքը, որտեղ հիմա բնակվում է Խեչումյանների բազմանդամ ընտանիքը։

Բակում երեխաներ են վազվզում։ Ու ցանկապատված, ճնշող մթնոլորտն անմիջապես կենդանանում է նրանց ձայներից։

Մաթեւոսը՝ Մաթոսը, դարպասը բացում է ու ժպտում։

-Մերիին ենք փնտրում,- դիմում եմ նրան։

-Ես Մերիի տղան եմ,- ասում է ,- ասում է 11-ամյա Մաթոսը։

Տան շքամուտքին Մերին է՝ նորածին Արայիկին գրկին։ Սերինեն մոտենում է փոքրիկ եղբորն ու շոյում, ապա ավելացնում. «Ինքն իմ տղան ա»։ Բոլորս ծիծաղում ենք, Սերինեի աչքերն ավելի շատ են սկսում պսպղալ։ Հետո երեխաները հերթով տեղավորվում են մեծ հյուրասենյակում։

Սկզբից հայացքները քննախույզ են, հետո արդեն հարցերն ու պատմությունները մեկը մյուսին հերթ չեն տալիս։ Մերին բազմոցին է նստում։ Ժպիտի մեջ խոնարհություն կա։

Տան ներսում ամեն ինչ կոկիկ է։ Սեղանին դեղին խնձորներ, կոնֆետներ ու հյութ է, որոնց երեխաները չեն մոտենում ու, կարծես, չեն էլ նկատում։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ հյուրերի համար է հյուրասիրությունը։

Երեխաների հայրը՝ 45-ամյա Արթուր Խեչումյանը, նստում է սեղանի մոտ դրված աթոռին։ Զրույցի ընթացքում խնձորներից մեկը կտրում է եւ մեզ հյուրասիրում։

Արթուրը Արտաշատից է։ Երբ 1996-ին վերադարձել էր բանակից, ընտանիքը վերաբնակեցման ծրագրով հաստատվել էր Արցախի Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում։ 1990-ականների պատերազմի ժամանակ Արթուրի հայրը վարորդ էր։ Զինամթերք էր տեղափոխում Արցախ։ Այդ տարիներին էլ առաջարկեցին Միրիկում հաստատվել։ Քանի որ գյուղը հավանել էին, 1995-ին ընտանիքով հաստատվել էին այնտեղ։ Միրիկում, ըստ Արթուրի, մեծամասամբ արտաշատցիներ էին բնակվում։ Գյուղն աստիճանաբար սկսել էին զարգացնել՝ հող մշակել, անասնապահությամբ զբաղվել, խոտհարքներ ու վարելահողեր կային։ Արթուրն ասում է՝ էլ ինչ էր պետք լավ ապրելու համար։

Միրիկում էլ հանդիպել էր Մերիին։ Կնոջ ընտանիքը Նորագավիթից էր տեղափոխվել արտաշատցի ծանոթի առաջարակով։ Մերիին դպրոցը դեռ չէր ավարտել՝ 3 ամիս դեռ ուներ, բայց որոշեցին ամուսնանալ։

-Փախցրեցի՞ք,- հարցնում եմ Արթուրին։

-Նման մի բան,- պատասխանում է Արթուրը։

-Չէ, ես իմ ոտքով եմ գնացել,- արձագանքում է 36-ամյա կինն ու ժպտում։

Արթուրն ու Մերին 8 երեխա ունեն՝ 2 աղջիկ եւ 6 տղա. 16 տարեկան Մելինեն, 15 տարեկան Արմանը, 14 տարեկան Արսենը, 11 տարեկան Մաթեւոսը, 8 տարեկան Տիգրանը, 7 տարեկան Մխիթարը, 3 տարեկան Սերինեն, 3 ամսական Արայիկը։

Երեխաները միայն մեկ շաբաթ են դպրոց գնացել այս ուսումնական տարվա ամբողջ ընթացքում։

-Սկզբից կորոնան էր պատճառը, հետո պատերազմը,- նկարները նայելիս ասում է Մաթոսը։

Նկարներից մեկում տղան ցույց է տալիս դպրոցի շենքը։ Այն գրեթե չի երեւում ծառերի հետեւից։

-Հեն ա, հեն ա, մեր դպրոցն ա։ Գիտե՞ք՝ ինչ եվրառեմոնտով դպրոց էր,- ասում է 11-ամյա տղան։

Դպրոցը վերանորոգել էին 2020-ի ամռանը։ Երեխաները մեկ շաբաթ են հաճախել այնտեղ։

-Մենք ասում էինք՝ Մխիթարը բախտավոր է, սպասեց, սպասեց, ռեմոնտ արած դպրոց գնաց,- ասում է Արթուրը։ Մխիթարի պատկերացումները դպրոցի մասին սահմանափակվեցին մեկ շաբաթով։ Մինչ օրս նա եւս դպրոց չի գնում։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան պոպոկ հավաքելիս են եղել, երբ հարեւանն ասել էր, որ առավոտյան 7-ին պատերազմ է սկսվել։ Մաթոսն անմիջապես զանգել էր հորը, որն այդ ժամանակ աշխատանքի էր (Արթուրն աշխատում էր հէկում որպես օպերատոր)։

Մինչեւ հոկտեմբերի 13-ը Մերին երեխաների հետ գյուղում էր։ Արթուրը գյուղի ինքնապաշտպանության գործին էր մասնակցում։ Բազմազավակ ընտանիք ունեցողներին ասել էին, որ անհրաժեշտության դեպքում կտանեն ռազմաճակատ։ Արթուրի եղբայրը եւս կամավորագրվել էր՝ սկզբից Ջաբրայիլում էր, հետո Բերձորի պաշտպանությանն էր մասնակցում։

-Որ մեզ մոտից կրակում էինք՝ Խնածախից, ձայները լսվում էին,- զրույցին միջամտում է Մաթոսը՝ մեծավարի շեշտադրմամբ։

-Չէիր վախենո՞ւմ,- հարցնում եմ։

-Դե ինչի՞ պիտի վախենամ, մերոնք էին կրակում,- ասում է Մաթոսն ու ասածի մեջ ինքնագոհություն կա։

Հոկտեմբերի 13-ին Մերին երեխաների հետ եկել է Էջմիածին՝ սկզբից Հայորդաց տանն են մնացել, հետո գիշերօթիկ դպրոցներից մեկում։ Նոյեմբերի 1-ին Էջմիածնում ծնվել է 8-րդ զավակը՝ Արայիկը։ Այդ ժամանակ Արթուրը դեռ գյուղում էր։

«Ասում էինք՝ հողերը չեն տա: Նոյեմբերի 9-ին պոստում էինք, գյուղապետը եկավ, ասեց՝ բա իմանո՞ւմ եք՝ ինչ է եղել, հողերը տվել են։ Ի՞նչ կլինես։ Եռման ջուրը ոնց որ լցնեին վրես։ Ախպերս էդ վախտ Լաչինի պաշտպանությանն էր մասնակցում»,- նշում է Արթուրը։ Դեմքը մռայլվում է։ Նոյեմբերի 29-ին վերջին անգամ նկարել էր իր տունը, որտեղ տեղափոխվել էին դրանից մեկ տարի առաջ, դրանից առաջ ապրում էին հոր հետ։ Ասում է՝ եթե 25 տարի ամեն օր մի լուցկու չոփ էլ բերես տունդ, ի՞նչ կլինի։ Իսկ իրենք 25 տարի ստեղծել են, տուն-տեղ դրել՝ անասուն էին պահում, վարելահող ու խոտհարք ունեին։ Եվ ի՞նչ իմանային, որ մի օր հարկադրված էին թողնել այդ ամենը։

«Ես չեմ պատկերացրել, որ մի պահ կարող ա լինի, որ թողնենք գյուղը, դուրս գանք: Մեր գյուղը շատ լավն էր, դրախտ էր: Էս պահին էլ կուզենայի մեր գյուղում լինեի, մեր տանը»,- ասում է Մերին։

«Հաղթանակ չկա էս պատերազմում: Մեր դեմ հանցագործություն է կատարվել: Էդ ո՞ր երկիրն է ընդունում իրենց հաղթանակը։ Իրենք պետական ահաբեկիչներ են: Խաղաղ բնակիչների էին սպանել, ծննդատներ էին տրաքացնում, մեր ու մանուկ չէին ճանաչում: Ինչ ասես՝ չարեցին»,- նշում է Արթուրը, ապա ավելացնում, որ համակերպվել չի լինում կատարվածի հետ։

Ըստ Արթուրի՝ հիմա ամեն բան անորոշ է։ Չգիտի՝ որտեղից սկսել, ինչ անել։ Առաջնահերթ պետք է տան հարցը լուծի, աշխատանք գտնի։ Ամուսինների փոխանցմամբ՝ «Լայթհաուսում» ասել են, որ մինչեւ մարտի 20-ը կարող են մնալ, իսկ դրանից հետո չգիտեն, թե ինչ կլինի։ Արթուրը նշում է, որ հետպատերազմյան շրջանում կառավարությանը չեն կարող պահանջներ ներկայացնել, առանց այդ էլ ծանր իրավիճակ է։ Մերին նշում է, որ մի անգամ դիմել է Էջմիածնի քաղաքապետարան տան հարցով։ «Ասեցին՝ քո նման լիքը տարհանված մարդիկ կան, մենք չգիտենք՝ ում տուն տանք, շատ մարդկանց չենք կարողանում ապահովել ջեռուցումով»,- ասում է 8 երեխաների մայրը։

Մեր զրույցի ժամանակ երեխաները ներս են մտնում բակից (զրույցի ընթացքում բակ էին դուրս եկել): Մի քանի վայրկյանում զրույցի մթնոլորտը փոխվում է։

-Ամենաշատն ի՞նչն եք կարոտել,- հարցնում եմ։

-Ամենաշատը մեր սարերն եմ կարոտում: Մինչեւ իրիկուն խաղում էինք: Էրեխեքով հավաքվում էինք, պախկվոցի, հալամուլա էինք խաղում, մինչեւ 9-ը խաղում էինք: Դաժե վերեւի թաղից էին գալիս խաղում,- ասում է Մաթոսը։

Հետո տունը լցվում է երեխաների հիշողություններով։ Տղաներն առանց իրար հերթ տալու պատմում են իրենց բակի շների մասին, նկարագրում դրանցից ամեն մեկին։ Մերին հիշում է իր կատվին, որին այդպես էլ անուն չդրեց։

Մաթոսը ժպտում է։ Ամռանն ամեն կիրակի ընկերներով գնում էին մոշ հավաքելու, հետո բերում վաճառում տնեցիներին, ուսուցիչներին։ Մաթոսի դեմքը պայծառանում է, աչքերը փայլում են այդ հիշողություններից։ Ասում է, թե որ ուսուցիչն իրենց 2 էր նշանակում, իրեն թանկ էին վաճառում՝ 500 դրամի փոխարեն 600-ով։ Ստացած գումարով առեւտուր էին անում ու բարձրանում սարերը։

Մեր զրույցի ժամանակ Արայիկը քնեց։ Մերին տեղավորեց փոքրիկին փայտյա մահճակալում, որը կազմակերպությանն է, ինչպես եւ անկողինը։ Երեխաների կարիքների մասին ծնողները չեն խոսում։ Արթուրն ասում է, թե ամեն ինչ պետք է անի՝ տան հարցը լուծելու համար։ Այդ դեպքում մշտական տեղ կունենան, եւ երեխաներն էլ դպրոց կհաճախեն։

«Եթե մեկն իր երկու-երեք երեխային դժվար է պահում, չի նշանակում, որ բոլորն էդպես են պահում։ Իմ ամենամեծ հարստությունն են իրենք։ Ես դրանով եմ ապրում»,- ավելացնում է 8 երեխաների հայրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter