Փլված կառավարման համակարգի պարտությունը
Նրանք չկան, մի հսկա դատարկ խոռոչ է մեր մեջ, որը լցնել հնարավոր չէ: 4-5 հազար հոգի չկա այլեւս:
Այսօր մեծ մասը, չգիտեմ ինչու, համոզված ասում է, որ մենք այս պատերազմում պարտվելու էինք: Նախ՝ պատերազմից հնարավոր էր խուսափել, բայց իշխանություններն ունակ չէին դա անելու: Նրանք պատրաստ չէին իրենց պոպուլիզմից մի սանտիմետր նահանջելու: Այնպես որ, անիմաստ արդարացումներ մի’ փնտրեք: Ու ամեն ինչ բանակի վրա մի’ բարդեք: Մենք ունեինք 30 տարեկան բանակ, որը միշտ կատարել է առաջադրված խնդիրները: Բանակը մի օրում չի ստեղծվել, անցել է չափազանց դժվարին ճանապարհ: Այո, բանակում կային բազում խնդիրներ, բանակից թալանում էին (են), գողանում էին (են), բայց դա չի նշանակում, որ մենք բանակ չունեինք: Դուք չեք պատկերացնում, թե մենք ինչպիսի զինվորներ ու սպայակազմ ունեինք բանակում:
Ես միանգամայն հակառակ կարծիքին եմ, մի’ արդարացրեք այսօրվա իշխանություններին, գերագույն գլխավոր հրամանատարին: Նույնիսկ համոզված եմ, որ մեր ունեցած զենքերը բավարար էին թշնամուն կանգնեցնելու, հյուծելու ու ստիպելու դադարեցնել ռազմական գործողությունները: Իսկ եթե հակաօդային պաշտպանության «Տոր» համակարգերով բանակը համալրվեր մինչեւ հարձակումը, օդն ընդհանրապես փակ կլիներ: Նույնիսկ եթե առաջին օրերին արագ բերվեին հակաօդային նոր միջոցներ (դրանք շատ ուշ բերվեցին), որն, անշուշտ, հնարավոր էր, պատերազմը միանգամայն այլ ելք կունենար: Բայց իմքայլականները լուրջ չէին ընկալում պատերազմը սկսելու մասին բազում ազդակները: Սահմանից այն կողմ կուտակումներ կային, հարձակումից դեռ ամիսներ առաջ անդադար ինժեներական աշխատանքներ էին կատարվում, ամիսներ շարունակ: Բայց այս ամենն իշխանության համար հազարերորդական հարց էր:
Ես այսօր էլ համոզված եմ, որ եթե իմանայինք հարձակման օրն ու ժամը, թշնամուն ժամանակին կկանգնեցնեինք լրիվ ուրիշ բնագծերում: Առաջին հարվածին եթե պատրաստ լինեինք, պատերազմն այլ ելք կունենար: Մի օրինակ բերեմ. պաշտպանական ուղղություններից մեկում հարձակման առավոտյան երեք ԱԹՍ է խփել մեր ՀՕՊ-ը: Ինչու՞ մնացած ուղղություններում նույնը չի եղել, ոչ ոք չի էլ փորձում իմանալ: Մինչեւ հիմա, իմ ունեցած հանդիպումներից եմ եկել այդ եզրակացության, նույնիսկ չեն վերլուծել մեր պարտության պատճառները, չեն ուսումնասիրել տարբեր հատվածների մարտերը, կորուստների, հակահարձակման գործողությունների ձախողման պատճառները:
Երբ ինձ հարցնում են՝ ո՞րն է մեր պարտության պատճառը, անմիջապես պատասխանում եմ՝ տգիտությունը: Ապաշնորհ, անգրագետ կառավարման պատճառով ունեցանք այսքան զոհ, վիրավոր ու կորցրինք Արցախը: Այնպիսի խառնաշփոթ էր կառավարման համակարգում, որ նույնիսկ զրահաբաճկոնները չէին կարողանում տեղ հասցնել: Հարավային ուղղությունը կաթվածահար էր: Այդ ուղղությամբ տարբեր հատվածներում երբեմն չէիր կարողանում պարզել՝ ո՞վ է տվյալ ջոկատի հրամանատարը, այդ հատված ուղարկված հրաձիգների ջոկատն ի՞նչ խնդիր պետք է լուծի: Սարուշենի մոտ պատերազմի օրերին հանդիպել էինք ջոկատի, որը ենթարկվում էր Սամվել Բաբայանին եւ նրա հրամանով էր այնտեղ, կար ջոկատ, որին նախագահ Արայիկ Հարությունյանն էր ուղարկել, ու կային ՊԲ ժամկետային զինծառայողներ: Ու այս երեք ուժերը միմյանց հետ կապ չունեին: Անհասկանալի էր, թե ադրբեջանական զորքերն ինչպես էին առանց դիմադրության իրար հետեւից վերցնում հայկական գյուղերը, ինչու այնտեղ գտնվող զորքը կազմակերպված դիմադրություն ցույց չէր տալիս, չէիր հասկանում, թե ինչու էր հրետանին ժամերով հրետակոծում ինչ-որ հատված, ինչու անտառը սանրելու համար այդտեղ ուղարկված ջոկատին երեք օր գիշերային տեսանելիության սարքեր չէին բերում: Բազում-բազում անպատասխան հարցեր: Եվ մինչեւ հիմա ոչ մեկը չի փորձում որեւէ հարցի պատասխանել: Ոչ մեկը չի բացատրում, թե ինչպես էր հնարավոր հանձնել Հադրութը, ինչու Սղնախից հանեցին զորքը եւ ճանապարհ բացեցին դեպի Շուշի: Ու՞մ հրամանով եւ ինչու՞ Քարին Տակից հանեցին զորքը: Եվ ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին՝ հայտնի փաստաթուղթը ստորագրելուց ժամեր առաջ, գրում՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են: Երբ ժամեր անց ստով բեռնված իր քարավանը պիտի ծնկեր Ալիևի առաջ: Ու երբեք, երբեք չեմ կարողանա հասկանալ, թե գլխավոր շտաբի պետը 44 օրվա ընթացքում ինչու չեկավ զորքի մոտ, ինչու ոտք չդրեց Արցախ:
Այդպես էլ, որևէ հարցի պատասխան չստանալով, ավերեցինք երկրի անվտանգության համակարգը, Հայաստանը նետեցինք ռուսների եւ թուրքերի գիրկը: Ու այսօր մենք գրեթե չկանք որպես երկիր:
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել