HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՀՖՖ-ն Աբովյանի մարզադաշտի նախագիծը վստահել է քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի ընկերությանը

Աբովյանի Քաղաքային մարզադաշտի հիմնանորոգման նախագիծը կատարել է Հայաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանին պատկանող ընկերությունը։

2021 թվականի հունվարի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Աբովյանի Քաղաքային մարզադաշտի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է և շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։ 

Փետրվարի 2-ին գրավոր հարցմամբ՝ ՀՖՖ-ից խնդրեցինք տեղեկացնել, թե որ ընկերություններն են կատարել և կատարելու մարզադաշտի նախագծումն ու հիմնանորոգումը, և ինչ կարգով են ընտրվել նրանք, ինչպես նաև հայտնել, թե որքան գումար է հատկացվելու այդ ընկերություններին։

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը փետրվարի 9-ին մեզ պատասխանեց, որ նախագծման աշխատանքները կատարել է «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ն, և առաջիկա մեկ ամսվա ընթացքում մրցութային կարգով կընտրվի շինարարական կազմակերպությունը: ՀՖՖ-ն, սակայն, չի նշել, թե ինչ կարգով է ընտրվել «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ն՝ հիմնանորոգման նախագծի աշխատանքների համար։ Ֆեդերացիան չի պատասխանել նաև, թե որքան գումար է փոխանցվել այդ ընկերությանը, միայն նշել է, որ Աբովյանի մարզադաշտի հիմնանորոգման և բարեկարգման համար նախատեսվում է ծախսել 1 միլիոն եվրո և շահագործման հանձնել մինչև 2021 թվականի ավարտը։

Փետրվարի 11-ին ևս մեկ հարցում ուղարկեցինք ՀՖՖ՝ կրկին խնդրելով հայտնել, թե ինչ ընթացակարգով է ընտրվել հենց այդ ընկերությունը և որքան գումար է փոխանցվել նրան, ինչպես նաև հայտնել, թե նախկինում ՀՖՖ-ն օգտվել է արդյոք այդ ընկերության ծառայություններից։ Մեր այս հարցումը մինչև օրս անպատասխան է մնացել։

«Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ն հաղթել է պետգնումների 156 մրցույթներում

«Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրել է Արամ Նիկոյանը 2009 թվականի մայիսի 20-ին։ Ստեղծման օրվանից մինչև օրս նա հանդիսանում է ընկերության 100 % բաժնեմասի սեփականատերը։ Մինչև 2018 թվականի օգոստոսը նա զբաղեցրել է նաև ընկերության տնօրենի պաշտոնը, սակայն այդ ժամանակ, երբ Հայաստանում արդեն իշխանափոխություն էր տեղի ունեցել, մասնագիտությամբ ճարտարապետ Արամ Նիկոյանը նշանակվում է քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, իսկ մեկ ամիս անց՝ դեպարտամենտի ղեկավար։ Ի դեպ Արամ Նիկոյանը Երևանի նախկին փոխքաղաքապետ (2012-2018թթ․) Վահե Նիկոյանի եղբայրն է։

2019 թվականի մայիսի 4-ից մինչև օրս նա զբաղեցնում է քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նրան պատկանող «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ն զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծմամբ և նախագծերի փորձաքննությամբ։

Պետական գնումների հաշվետվողականության armeps.am համակարգի տվյալներով՝ 2016 թվականից սկսած «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ն մասնակցում է պետական գնումների մրցույթներին և 156 անգամ հաղթող է ճանաչվել։ Գնումների ճնշող մեծամասնությունը բաժին է հասել Երևանի քաղաքապետարանին, նաև այն ժամանակ երբ փոխքաղաքապետը Արամ Նիկոյանի եղբայրն էր՝ Վահե Նիկոյանը, ընդ որում՝ գնումների մի մասը կատարվել է մեկ անձից ձեռքբերման ընթացակարգով։ 

2018 թվականի իշխանափոխությունից հետո ևս «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ն շարունակել է մասնակցել պետական գնումների մրցույթներին և ծառայություններ մատուցել հատկապես Երևանի քաղաքապետարանին։ Քաղաքային իշխաննությունների և «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ի միջև գնման վերջին պայմանագրերը եղել են 2020 թվականի հոկտեմբերին։ Միայն այդ ամսին քաղաքապետարանը 4 անգամ օգտվել է ընկերության ծառայություններից՝ ընդհանուր վճարելով մոտ 3 միլիոն դրամ։ Քաղաքապետարանը «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ի ծառայություններից օգտվել է 2020-ի գրեթե բոլոր ամիսներին։

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔԿ գլխավոր քարտուղարը

Որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ Արամ Նիկոյանը 2020 թվականի մայիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2019թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր։ 

Արամ Նիկոյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանում համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան ունի, որը ձեռք է բերել 2015 թվականին, այն ժամանակ, երբ դեռ բարձր պետական պաշտոն չէր զբաղեցնում։ Սա Արամ Նիկոյանի միակ անշարժ գույքն է։ 

Հաշվետու տարում Արամ Նիկոյանի դրամական միջոցները կազմել են 17 միլիոն դրամ, 31 հազար ԱՄՆ դոլար և 8800 եվրո։ Որպես աշխատանքի վարձատրություն Արամ Նիկոյանը 2019 թվականի ընթացքում Քննչական կոմիտեից ստացել է 8,8 մլն դրամ։

Արամ Նիկոյանի կնոջ՝ Նելլի Գասպարյանի ներկայացրած տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա 2019թ․ ընթացքում վաճառել է Դավթաշեն վարչական շրջանում իրեն պատկանող հողամասը։ 

2019-ին Նելլի Գասպարյանի դրամական միջոցները կազմել են 30 միլիոն դրամ և 12 հազար ԱՄՆ դոլար։ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի կնոջ եկամուտները հաշվետու տարում կազմել են մոտ 25 միլիոն դրամ, որից 640 հազարը՝ աշխատավարձ «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ից, իսկ մնացածը՝ հողամասի վաճառքից ստացած գումարը՝ 24,4 միլիոն դրամ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter