
Կյանքը վթարային շենքում
Միրաքյանների ընտանիքն ահազանգում է՝ մեկ տարվա մեջ արդեն երկրորդ անգամ փլուզվել է իրենց առաստաղը։
Գյումրիի Կազաչի պոստ 237 շենքի առաջին հարկի երկսենյականոց բնակարանում ապրում է Անահիտ Միրաքյանն իր չափահաս երեխաների՝ Կարենի, Մարիամի ու թոռնիկների հետ։ Փլուզման պատճառով Մարիամը երեխաների հետ ստիպված է եղել տնից ժամանակավորապես դուրս գալ։ Իսկ տիկին Անահիտը և Կարենը գնալու տեղ չունեն, երկուսն էլ հաշմանդամ են և առողջական խնդիրներ ունեն։
Մարիամն ասում է, որ փլուզումից շատ են վախեցել, բարեբախտաբար որևէ մեկը չի տուժել։ Առաջին անգամ մասնակի փլուզվել է ննջասենյակի առաստաղը։ Երկրորդ անգամ փլուզվել է հյուրասենյակի առաստաղը։ Բոլոր բնակիչները բողոքում են, որ շենքի տանիքը փլուզման եզրին է։
Կազաչի պոստ 237-ը 3-րդ աստիճանի վթարային շենք է, այն չունի սպասարկող համատիրություն։ 2003 թ.-ին տրված սեյսմիկ եզրակացության համաձայն՝ այս շենքում բնակվելը խիստ վտանգավոր է։ Չնայած սրան՝ շենքում 17 բնակարանից 7-ը բնակեցված է։
Այստեղ ապրում են և՛ միայնակ տարեցներ, և՛ բազմանդամ ընտանիքներ։ Տարիներ առաջ այս շենքում ապրելու համար բնակիչներին տրվել է միասնական օրդերի հիմքով բնակվելու թույլտվություն։ Նրանցից բնակարանի սեփականության վկայական ունի միայն 5-ը։
Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Դավթյանի խոսքով՝ 2002-2004 թ.-ին Գյումրիում Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ 100 վթարային շենքում ամրապնդման և վերանորոգման աշխատանքներ պետք է իրականացվեին։ Այս 100 շենքից ամրացվել է մոտ 70-ը, իսկ մյուս շենքերում որևէ աշխատանք չի իրականացվել, հիմնականում բնակիչները սեփական ուժերով են վերանորոգում իրենց շենքերի տանիքները և քանդված մասերը։ Ըստ մասնագետի՝ ամրացման աշխատանքներ առաջիկայում չեն նախատեսվում։
• Կարդացեք նաև՝ «Հայաստանում կա 614 վթարային շենք, որից 90-ը՝ 4-րդ աստիճանի վնասվածության»
Ապրեյանների ընտանիքը երեք սենյականոց բնակարանում ապրում է 9 հոգով, այստեղ բնակություն են հաստատել շուրջ 10 տարի առաջ։ Ըստ Արթուր Ապրեյանի՝ կիսափլուզված տանիքի պատճառով իրենց տան առաստաղն անընդհատ խոնավ է, անձրևների և ձնհալի ժամանակ ջուր է կաթում։
«Հետքը» այցելել է այս շենք և զրուցել բնակիչների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
Մեկնաբանել