
«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը դատական հայց է ներկայացրել ՏՄՊՊՀ-ի դեմ
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ընդդեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) դիմել է վարչական դատարան՝ հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
ՏՄՊՊՀ-ն դեռևս 2020թ. հուլիսին հաստատված էր համարել մի շարք ապրանքային շուկաներում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մենաշնորհ դիրքի առկայությունը: Հանձնաժողովն ապրանքի գնի չհիմնավորված բարձրացման, խտրական գների սահմանման կամ կիրառման, այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ խտրական պայմանների սահմանման համար ընկերության գործողությունները որակել էր` մենաշնորհ դիրքի չարաշահում, օրենքի խախտում: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տուգանվել էր 5 մլն ՀՀ դրամի չափով: Հանձնաժողովը խախտումները վերացնելու համար ընկերությանը ժամկետ էր տրամադրել, սակայն վերջինս որոշել է դիմել դատական պաշտպանության:
ՏՄՊՊՀ-ն 2020թ. հուլիսի 20-ի թիվ 288-Ա որոշմամբ՝ հաստատված էր համարել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում մատուցվում են մի շարք ծառայություններ՝ այդ թվում ավիացիոն և ոչ ավիացիոն:
Հանձնաժողովը պարզել է, որ 2020թ. հունվարի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում վճարովի ավտոկայանատեղիի ծառայության մատուցման սակագները ենթարկվել են փոփոխության: Մարդատար ավտոմեքենաների կայանման սակագինը 1 ժամվա համար 500 դրամից դարձել է 800 դրամ, 1 օրվա սակագինը՝ 2000 դրամից դարձել է 3000 դրամ, իսկ մեկ ամսվանը՝ 10 հազարից դարձել է 15 հազար դրամ: Սակայն, ընկերության կողմից կիրառվող վճարային տերմինալների միջոցով վճարումներն իրականացնելու պարագայում գործում են նախկին՝ ավելի ցածր սակագները:
Ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում վճարովի ավտոկայանատեղիի մատուցման ծառայությունների սակագները և դրանց ձևավորման բաղադրիչները՝ պարզ է դարձել, որ սակագների փոփոխությունն առավելապես պայմանավորված է եղել վերադիր գումարի ավելացմամբ: Իսկ ընկերությունն այն պատճառաբանել է նոր վճարային համակարգի ներդրմամբ և այդ համակարգին անցում կատարելու մտադրությամբ:
Հանձնաժողովը գտել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում մարդատար ավտոմեքենաների կայանման ծառայության մատուցման շուկայում ընկերությունը չարաշահել է իր մենաշնորհ դիրքը: Արձանագրվել է, որ վճարովի ծառայությունների մատուցման ծառայության սակագների բարձրացումը պայմանավորված չի եղել տնտեսական գործոնների առկայությամբ:
Բացի այդ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության հետ կնքած կոնցեսիոն պայմանագրի համաձայն, իրավասու է ընդհանուր բնույթի թույլտվություններ տալ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում առևտրային գործունեության համար: Համապատասխան թույլտվության համաձայն՝ սահմանվում է ամսավճար, որը ձևավորվում է մի շարք գործոնների հիման վրա:
Հանձնաժողովն ամրագրել է, որ ընկերությունը ««Զվարթնոց» օդանավակայանի մեկնման, ժամանման սրահներում և ստերիլ գոտում գտնվող տարածքներում առևտրային շահագործման և օգտագործման թույլտվությունների» ապրանքային շուկայում չարաշահել է իր մենաշնորհ դիրքը՝ այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ սահմանելով և կիրառելով խտրական պայմաններ՝ այդ թվում խտրական գներ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել