HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարչապետ․ «2020 թվականին երկու ոլորտում աճ է գրանցվել, մեկը գյուղատնտեսությունն է»

Կառավարությունը փետրվարի 11-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է բարելավել Հայաստանում ագրո­պա­րենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները և ընդլայնել լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակը։

Ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի հուլիսից, որի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով սարքավորումների մատակարարումն է:

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ծրագիրը մեկնարկից սկսած մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հաստատվել է 201 շահառուի լիզինգի տրամադրման 293 հայտ՝ շուրջ 8,9 մլրդ դրամի չափով, որոնց շրջանակներում ձեռք է բերվել շուրջ 750 միավոր սարքավորում, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 266 մլն դրամ:

«2020 թվականին երկու ոլորտում է աճ գրանցվել, որոնցից մեկը գյուղատնտեսությունն է, որտեղ որոշակի դերակատարում ունի նաև այս ծրագիրը»,- արձանագրեց վարչապետ Փաշինյանը։

Ծրագրի շրջանակում լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի առավելագույն 450 մլն դրամի շեմը բարձրացվում է մինչև 1 մլրդ դրամ։ Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման համար որպես հիմք սահմանված ֆինանսական կազմակերպությունների հանդեպ տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա կտրվածքով հանրագումարային ժամկետանց պարտավորությունների 60 օրվանից ավելի ժամկետը փոխարինվում է մինչև 90 օր ժամկետով։

Բացի այդ, առաջարկվում է նաև նախագծի գործողությունը տարածել 2020 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերություների վրա, որպեսզի նախկինում կնքված լիզինգի պայմանագրերի շրջանակներում 450 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումները Հայաստան հասնելու և լիզինգ ձևակերպելու օրվա արտարժույթի փոխարժեքով պայմանավորված՝ ապահովվեն ծրագրով նախատեսված պայմանները, ինչպես նաև մեղմվեն լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման ռիսկերը։

Նախագծի ընդունման արդյունքում կավելանան ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների շրջանակն ու քանակները, կապահովվի ծրագրի շրջանակում նախկինում կնքված պայմանագրերի շրջանակում 450 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումների լիզինգի տրամադրումը, ինչպես նաև կմեղմվեն լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման ռիսկերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter