HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Վերինշենից տեղահանված ընտանիքն Արցախ վերադառնալու հույս ունի

Եղանակը դրսում քիչ-քիչ փոխվում է: Բարձրացած քամին վառարանի ծուխը ներս է բերում: Մեր աչքերը սկսում են մրմռալ դրանից: 6 երեխաները՝ Սիրանուշը, Ալվարդը, Շուշանը, Արմենը, Արամն ու Խանդութը, հյուրասենյակում տեղավորվել են: Արմենն ածխացած փայտի կտորը հանում է վառարանից ու դուրս տանում: Վառարանը հանգստանում է: Արմենն է փայտի գործի պատասխանատուն, քանի դեռ հայրը՝ Ռոբերտը, դիրքերում է: Տղան երբեմն դպրոց գնալուց առաջ է կտրում փայտը, հաճախ էլ՝ դասերից հետո:

-Չե՞ք վախենում, որ կացինը էրեխու ձեռքն եք տալիս,- հարցնում եմ մորը՝ Արեգնազանին՝ ավելի շատ Արմենի արձագանքը ստուգելու համար:

-Ինքը փոքր ժամանակ փոքր կացին ուներ, սովորեց, հիմա էլ մեծով է կտրում: Ինձնից, հորից լավ է կտրում: Հայրը դրուժբայով կտրում, թողնում է փայտը, հետո Արմենը կացինով կտրում է,- ասում է 6 երեխաների մայրը:

-Իյա, ես էլ եմ կարողանում դրուժբայով կտրել,- անմիջապես պատասխանում է Արմենը:

Պատուհանագոգին դրված փողաշուշանը (կալա) նոր է ծաղկել: Ամռանը դեռ նվազ մի բույս էր, որը Ռոբերտի մայրը՝ տիկին Ալվարդը, դպրոցից էր տուն տարել, հողը փոխել, դրել ծառերի տակ: Երբ Ռոբերտը վերջին անգամ այցելել էր Նոր Վերինշենի իրենց տուն, մայրը խնդրել էր ծաղիկներն էլ բերել։

Տիկին Ալվարդը Արցախի Շահումյանի շրջանի (պատերազմից հետո թշնամուն հանձնված Քելբաջարի) Նոր Վերինշեն գյուղի դպրոցի բակապահն էր: Նա երկրորդ անգամ տեղահանվեց: Առաջինը 1988-ին էր, երբ Շամխորի շրջանից տեղահանվեցին Հայաստան, ինչից հետո ապրում էին Չարենցավանի հանրակացարանում: Այն ժամանակ հայերն ու ադրբեջանցիները փոխանակում էին տները, բայց իրենք չհասցրեցին: 1999 թ. երկու որդիների եւ դստեր հետ տիկին Ալվարդը տեղափոխվել էր Նոր Վերինշեն գյուղ:

Երկու տարի անց Երեւանից նույն գյուղ էր տեղափոխվել Արեգնազանի հայրական ընտանիքը: Այդ ժամանակ Արեգնազանը 10-րդ դասարան էր: Դպրոցն նա ավարտել էր Նոր Վերինշենում, ինչից հետո ընդունվել էր Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարան, որտեղ ուսումը 4 տարի էր: Ռոբերտն այդ ժամանակ Ստեփանակերտում էր ծառայում: Մայրը՝ տիկին Ալվարդը, որդուն նամակներ էր ուղարկում Արեգնազանի միջոցով: Այդպես էլ ծանոթացել են, հետո մտերմացել: Ուսումնարանի վերջին կուրսում նշանվել են, ավարտելուց հետո՝ ամուսնացել:

Արեգնազանը մասնագիտությամբ խմբավար է, սակայն քանոն եւ դաշնամուր էլ է նվագում: Ավարտելուց հետո աշխատում էր Նոր Վերինշենի ակումբում, ավելի ուշ՝ Քարվաճառի մշակույթի տանը: Այստեղ էլ ուներ իր համույթը, որը կազմված էր երգչախմբից ու երաժիշտներից: Հաճախ համերգներ էին ունենում:

5-ամյա Խանդութը մոր հեռախոսն է բերում: Միասին նայում ենք համույթի նկարներից: Նախորդ ձմռանը Դադիվանքի բակում համերգ էին ունեցել: Արեգնազանը թվարկում է համույթի անդամների անունները: Մի տեսակ երանություն է նկատվում նրա հայացքում: Քարվաճառի մշակույթի տունն ամբողջությամբ վերանորոգվել էր ու տեխնիկապես վերազինվել, սակայն այդպես էլ չհասցրեցին վայելել: Կորոնավիրուսի պատճառով չէր գործում, որոշել էին աշնանը վերսկսել աշխատանքը, քանի որ համավարակի վտանգն անցել էր, սակայն բանը դրան չհասավ:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ուժեղ ձայներ են լսել: Արեգնազանն ասում է՝ ամուսինը, որ զինվորական մեքենայի վարորդ է, այդ օրը դիրքերում չէր, բայց զանգել-իմացել էր, որ պատերազմ է սկսվել: «Ամուսինս ասեց՝ էրեխեքի համար արագ-արագ շոր հավաքի, ես պիտի դիրքեր գնամ: Էրեխեքին ասեցի՝ վեր կացեք, պատերազմ է սկսվել: Սկզբից չէին հավատում, հետո որ տեսան լացում եմ, վեր կացան, թե՝ իսկականի՞ց, մամ»,-պատմում է 36-ամյա կինը:

Նույն օրը հարեւանի հետ երեխաներին ճանապարհել են Հայաստան, ժամեր անց էլ իրենք են եկել: Սկզբից 21 հոգով (Արցախից տեղահանված բարեկամներով) մնում էին Չարենցավանում՝ բարեկամներից մեկի երկսենյականոց տանը: Այն ժամանակ դեռ մտածում էին, թե պատերազմը մի քանի օրից կավարտվի ու կվերադառնան իրենց տուն. այգին արդեն պատրաստ էր բերքահավաքի:

-Մեծ այգի ունեինք՝ կաղամբ, կարտոֆիլ, պոմիդոր՝ լավ կարմրած, վարունգ, ամեն ինչ ունեցել ենք: Բախչեն սալամաթ թողեցինք, եկանք,- ասում է Արեգնազանը:

-Խաղողը թառմայի վրա սիրուն մնացել էր, աշնան լոբի ունեինք, ոնց որ յոլկա լիներ: Արեգը գնաց, հազիվ մի քիչ հավաքեց: Կարտոֆիլը հանել էինք, դա էլ մնաց,- ավելացնում է տիկին Ալվարդը:

-Էդ գիշեր (նոյեմբերի 9-ին – հեղ.) որ կարդացի Փաշինյանի գրածը, ինֆարկտը խփեց ինձ: Էնտեղ եմ թողել պապայիս ու քրոջս գերեզմանները: Հելել եմ, ասում եմ՝ մամա, Փաշինյանը տվել ա հողերը: Գիտե՞ս, թե մեր տղերքը ոնց էին պահել մեր դիրքերը: Մի կտոր հող չեն տվել Քարվաճառից,- Արեգնազանի դեմքը կարմրում է, ձայնն սկսում է դողալ, արցունքներն արագ մաքրում է, ավելացնում, թե մինչեւ հիմա չի պատկերացնում, որ Քարվաճառը հանձնել են:

Շրջանը հանձնելուց (նախատեսված էր նոյեմբերի 15-ին, բայց հանձնվեց 25-ին) մի քանի օր առաջ Արեգնազանն ամուսնու քրոջ հետ գյուղ էր գնացել: Առաջինն այցելել էր հոր եւ քրոջ շիրիմներին: Դա նրա վերջին այցն էր Նոր Վերինշեն: Տան իրերից շատ բան չի կարողացել բերել, բայց սիրտը չի տվել շանը՝ Քոթոթին, բադերին ու հավերին մենակ թողնել այնտեղ։ Նապաստակի վանդակի մեջ է դրել ու հետը բերել Հայաստան։ Քոթոթը մի քանի ամսական է, հիմա ակտիվ վազվզում է բակում։

Հայաստան գալու ճանապարհը հիշելիս Արեգնազանի ձայնը փոխվում է։ Արտասվում է՝ առանց թաքցնելու արցունքները։ Ասում է՝ չեք պատկերացնում, թե ինչ էր կատարվում ճանապարհներին։ Գաղթի ճամփա բռնածների պես էին, սակայն մի տարբերությամբ՝ մեքենաներով էին։ «Ճանապարհները խցանվել էին։ Պատկերացրեք՝ տեղ չկար, շարասյունով գնում էին։ Մեքենաներ կային, որ փչացել էին ճանապարհներին։ Կանայք՝ էրեխեքը գրկներին, սպասում էին մինչեւ սարքեն մեքենաները։ Մեքենաներից երբեմն սնունդը թափում էին գետնին, որ ավելի թեթեւ լինեն մեքենաները։ Ճանապարհին դիք տեղեր կային, որ մեքենաները չէին կարողանում բարձանալ»,- վերհիշում է Արեգնազանը։ Արցունքների չորացած հետքերը դեռ նրա կարմրած այտերին են։

Նոյեմբերի 5-ին 6 երեխաների եւ սկեսրոջ հետ 36-ամյա կինը ժամանակավոր տեղավորվել է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում։ Ծանոթներից մեկի տունն է։ Այստեղ մնալու վերջնաժամկետ ունեն։ Տանտերերն ասել են, որ գարնանը տունը պետք է վաճառեն, հետեւաբար, ստիպված են դուրս գալ։ 4 երեխաները Քարաշամբի դպրոց են գնում, մինչեւ այդ մի քանի շաբաթ Չարենցավանում էին հաճախել դասի։ 6-ամյա Արամը, սակայն, այս տարի այդպես էլ չհաճախեց առաջին դասարան։ Տեղից տեղ գնալը դժվարություններ է ստեղծելու երեխայի համար։ Տատն ասում է՝ պատկերացնու՞մ եք, թե երեխան, որ դեռ նոր էր սկսելու սովորել տառերը, դպրոցից դպրոց պետք է տեղափոխվեր։ Արամը հաջորդ ուսումնական տարվանից դպրոց կհաճախի։ Տնեցիները հույս ունեն, որ մշտական տանիք կունենան, երեխաներն էլ ստիպված չեն լինի դպրոցից դպրոց գնալ։

Արեգնազանն ասում է՝ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում տուն են հավանել։ Երկու սենյակ է, բայց նաեւ կից ավտոտնակ կա, որը հետագայում գուցե սենյակների վերածեն։ Արցախից ստացած աջակցության գումարը չեն ծախսել, պահել են տան համար, բայց ունեցածը չի բավականացնում։ Տունն արժե 8500 դոլար, պակասում է 3500 դոլարը։ Առհասարակ Արեգնազանն առանց դժգոհելու է խոսում, ասում է՝ ամեն ինչ զրոյից են սկսելու։ Հաճախ ժպտում է, եւ հասկանում ես, որ այդ ժպիտը գոտեպնդում է նաեւ երեխաներին։

6 երեխա ունեցող ընտանիքը, ըստ Արցախում գործող ծրագրի, կառավարությունից տուն պետք է ստանա։ Պատերազմից հետո Արեգնազանը հետաքրքրվել է ծրագրով, կառավարությունից վստահեցրել են, որ այն շարունակելու է գործել։

-Ես հույս ունեմ, որ մի օր մենք գնալու ենք մեր տուն։ Թեկուզ քարուքանդ են արել, բայց մեր դրած ծառերը կմնան,- ասում է տիկին Ալվարդը։

-Դե իրենք կօգտագործեն,- պատասխանում եմ։

-Իրենք էլ չեն օգտագործի, նորից մենք ենք օգտագործելու։ Սիրտս շա՜տ արխային ա,- նշում է նա, հետո անբացատրելի տխրության մի ամպ ստվերում է դեմքը։

-Եթե մի բան լինի, առաջինը մենք ենք գնալու։ Մեր գետն եմ կարոտել՝ Թարթառը,- ասում է Արեգնազանը։

-Գարնանը լավ վարարում էր, չէ՞,- դիմում եմ նրան։

-Էլ չէր վարարում։ Հէկերը որ կառուցել էին, ջուրը քչացել էր։ Դրա համար մենք պայքարում էինք։ Ճանապարհներ էինք փակել, որ հանկարծ գետի ջուրը չկտրեն,- պատասխանում է։

Երեխաները հեռախոսներով են տարված։ Տպավորություն է, որ մեզ չեն լսում։ Արեգնազանին խնդրում եմ մի բան նվագել։ Ավագ դուստրը՝ 14-ամյա Սիրանուշը, հարեւան սենյակից բերում է մոր երաժշտական գործիքը։ Այն Քարաշամբի տան խոնավությունից ուռել է։ Երեխաները խմբվում են մոր շուրջը։ Շուշանն ու Խանդութը երգչուհի են ուզում դառնալ, Ալվարդը՝ դերասանուհի, Սիրանուշը՝ դիպուկահար, Արմենը՝ զինվորական, Արամը՝ մեքենա սարքող։

-Գլուխը գիտե՞ք՝ ոնց է աշխատում։ Դպրոց չի գնում, բայց գումարում-հանում գիտի, խելացի է, բայց ասում է՝ խադավիկ է ուզում դառնալ,- Արամի պատասխանից մի տեսակ դժգոհ՝ ասում է տատը, հետո կրկնում՝ «խադավիկ»։ Ժպտում ենք։

Քանոնից, սակայն, երաժշտություն չհնչեց։ Արեգնազանն ասում է՝ խոնավությունը շատ է վնասել։ Հետո խոսում ենք նրա երկու դաշնամուրների մասին, որ մնացին Նոր Վերինշենում։ Ու տպավորություն է, որ այնտեղ մնաց նաեւ անհոգ օրերի մեղեդին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter