HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կորոնավիրուսի պատճառով կորցրել եմ 20 տարվա աշխատանքս»,- ասում է Մոսկվա մեկնող Ցոլակ Կարապետյանը

Ցոլակ Կարապետյանը կորոնավիրուսի համավարակի տարածումից և սահմանների փակվելուց հետո մի քանի ամիս չի կարողացել գնալ Մոսկվա՝ արտագնա աշխատանքի։ Այնտեղ նա աշխատում էր որպես բեռնատարի վարորդ։ Երևան-Մոսկվա փետրվարի 4-ի չվերթով Ցոլակը պատրաստվում էր մեկնել։

Նա արդեն 20 տարի է` մարտի ամսի վերջին մեկնում է Մոսկվա, նոյեմբերի վերջին՝ վերադառնում։ Ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը Ցոլակի աշխատանքն է։ Այս մի քանի ամիսների ընթացքում Ցոլակը գործազուրկ է եղել։ Ասում է, որ աշխատանք են առաջարկել, հրաժարվել է, քանի որ աշխատավարձը ցածր էր։ Այս ընթացքում վարկեր են վերցրել, դրանով էլ ապրել։ Նրա ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում։ Ցոլակը 3 երեխա ունի։ Կրտսերը փետրվարի 8-ին զորակոչվել է բանակ։ 

Տոմսը գնելու համար ոսկի է գրավ դրել։ Տոմսն արժեցել է 220 000 դրամ։

Ցոլակն ասում է, որ համավարակի պատճառով կորցրել է 20 տարվա ընթացքում իր ստեղծած կապերը՝ հիմնական գործատուներին։ Այս պահին նա աշխատանք չունի անելու Մոսկվայում։ Ամեն տարի սովորաբար մարտ ամսին է գնում, բայց քանի որ չգիտի, թե մինչև երբ սահմանները բաց կլինեն, դրա համար էլ մեկնելու հնարավորությունը ձեռքից բաց թողնել չի ուզում։

Ցոլակն ասում է, որ երբեք չի մտածել հայրենիքից դուրս ապրելու մասին։ Ինքն էլ շատերի նման երկրից դուրս է գալիս աշխատելու նպատակով։ «Գնում ենք աշխատանքի, չենք փախչում, ուղղակի վախենում ենք, որ էլի սահմանները կփակվեն, չենք կարողանա դուրս գալ ու անգործ կմնանք»,- ասում է նա։

Սկզբնական շրջանում աշխատելու է, որպեսզի վերցրած վարկերը կարողանա փակել, ոսկին գրավից հանի։ 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այդ օրվա Երևան-Մոսկվա չվերթի ուղևորների մեծ մասը արտագնա աշխատանքի մեկնողներ էին, բայց նրանցից միայն Ցոլակը համաձայնեց մեզ հետ խոսել։ Մարդկանց մեծ մասը խուսափում էին պատասխանել մեր հարցրեին՝ նշելով, որ մարդկանց արձագանքը վերջին շրջանում շատ կտրուկ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter