«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով կրկին նախագիծ է հեղինակել
Քաղաքական մեծամասնության մի քանի տասնյակ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ` փորձելով լուծել «ՍԴ-ում առկա ճգնաժամը»:
Պատգամավորներն առաջարկում են օրենքով ամրագրել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:
Նույն կերպ առաջարկվում է դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները, ինչից հետո Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվելու ՍԴ կազմից:
Նշվում է նաև, մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում նախորդող հոդվածով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:
Այլ կերպ ասած` առաջարկվում է դադարեցնել ՍԴ անդամների` Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնել որպես ՍԴ նախագահ` շարունակելով գործունեությունը որպես ՍԴ դատավոր:
Հիմնավորումներում նշվում է, որ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությամբ` ՍԴ դատավորների համար սահմանվել է գործունության 12 տարի ժամկետ, մինչդեռ ավելի վաղ նշանակված ու ընտրված ՍԴ անդամները կարող են պաշտոնավարել մինչև 33 տարի, ուստի այս փոփոխությամբ պաշտոնավարման ժամկետներում առկա էական տարբերությունը կշտկվի:
Ըստ քաղաքական մեծամասնության պատգամավորների` ակնկալվում է այս կերպ լուծել դատարանի կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրային վստահության բացակայության շուրջ առկա խնդիրները:
Նախագծին կից ներկայացված է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրությունը` դիմել ՍԴ նախագծի սահմանադրականության հարցով:
Հիշեցնենք, որ խորհրդարանն ընդունել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշումը հետ կանչելու վերաբերյալ նախագիծը, սա նշանակում է, որ արտակարգ դրությունն ավարտվելուց հետո հանրաքվե չէր լինի այդ հարցով:
Խորհրդարանն ընդունել է նաև ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որը հնարավորություն է տալիս ՍԴ դատավորների ընտրությունն իրականացնել նաև արտահերթ նիստերի ժամանակ: Սա նշանակում է, որ չնայած չորրորդ նստաշրջանն ավարտել է իր աշխատանքը, սակայն, ամենայն հավանականությամբ, խորհդրարանն արտահերթ նիստով կքննարկի նախագիծը:
Հիշեցնենք նաև, որ սա Հրայր Թովմասյանի` որպես ՍԴ նախագահ լիազորությունները դադարեցնելու երկրորդ նախագիծն է: Դեռ տարեսկզբին քաղաքական մեծամասնությունը ցանկանում էր փոփոխել Սահմանադրության 213-րդ հոդվածը, որպեսզի Հրայր Թովմասյանի և ՍԴ այն անդամների, որոնք նշանակվել են մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, լիազորությունները դադարեն: Այդ ժամանակ «Իմ քայլը» տապալեց նախագծի քվեարկությունը, որպեսզի հետագայում Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հանրաքվե անցկացվի, սակայն այդ ամենը ձախողվեց համավարակի պատճառով:
Մեկնաբանել