
Սահմանադրական դատարանում գործ շահելը Վճռաբեկ դատարանի համար ոչինչ է
ՀՀ-ում, ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ստեղծվել է մի իրավիճակ, որը միջազգային իրավունքում որակվում է սահմանադրական ճգնաժամ:
2006 թ.-ից ի վեր, երբ սահմանադրական բարեփախումների արդյունքում ՀՀ քաղաքացիները հնարավորություն ստացան Սահմանադրական դատարանում վիճարկելու իրենց նկատմամբ դատարանների կողմից կիրառված դրույթների սահմանադրականությունը, ՍԴ-ն բազմաթիվ դիմումներ է ստացել: «Սահմանադրական դատարանը անձանց նկատմամբ կիրառված բազում դրույթներ ճանաչել է Սահամանդրությանը հակասող և անվավեր: Մենք մի քանի անգամ դիմել ենք Վճռաբեկ դատարան, որպեսզի բեկանվեն այն դատական ակտերը, որոնք ընկած են եղել ՍԴ գործի հիմքում, սակայն Վճռաբեկ դատարանը դրանք չի վերանայել,- նշում է Արտակ Զեյնալյանը,- երեք գործերով Վճռաբեկ դատարանում հարուցվեցին վերանայման վարույթներ, սակայն մերժվեցին, ինչի իրավունքը Վճռաբեկ դատարանը չունի: Օրինական ուժի մեջ չի կարող մնալ այն դատական ակտը, որում կիրառված է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված օրենքի դրույթ»:
Վճռաբեկ դատարանը, մյուս բանախոսի` փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքով, առաջնորդվում է «մենք ճիշտ ենք, որովհետև վերջինն ենք» սկզբունքով: Այլ պատճառաբանություն, թե ինչու դատական իշխանության բարձրագույն մարմինը չի կատարում ՍԴ-ի որոշումները, բանախոսը դժվարացավ գտնել, երբ որպես փաստաբան նման գործի է առնչվել: «Պատկերացրեք մարդը դատապարտվել է ինը տարի ազատազրկման, որովհետև նրա նկատմամբ կիրառում են հակասահմանադրական նորմ,-ասում է Կարեն Մեժլումյանը,- չորս անգամ դիմում է Սահմանադրական դատարան, չորս անգամ էլ ՍԴ-ն նրա նկատմամբ կիրառված նորմը ճանաչում է հակասահմանադրական: Նա ուրախանում է, բողոքում է Վճռաբեկ դատարան, բայց բողոքը վերադարձնում են: Խոսքը քրեական գործով Սիլվա Ասատրյանի դեպքն է: Եվրոպական դատարանը նրա ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ-ի դեմ վճիռ է կայացրել: Սակայն մարդն իր խախտված իրավունքը վերականգնելու հնարավորություն չունի»:
Բանախոսներին ընդամենը մեկ դեպք է հայտնի, երբ իրագործվել է Սահմանադրական դատարանի որոշումը, այն էլ` անօրինական ճանապարհով: Անձը դիմել է դատախազություն` նոր համակարգից կենսաթոշակ ստանալու խնդրով: «Մերժել էին նրան: Դիմել էր վարչական դատարան: Վերջինս հաստատել էր դատախազության գործողությունների և վարչական ակտերի իրավաչափությունը: Այնուհետև անձը դիմել էր Սահմանադրական դատարան: ՍԴ-ն այդ նորմերը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող և անվավեր: Այսինքն` պետք է բեկանվեր դատական ակտը: Սակայն առանց դատական ակտը բեկանելու, առանց մարդուն թույլ տալու, որ դիմի Վճռաբեկ դատարան, վարչական մարմինը, ունենալով իր գործողությունների օրինականությունը հաստատող, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, սկսել էր կենսաթոշակը վճարել»,- ասում է Արտակ Զեյնալյանը:
Նա զարմանում է, որ մինչև հիմա ՍԴ-ն մոտ 150-200 անձանց գործերում բացահայտել է հակասահմանադրական նորմ, բայց դրանցից որևէ մեկը չի վերանայվել Վճռաբեկ դատարանում: «Ինչո՞ւ չեն վերանայվում: Բոլորը սխա՞լ են: Այդպիսի բացարձակ բան լինո՞ւմ է: Հայաստանում քաղաքացիները սահմանադրական արդարադատության իրավունքից զրկված են»,- ասում է նա` լրագրողներին այս մասին պատմելը համարելով խնդիրը բարձրաձայնելու միակ տարբերակը:
Զեյնալյանի խոսքով` այլ երկրներում նման իրավիճակ չէ. Սահմանադրական դատարան հիմնականում դիմում են պետական մարմինները. «Մեզ մոտ կառավարությունը մեկ անգամ է դիմել, Մարդու իրավունքների պաշտպանը շատ քիչ է դիմում, նախագահը` ընդհանրապես: Քաղաքացիներն են դիմողները, նրանք իրենց վրա են վերցրել երկրում օրինականություն հաստատելու բեռը և, եթե չպետք է կարողանան վերականգնել իրենց սահմանադրական իրավունքը, նրանց ինչի՞ն է պետք ՍԴ-ն»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել