HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

5 և 10 միլիոն դրամ տուգանքը՝ մահակ ԶԼՄ-ների համար

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագով վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար հինգ և տաս միլիոն դրամ: Լրատվական կազմակերպությունները քննադատում են առաջարկվող փոփոխությունը: «Մեդիա կենտրոն»-ի հրավիրած առցանց քննարկմանը «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը պնդեց՝ նույնիսկ գործող օրենքի մեկ միլիոն և երկու միլիոն սահմանաչափն է բավականին բարձր շեմ ԶԼՄ-ների համար:

Ըստ Մելիքյանի՝ պաշտոնյաները հաճախ օբյեկտիվ քննադատությունն ընկալում են որպես վիրավորանք կամ զրպարտություն, ու դա դառնում է դատական վեճ: Նրա համոզմամբ՝ այս փոփոխությունը կարող է դիտարկվել որպես մահակ լրատվամիջոցների համար:

«Ո՞վ է որոշել որ ողջամիտ շեմ է հինգ միլիոն կամ տաս միլիոն դրամը»,- ասում է Մելիքյանը՝ ասելով, որ չնայած իշխող մեծամասնության պատգամավորների համոզմամբ մամուլը հեղեղված է վիրավորանքով ու զրպարտությամբ, սակայն օերնքի փոփոխությունից հետո իրավիճակը չի փոխվելու: Մելիքյանի կարծիքով՝ այն կարող է մեսիջ դառնալ դատարանների համար, որ գործող պրակտիկան վերանայեն ու ավելի բարձր փոխհատուցման չափեր նշեն:

ԽԱՊԿ նախագահի համոզմամբ՝ վիրավորանքն ու զրպարտությունն առաջին հերթին տարածվել է քաղաքական պայքարի հետևանքով, եթե իրենք կարողանան բացառել վիրավորական արտահայտությունները, մթնոլորտը բավականին շուտ կարող է հանդարտվել:

Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նման կարգավորումը համարում է քողարկված քրեական հետապնդում, այն իր բովանդակությամբ քրեական բնույթի պատիժ է, այլ ոչ թե քաղաքացիական իրավունքի խախտման համար առաջարկվող փոխհատուցում: Ղազարյանը հիշեցրեց, որ Քրեական օրենսգքրում ամենաբարձր տուգանքը հասնում է 800 հազար դրամի, իսկ այս նախագծով միանգամից հինգ ու տաս միլիոն է առաջարկվում:

«Կգտնվեն քաղաքացիներ, որ կասեն՝ ավելի լավ է մեկ-երկու տարի կալանքի տակ անցկացնեմ, քան էդ գումարը վճարեմ, ուղղակի խելահեղություն է փոխհատուցման համար ահռելի բարձր չափեր սահմանել»,- ասում է Ղազարյանը:

Նրա համոզմամբ՝ քաղաքական առաջնորդները թերագնահատում են խոսքի ազատությունը, ԶԼՄ-ներին առնչվող փոփոխությունից առաջ նախ պետք է երկխոսեն մասնագիտական շրջանակների հետ: Ղազարյանի համոզմամբ՝ սա ոչ թե փոխհատուցում է, այլ տուգանք, չի կարղ հինգ միլիոն կամ տաս միլիոն դրամ փոխհատուցում լինել, իսկ տուգանքի նպատակը պատժելն է:

Աշոտ Մելիքյանը հավելեց՝ գործող իշխանությունները պետք է հասկանան, որ հավերժ չեն, կարող են դառնալ ընդդիմություն, և հենց իրենք զգան այդ մահակի հետևանքները:

Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter