HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպես են կրճատվել Հայաստան ուղարկվող փողերը

2020 թվականին արտասահմանից Հայաստան ուղարկվող գումարները 6%-ով նվազել են։ Միևնույն ժամանակ 13%-ով կրճատվել են Հայաստանից դուրս եկող գումարները։

Ռուսաստանից եկող փողը պակասել է, այլ երկրներից՝ աճել

2020 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 842 մլն դոլարին համարժեք գումար։ Սա ներառում է աշխարհի տարբեր ծայրերից եկող գումարները, այդ թվում ՝ Ռուսաստանից, ուր արտագնա աշխատանքի են մեկնում բազմաթիվ հայաստանցիներ։ 2019 թվականի համեմատ այս գումարները կրճատվել են 117 մլն դոլարով կամ 6%-ով, վկայում են Կենտրոնական բանկի տվյալները (ՀՀ ԿԲ)։

2020 թվականի մարտից բռնկված կորոնավիրուսը ստիպեց կառավարությանը փակել Հայաստանի օդային ու ցամաքային սահմանները։ Ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնողները հարկադրված մնացին հայրենիքում։ Սա անմիջապես ազդեց դրսից եկող փողի վիճակագրության վրա։ Սեպտեմբերին Արցախում սկսված պատերազմը ևս իր խորը ազդեցությունը թողեց սոցիալական ու տնտեսական գործընթացների վրա։ 

Տրանսֆերտները նվազել են հենց հունվարից սկսած, սակայն առավել նկատելի անկում է գրանցվել ապրիլ-մայիս ամիսներին։ Որոշակի դրական դինամիկա  նկատվեց հունիսին և օգոստոսին։  Սեպտեմբերին և հոկտեմբերին աճն արդեն տեսանելի էր, սակայն հաջորդող երկու ամիսներին այն չի պահպանվել։ Տվյալներն առավել մանրամասն ներկայացված են ստորև գտնվող գրաֆիկում։

Ի դեպ, հարկ ենք համարում շեշտել, որ արտասահմանից Արցախի համար «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվող գումարները հաշվարկված չեն այս վիճակագրության մեջ։ Ինչպես մեզ տեղեկացրին Կենտրոնական բանկից, այդ գումարները հատուկ հաշվեհամարի են փոխանցվում, որը զատվում է բանկային մյուս փոխանցումներից։ 

Բոլոր դեպքերում նկատում ենք, որ  ներկայացված տրանսֆերտների ծավալները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին էական աճել են, ինչը կարող է նշանակել, որ մեր մի շարք հայրենակիցներ օգնություն են ուղարկել ոչ թե հիմանդրամին, այլ՝ իրենց ծանոթ-բարեկամների միջոցով։ 

Made with Flourish

Չնայած, որ դեպի Հայաստան տրանսֆերտների գերակշիռ մասը (45%) Ռուսաստանից է կատարվել, 2020 թվականին այդ ուղղությամբ գումարները զգալի կրճատվել են։ Ռուսաստանից ուղարկվել է 824 մլն դոլար, որը 231 մլն դոլարով կամ 22%-ով պակաս է 2019-ի ցուցանիշից։ Սա հենց ցույց է տալիս, թե ինչպես է մեր հայրենակիցների արտագնա աշխատանքի չմեկնելն ազդել Հայաստան ուղարկվող գումարների վրա։

Փոխարենը 63%-ով ավելացել է ԱՄՆ-ից ուղարկվող գումարների ծավալը՝ կազմելով մոտ 459 մլն դոլար։

Իսկ մնացած երկրներից միասին ուղարկվել է 558 մլն դոլար՝ 10%-ով պակաս, քան 2019-ին։

Ցավոք, այլ երկրների բացվածքն այս պահին հասանելի չէ ԿԲ-ի կայքում, այլապես այն թույլ կտար հասկանալ, թե եվրոպական և այլ երկրներից որոնք են առավել ակտիվ գտնվել դեպի Հայաստան դրամական փոխանցումների հարցում։ 

Հայաստանում բազմաթիվ ընտանիքների համար արտասահմանից եկող գումարները եկամտի ու ապրուստի կարևոր, երբեմն՝ միակ աղբյուրն են։ Դրանց կրճատումը ուղղակիորեն նշանակում է, որ 2020-ին այս ընտանիքների կենսակերպը վատացել է։

Հայաստանից դուրս եկող գումարները նվազել են 13%-ով

Հայաստանի քաղաքացիները ոչ միայն գումարներ են ստանում արտերկրից, այլև՝ իրենք էլ էական ծավալի գումարներ են փոխանցում արտերկիր։ Թե ինչ նպատակով են կատարվում այն փոխանցումները, ԿԲ-ն չի մանրամասնում։ Միայն հայտնի է, որ դրանք ֆիզիկական անձանց փոխանցումներն են։ Գումարների արտահոսքով ռեկորդային էր 2019 թվականը, երբ ավտոմեքենաների ներմուծման իսկական բում էր Հայաստանում, մարդիկ մեքենա էին գնում արտերկրից և դրանց դիմաց վճարումները կատարում էին բանկային համակարգով։ 

2020 թվականին արտահոսքը նվազել է։ Դա պայմանավորված է ինչպես  համավարակի ու պատերազմի հետևանքով մարդկանց եկամուտների կրճատմամբ, այնպես էլ՝ 2019-ի ռեկորդային ցուցանիշի հետ համեմատությամբ։ 2020 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից արտասահման են փոխանցել 1 մլրդ 267 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 187 մլն դոլարով կամ մոտ 13%-ով։

Գումարներ են փոխանցվում ինչպես Ռուսաստան ու ԱՄՆ, այնպես էլ՝ եվրոպական այլ երկրներ։ Ամենախոշոր բաժինը կրկին Ռուսաստանինն է։ Նախորդ տարի Հայաստանից դեպի Ռուսաստան այս տրանսֆերտները կազմել են մոտ 460 մլն դոլար, որը 2019-ի համեմատ աճել է 8%-ով։ Ստացվում է, որ նախորդ տարի Ռուսաստանից Հայաստան կատարվող փոխանցումները կրճատվել են, իսկ հակառակ ուղղությամբ՝ աճել։

Տրանսֆերտների արտահոսքի վիճակագրության մեջ 2020 թվականի նոյեմբերի թվերը օրինաչափությունից դուրս էին։ Այդ ամսին Հայաստանից ավելի շատ գումար է փոխանցվել արտերկիր (մոտ 168 մլն դոլար), քան արտերկրից Հայաստան փոխանցումներն էին (մոտ 153  մլն դոլար):

Վերջին տասը տարիների (2011-2020թթ.) դինամիկան ցույց է տալիս, որ դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ամենամեծ ներհոսքը գրանցվել է 2013 թվականին. այդ տարի Հայաստան է ուղարկվել 2.3 մլրդ դոլար։ 

Իսկ ռեկորդային արտահոսքը, ինչպես նշեցինք, 2019-ին է գրանցվել՝ հասնելով 1.45 մլրդ դոլարի։ 

Երբեմն տնտեսագետներն ու այլ մասնագետները տրանսֆերտների ներհոսքից ու արտահոսքից առավել շատ կարևորում են զուտ ներհոսքի ցուցանիշը։ Այն ցույց է տալիս Հայաստան եկած և Հայաստանից դուրս փոխանցված գումարների տարբերությունը։ 2020 թվականին զուտ ներհոսքը կազմել է 574 մլն դոլար՝ 14%-ով ավելի, քան նախորդ տարի։ Այս աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտահոսքն ավելի արագ տեմպերով է կրճատվել, քան ներհոսքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter