HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման երկու տարբերակ է առաջարկվում

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման երկու տարբերակ է առաջարկում: Կոմբինատը շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտում ռեկուլտիվացման աշխատանքների  ընդհանուր ժամկետ է նշում  2.4 տարին:

Ախթալայի հարստատուցուցիչ Ֆաբրիկայի պոչերը 1967 թվականից պահեստավորվել են «Նահատակ» պոչամբարում: 1988 թվականին պոչամբարի շահագործումը դադարեցվել է` ֆաբրիկա­յի ապա­մոնտաժ­ման պատճառով: 2001թ. «Լեռնամետալուրգիայի ինս­տի­տուտ» ՓԲԸ-ն մշակեց և իրականացրեց Ախթալայի հարստա­ցուցիչ ֆաբրիկայի վերագոր­ծարկման նախագիծը: 2001-2009թթ. ֆաբրիկայի պոչերը ժամանակավորապես պահեստա­վոր­վել են «ՊՆ» և «Նազիկ» փոքրածավալ պոչամբարներում, իսկ 2009թ.-իցիրականացվեց «Նահատակ» պոչամբարի վերականգնման  նախագիծը, և այն վերագործարկվեց: Ներկայումս հարստացուցիչ ֆաբրիկայի պոչերը պահես­տա­վորում են բացահանքի արդյունահանված տա­րածքում:

Նահատակ» պոչամբարը գտնվում է Ախթալա խոշորոցված համայնքում` Մեծ Այրում գյուղում, Դեբեդ գետի ձախակողմյան` Նահատակ վտակի կիրճում, ֆաբրիկայից 6.5 կմ հեռավորության վրա:

Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտում նշվում է, որ պոչամբարի ռեկուլտիվացիայի ենթակա մակերեսը՝ պատնեշի թեքություների մակերեսի հետ, շուրջ 18 հա է:

Աշխատանքներն արդյունավետ իրականացման համար պոչամբարի տա­րածքը նախատեսվում  է  բաժանել երեք մասի, իսկ  ռեկուլտիվացման աշխա­տանքնե­րը կատարել երկու փուլով:  Առաջին փուլում ռեկուլտիվացվելու է 11 հա տարածք` պատնեշի թեքությունների մակերեսը և լողափի չոր մակերեսը: Երկրորդ փուլում` մնացած 7 հա տարածքը` խոնավ և պարզեցման լճակի մակերեսները:

Պոչամբարի ռեկուլտիվացման համար, պատվիրատուի` ԼՀԿ-ի առաջարկությամբ,  մշակվել է նախագծի  2 տարբերակ: Դրանք պայմանականորեն անվանել են Ա և Բ տարբերակներ: Երկու տարբերակում էլ առաջին փուլում նախատեսվում է ռեկուլտիվացնել պոչամբարի փաստացի չոր մակերևույթով շեպը և  չորացած հորիզո­նա­­կան հարթակը, իսկ երկրորդ փուլում` ներկայումս դեռևս չչորացած հարթակը և ամբարտակից  ներքև պարզեցման լճակը:

Ա տարբերակը  նախատեսում է պոչամբարի լեռնատեխնիկական ռեկուլտի­վացիա և կենսաբանական: Հարթեցված մակերեսի  վրա փռվում է 0.3-0.4 մմ  հաստությամբ մեկուսացնող  պոլիէթիլային  թաղանթ` գեոմեմբրան: Այն կբացառի ինչպես մթնոլորտային տե­ղումնե­րի ներթափանցումը դեպի պոչեր, այնպես էլ պոչամբարի  զանգվածից ջրերի ներթափանցումը ռեկուլտիվացված շերտ: Տեղումների ջրի ավելցուկը` առանց ներթափացման պոչերի, կհեռացվի պոչամբարի մակերեսից: Թաղանթի վրա նախատեսվում է փռել 30 սմ հաստությամբ ապարների շերտ (դրենաժային շերտ) և հարթացնել:

Քանի որ պատնեշի փեշերը թեքություն ունեն (15- 180 ) և 50-55 բարձրություն, գրունտի և հողի 50 սմ շերտը տեղումների ընթացքում կարող է քշել տանել գետը, այդ իսկ պատճառով այս տարածքում նախատեսվում է միայն կենսաբանական ռեկուլտիվացում հիդրոցանքի եղանակով:

Կենսաբանական ռեկուլտիվացման փուլում` 2 տեղամասում, նախատեսվում է դրենաժային շերտը  ծածկել 20 սմ հողի բերրի շերտով և վրան տա­րած­քին բնորոշ  խոտաբույսերի ցանք իրականացնել:

Ռեկուլտիվացման 2-րդ փուլի աշխատանքները կսկսվեն պոչամբա­րի խոնավ մակերեսի և ջրի բնական չորացումից հետո:  Պոչամբարի չորացումը ջրի հեռացման եղանակով կբերի Դեբեդ գետի ջրերի լրացուցիչ աղտոտմանը՝ արտադրական կեղտաջրերով: Այս փուլի աշխատանքները կարելի է սկսել միայն պոչամբարի խոնավ մակերեսի վերջնական չորացումից հետո, երբ հնարավոր կլինի այս տարածքում ծանր տեխնիկայի աշխատանքը: Դա, ըստ նախագծի հաշվարկի, կտևի շուրջ 1,5 տարի:

   Բ տարբերակը` պոչամբարի լեռնատեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացիան է, որը նախատեսում է պոչամբարի հարթակների հարթեցում: Հարթեցման պրոցեսում  հարթակներին տրվում է թեքություն դեպի ջրահեռացման առուն` մթնոլորտային տեղումների հեռացման համար, հարթակների հարթեցված մակերևույթների վրա փռվում է մեկուսացնող պոլիէթիլենային թաղանթ, որը կբացառի ինչպես մթնոլորտային տեղումների ներթափանցումը դեպի պոչանքներ, այնպես էլ պոչամբարի զանգվածում առկա ջրերի ներթափանցումը մեմբրանից վերև` ռեկուլտիվացված շերտ: Այնուհետև նախատեվում է ապարների փռում գեոմեմբրանի վրա 50 սմ հաստությամբ շերտով: Որպես փռվող հումք կարող են օգտագործվել  «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի Շամլուղի բացահանքի լցակույտի մակաբացման ապարները:  Պատնեշի շեպի մակերեսի վրա  ապարների  շերտ չի փռվում: Ռեկուլտիվացիան իրականացվում է  հիդրոցանքի եղանակով: Հիդրո­ցանքը  կիրառվում է բոլոր տեսակի գրունտների համար, որտեղ անհրաժեշտ է ստեղծել բուսական շերտ և խուսափել էրոզիայից: Մթնոլորտային տեղումների հեռացման համար հարթակներին տրվում է թեքություն դեպի ջրահեռացման առուն:

Անվտանգությունից ելնելով` ռեկուլտիվացված պոչամբարի տարածքն առաջարկ­վում է արտաքին եզրագծով ցանկապատել  2 մ բարձրությամբ փշալարե ցանկապատով:

Ռեկուլտիվացման աշխատանքներին զուգահեռ կատարվելու է պոչա­տարի երկու գծերի ապամոնտաժումը:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբարի  ռեկուլտիվացման աշխատանքների նախահաշվային արժեքը երկու տարբերակների համար տարբեր է. եթե իրականացվի Ա տարբերակը, այն կկազմի 739 մլն դրամի չափ, եթե հավանություն ստանա Բ տարբերակը, ապա նախահաշիվը կկազմի շուրջ 598 մլն դրամ: ԼՀԿ-ն առաջարկում է կիրառել հենց այս` Բ տարբերակը:

Ռեկուլտիվացման իրանականացման բոլոր ծախսերը կատարելու է Ախթալայի  ԼՀԿ-ն: Աշխատանքները նախատեսվում է սկսել նախագծին դրական եզրակացության ստանալուց հետո:

Կարդացեք նաև` 

Լուսանկարը` Լարիսա Փարեմուզյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter