HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան․ «Քննիչը Տարոն Մարգարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել՝ նրա գտնվելու վայրն ու Հայաստան վերադառնալու օրն իմանալով»

Տարոն Մարգարյանը ցուցմունք չի տվել իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, միայն հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։ Վերջինս նշեց, որ Մարգարյանի մեղադրանքն անորոշ է, քննիչին միջնորդել են որոշակիացնել, պարզաբանել, թե կոնկրետ ի՞նչ արարք կատարելու մեջ է մեղադրվում Մարգարյանը։ Բացի այդ՝ մեղադրանքի տեքստում առկա որոշ ձևակերպումներ և, պաշտպանի գնահատմամբ,  կոնտեքստից կտրված տերմիններ կան, որոնք պարզաբանման կարիք ունեն, սակայն մինչև այս պահը պաշտպանը  չի ստացել իր միջնորդության պատասխանը:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝  Մարգարյանը նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ՝ նպատակ ունենալով այդ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարարծներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ։

Պաշտպանը քննիչին միջնորդել է նաև, որպեսզի ծանոթացման համար իրենց տրամադրվեն մեղադրանքի որոշման մեջ վկայակոչված փաստաթղթերը՝ անհատական ակտեր, հատակագծեր, գեոդեզիական և քաղաքաշինական փաթեթներ՝ պատրաստակամություն հայտնելով դրանից հետո տալ մանրամասն ցուցմունքներ։

«Մեր խնդրանքն այն էր, որ  ցուցմունք տալուց առաջ Տարոն Մարգարյանին ծանոթացնեին այդ փաստաթղթերին, որպեսզի իմ պաշտպանյալի ցուցմունքը ձևական չլիներ։ Նա իր աշխատանքի բերմամբ՝ շփվել է միլիոնավոր փաստաթղթերի հետ։ Ինքը չի կարող մի քանի տարի առաջվա փաստաթղթի բովանդակությունը հիշել»,- ասաց Բենիկ Գալստյանը՝ նշելով, որ մինչև  այս պահը այս միջնորդությունը բավարարելու մասին լուր իրենց չունեն։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մարգարյանի հանձնարարությամբ՝ 2011թ. Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է վերջինիս սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն: Հաղորդագրության մեջ նշվում է նաև նույն եղանակով մեկ այլ հողատարածք Մարգարյանի մտերիմներից մեկին օտարելու մասին։

Բենիկ Գալստյանն ասում է, որ Քննչական կոմիտեն չունի փաստական տվյալներ այն մասին, որ գործում նշվող անձինք Տարոն Մարգարյանի մտերիմներ են, դրանք զուտ ենթադրություններ են։ Պաշտպանը նաև պնդում է, որ որևէ դպրոցի  հատակագիծ չի փոխվել։

Անդրադառնալով քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ առկա ձևակերպմանը, որ հողատարածքները քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից  էականորեն ցածր արժեքով են օտարվել, Գալստյանը  նշեց․

«Չեմ զլանա ասել, որ դա լկտի սուտ է։ «Շուկայականից էականորեն ցածր արժեք» հասկացություն չի կարող լինել,  վաճառվել է աճուրդով, աճուրդը եղել է օրենքով սահմանված կարգով, որին առնչություն չի ունեցել Տարոն Մարգարյանը։ Պնդելու համար, որ հողատարածքը շուկայականից էականորեն ցածր գնով է օտարվել,  Քննչական մարմինը գոնե պետք է ունենա եզրակացություն, թե որքան արժե այդ գույքը, սակայն քննչական մարմինը նման եզրակացություն չունի։ Այդ էական ցածր գինը քննչական մարմնի վառ երևակայության արդյունքն է»,- պնդեց Բենիկ Գալստյանը և նշեց, որ գործում առկա չէ անգամ տվյալ այն մասին, որ հողատարածքի աճուրդը կայացել է նմանատիպ բազմաթիվ աճուրդներից ավելի ցածր գնով։

Գալստյանը նաև բարձրաձայնում է, որ քննիչը Տարոն Մարգարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել՝ նրա գտնվելու վայրն ու վերադառնալու օրն իմանալով։  Պաշտպանի խոսքով՝ Տարոն Մարգարյանը փետրվարի 7-ից, առողջական խնդիրներով պայմանավորված, գտնվել է Մոսկվայում, փետրվարի 11-ին տեղեկացել է, որ  նախաքննական մարմինը որոշում է կայացրել իրեն որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը  քննիչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  փետրվարի 13-ին Մարգարյանը կվերադառնա և  կներկայանա քննչական կոմիտե:

Փետրվարի 13-ին՝ ժամը 23:05-ին Մարգարյանը վերադարձել է Հայաստան և անմիջապես ներկայացել քննչական  մարմին, որտեղ պարզվել է, որ քննիչը փետրվարի 11-ին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։

«Դա աբսուրդ է, քանի որ քննիչը գիտեր, թե Տարոն Մարգարյանը որտեղ է և  որ նա գալու է փետրվարի 13-ին»,- ասաց Բենիկ Գալստյանը։

Վերջինս քրեական գործի մասին այլ մանրամասներ չի հայտնում, նշում է, որ թե՛ ինքը, թե՛ Տարոն Մարգարյանը հակված չեն եղել հրապարակային դարձնել այս գործը։

«Նմանատիպ գործերը որոշակի բացասական ազդեցություն կարող են ունենալ Երևան քաղաքի հեղինակության, ինչպես նաև որոշակի չափով՝ այլ անձանց իրավունքներին, որոնք որևէ առնչություն չունեն թե՛ Տարոն Մարգարյանի, թե՛ ներկայիս իշխանությունների հետ»,- ասաց Բենիկ Գալստյանը՝ հավելելով, որ քննչական մարմինը որքան տեղեկություն կհրապարակայնացնի, դրա շրջանակներում իրենք ևս որոշ հանգամանքներ կհայտնեն։

Նշենք, որ այն քրեական գործը, որով Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել,  Քննչական կոմիտեում քննվում է դեռևս 2018 թվականից, սակայն Մարգարյանը դրանով որպես մեղադրյալ է ներգրավվել փետրվարի 8-ին։ Նրա նկատմամբ այս պահին խափանման միջոց է ընտրված ստորագրությունը։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter