HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մարուքյանի համոզմամբ՝ պատերազմի վերաբերյալ Սերժ Սարգսյանի պնդումները 90%-ով ճշմարտություն են

Արցախի սահմանադրությամբ ամրագրված է, որ «յոթ շրջանները» Արցախի տարածքի անքակտելի մասն են. այդ տարածքները ժողովրդին մատուցվել է որպես Արցախի տարածք: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին և վերջինիս այն դիտարկմանը, որ երբեք «ոչմիթազական» չի եղել: Մարուքյանը Սարգսյանի հարցազրույցից հետո հարց էր բարձրաձայնել, թե ինչու է հայկական կողմը տարիներ շարունակ ներդրումներ արել այդ տարածքներում, եթե փոխզիջման էր պատրաստվում, ինչպես պնդում էր երրորդ նախագահը: Մարուքյանի համար զարմանալի է, որ այս հարցը բարձրացնելուց հետո ՀՀԿ-ական նախկին գործընկերները իր հասցեին վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս:

Սարգսյանի հարցազրույցից հետո Մարուքյանը կրկին համոզվել է, որ պետք է փաստահավաք խումբ ստեղծել ու քննել պատերազմին առնչվող բոլոր դրվագները: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ պաշտոնաթող նախագահի պնդումները 90 տոկսով ճշմարտություն են: Մարուքյանը հայտնեց, որ երբ հոկտեմբերի 2-ին մեկնել է Արցախ, տեղեկացել է, որ թույլ չեն տվել նախկին փորձառու գեներալներին մասնակցել պատերազմի հետ կապված խնդիրների լուծմանը:

«Բոլորը հիասթափված, Ստեփանակերտի հրապարակում կանգնած էին: Արցախի նախագահը պետք է պատասխան տա նրա համար, որ նախկին նախագահները ուզել են օգնել, հանդիպում են խնդրել, բայց փաստորեն նա մերժել է այդ հանդիպման առաջարկը»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ հենց այդ ամենի համար պետք է ստեղծվի հանձնաժողովը, ու բոլոր հանգամանքները քննվեն: Ըստ նրա՝ ինֆորմացիաները կարող են հնանալ, վկայություններ տվողները հնարավոր է այլ վկայություններ տան, չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո փաստաթղթավորված տվյալներ չլինեն:

Մարուքյանի խոսքով՝ հոկտեմբերի 2-ին Արցախի խորհրդարանականները խնդրել են իրենց վերադառնալ Հայաստան՝ ասելով, որ քաղաքական ու դիվանագիտական բոլոր լծակները պետք է օգտագործել պատերազմը կանգնեցնելու համար: Ըստ նրա՝ արդեն իսկ հոկտեմբերի 2-ին պարտությունն ակնհայտ էր, հաղթելու մասին Արցախում ոչ ոք չէր խոսում:

Մարուքյանը նաև հայտնեց, այսօր Սահմանադրական դատարանում սպասվում  էր խորհրդարանի 1/5 պատգամավորների դիմումի քննությունը, որով վիճարկվում է սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը, այդ թվում նախագահի լիազորությունների փոփոխությանն առնչվող հարցը: ՍԴ որոշումը պատգամավորները ստացել են, ուսումնասիրելուց հետո հայտարարությամբ հանդես կգան: Մարուքյանի խոսքով՝ նախագահի լիազորություններին առնչվող վեճը կարճվել է, մնացել է ԱԺ կանոնակարգ օրենքի վիճարկման հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter