HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է բնակչության 28%-ը

Իսրայելը մնում է աշխարհում առաջատարը՝ կորոնավիրուսից բնակչությանը զանգվածային պատվաստման արագությամբ։ Meduza-ն գրում է, որ Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ փետրվարի 16-ի դրությամբ ամբողջությամբ պատվաստվել է Իսրայելի բնակչության ավելի քան 28 %-ը և 16 տարեկանից բարձր բնակչության մոտ 39 %-ը (Իսրայելի բնակչության թիվը՝ 9,3 մլն)։ Այդպիսի տեմպերի հնարավոր է եղել հասնել շնորհիվ Pfizer ընկերության հետ հատուկ համաձայնագրի, որի մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր փետրվարի սկզբին։ 2021 թվականի մարտի վերջին 16 տարեկանից բարձր բոլոր իսրայելցիները կկարողանան ստանալ Pfizer/BioNTech պատվաստանյութ։

Նեթանյահուի խոսքերով՝ համաձայնագրի շրջանակներում, Իսրայելը դարձել է «ողջ երկրի արագ պատվաստման միջազգային մոդել»։ The Guardian-ը հիշեցնում է, որ Նեթանյահուի համար պատվաստումների հաջող արշավը նաև քաղաքական խնդիր է լուծում, ինչը հնարավորություն կտա նրան վերընտրվել խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որը նախատեսված է 2021 թվականի մարտի 23-ին։

Հիվանդացությունը 60 տարեկանից բարձր բնակչության շրջանում, որոնց Իսրայելում սկսել են պատվաստել առաջինը, արդեն սկսել է արագ կրճատվել։ Ընդ որում, այս տարիքային խմբի բնակչության 72-83 %-ն արդեն իսկ ստացել է պատվաստանյութի ամբողջական դեղաչափ։ Այս կատեգորիայի ներկայացուցիչների հոսպիտալացման ցուցանիշները, հունվար ամսվա միջին ցուցանիշի հետ համեմատած՝ ընկել է 34 %-ով, սակայն երիտասարդների շրջանում այն մնացել է նույն մակարդակին և նույնիսկ որոշակի բարձրացել։ Ստացվում է, որ այս ազդեցությոնը կապված չէ 2021 թվականի հունվարին Իսրայելում մտցված հերթական լոքդաունի հետ։

«Ազդեցությունն ավելի ուժեղ է տարեց մարդկանց մոտ, քան երիտասարդ բնակչության, որը պետք է պատվաստվի ավելի ուշ»,- The Financial Times-ին հայտնել էր կենսաբան, պրոֆեսոր Էրան Սեգալը։ Վերջինս գիտական այն խմբի ղեկավարն է, որն ուսումնասիրում և վերլուծում է Իսրայելի առողջապահության նախարարության տվյալները։

Երկրի խոշորագույն բժշկական կազմակերպություններից մեկը՝ «Մաքաբի» կլինիկաների ցանցը, որն արդեն իսկ կես միլիոն մարդու պատվաստել է երկու դեղաչափերով, հայտարարել է, որ պատվաստվածներից միայն 544-ի կամ 0,1 %-ի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս։ Կլինիկաների ցանցի իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 93 %։

Այդուհանդերձ, Իսրայելի առողջապահության նախարարությունը մտահոգված է երիտասարդ բնակչության շրջանում հիվանդացության աճով, որը դեռևս չի հասցրել պատվաստվել։ «Նկատվում է 60-ից բարձր բնակչության շրջանում կորոնավիրուսով հիվանդների թվի էական անկում։ Սակայն ավելանում է առավել երիտասարդ բնակչության շրջանում ծանր վիճակով պացիենտների թիվը»,- նշվում է Իսրայելի առողջապահության նախարարության փետրվարի 14-ի հաշվետվության մեջ, որը մեջբերում է The Jerusalem Post-ը:

Նախարարության տվյալներով՝ նախորդ հանգստյան օրերին մարդկանց գրեթե 75 %-ը, որոնց մոտ հաստատվել է COVID-19, 40 տարեկանից ցածր են եղել և միայն մոտ 7 %-ը՝ 60 տարեկանից բարձր։ 60 տարեկանից ցածր մարդկանց ներկայում բաժին է հասնում նաև հիվանդության ծանր դեպքերի 38 %-ը, իսկ այս ցուցանիշը 53 %-ով ավելի բարձր, քան դեկտեմբերին ամսին։

Իսրայելի առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրում կորոնավիրուսի գերակշռող շտամը դարձել է բրիտանականը, որը, վերջին հետազոտությունների տվյալներով, առավել վարակիչ է և հիվանդության առավել ծանր ընթացք է առաջացնում։

Այս ֆոնին Իսրայելի իշխանությունները լրջորեն մտահոգված են պատվաստման տեմպերի կրճատմամբ։ 2021 թվականի հունվարին օրական պատվաստվել է մինչև 150 հազար մարդ, իսկ փետրվարին՝ ցուցանիշն ընկել է օրական ընդհուպ մինչև 60 հազարը։ Խնդիրը լուծելու նպատակով Իսրայելի իշխանություններն սկսել են ձեռնարկել մի շարք գործողություններ։ Այսպես, երկրի առողջապահության նախարարությունը ուժեղացրել է ապատեղեկատվության դեմ պայքարի աշխատանքային խումբը, որն ուղղված էր պատվաստումների դեմ քարոզչության բացահայտմանը։ Խումբն ամենօրյա ռեժիմով և մի քանի լեզուներով ուսումնասիրում է սոցիալական ցանցերը՝ հասնելով կեղծ էջերի և հաղորդագրությունների արգելափակմանը։

Փետրվարի 21-ից Կառավարությունը պատվաստված քաղաքացիներին հնարավորություն կտա այցելել մարզասրահներ, լողավազաններ, հյուրանոցներ և մշակութային հաստատություններ։ Ներկայում, լոքդաունի պատճառով, այդ հաստատությունները փակ են։ 

Լուսանկարը՝ Yonatan Sindel/Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter