HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախյան առաջին պատերազմը ստիպեց արտագաղթել, երկրորդը՝ վերադառնալ

Ժաննա Մարտիրոսյանը կապանցի է։ Արցախյան առաջին պատերազմից հետո Կապանում կյանքը դժվար էր։ Հայաստանում տիրող տնտեսական ճգնաժամը, գործազրկությունը և հետպատերազմյան ծանր իրականությունը ստիպել են մտածել արտագաղթելու մասին։

«Ես մի քանի ամիս բուժքույր աշխատեցի, բայց ամիսներով չէին վարձատրում»,- վերհիշում է Ժաննան։

Ժաննայի ամուսնու՝ Ռուբեն Հարությունյանի խոսքով՝ Կապանում մնալու հնարավորություն այլևս չկար, ընտանիք պահելը դառնում էր անհնար։ 1995 թ.-ին Ռուբենն արտագաղթեց Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգ, իսկ Ժաննան երկու դուստրերի հետ երկու տարի անց միացավ նրան։

Արտագաղթելուց 25 տարի անց ընտանիքը վերադարձել է Հայաստան և փոքր բիզնես հիմնել։

Երևանում՝ Նալբանդյան փողոցի բակերից մեկում, ամուսինները բացել են «Կոշիկ-մոշիկ»-ը, որտեղ կոշիկներ և կաշվե իրեր են վերանորոգում, պատրաստում են բանալիներ, դանակ-մկրատ են սրում։

«Սանկտ Պետերբուրգում կոշկակարների 90%-ը հայեր են։ Ես որ նոր էի գնացել, այս արհեստը սովորեցի ու նրանց շարքերը համալրեցի»,- պատմում է Ռուբենը։ Նրա խոսքով, Հայաստանում մարդիկ զարմանում են, որ մի մարդը կարող է այսքան բան անել, բայց զարմանքն անցնում է, երբ հաճախում են իր արհեստանոց։

Դեռ Սանկտ Պետերբուրգում ծանոթներից շատերը նրանց հարցրել են՝ արդյոք չեն վախենում Հայաստան տեղափոխվել, մանավանդ պատերազմից հետո։ Ժաննայի խոսքով՝ հայրենիքից հեռու գտնվելով՝ ավելի անզոր ես, և իրավիճակը ավելի բարդ է թվում, իսկ Հայաստանում իրենց ավելի ապահով են զգում։

Ընտանիքը Հայաստան վերադառնալու մասին սկսել է մտածել դեռ նախորդ տարի։ Նրանց երկու դուստրերը համալսարանն ավարտել են Երևանում և որոշել են մնալ Հայաստանում։ Իսկ սեպտեմբերին, երբ պատերազմ սկսվեց, մտադրությունն արագ վերածվեց գործողության։ Սահմանները բացվելուն պես նրանք նախ մեքենայով ուղարկել են Ռուբենի բոլոր գործիքները, հետո իրենք են եկել։

Ռուբենն ասում է՝ Արցախյան առաջին պատերազմը իրենց ստիպեց արտագաղթել, երկրորդը՝ վերադառնալ։

Դուստրը՝  Զառան, պատմում է, որ ծնողների վերադառնալու օրն իր կյանքի ամենաերջանիկ օրն էր, ինքն ուրախ է, որ ծնողները Հայաստանում պարապ չեն մնացել և կարող են զբաղվել իրենց սիրելի գործով։

Արհեստանոցը «Կոշիկ-մոշիկ» անվանելու գաղափարը Զառայի ամուսնունն է՝ Նարեկ Քրուզյանինը: Նա Հայաստան է տեղափոխվել Բեյրութից։

«Կոշիկը կոշիկն է, իսկ մոշիկը մնացած ծառայություններն են, որ պապան ու մաման մատուցում են այստեղ: Արհեստանոցը մյուսներից առաջին հերթին տարբերվում է նրանով, որ կոշիկի «բուդկա» չէ, տարածքը մաքուր է, կոկիկ, հաճախորդների համար սպասելու տեղ կա և գտնվում է Երևանի կենտրոնում»,- պատմում է Զառան։ 

Ժաննան քաջալերում է բոլոր նրանց, ովքեր մտածում են Հայաստան վերադառնալու մասին։

«Եթե մտքներին կա, թող անպայման վերադառնան, հաստատ չեն փոշմանի»,- ասում է նա։

Մեկնաբանություններ (2)

Сергей
Молодцы, удачи и успехов.
Ավո
Հաջողություն ենք մաղթում մեր հայրենասեր հարազատներին ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter