![](/static/articles/12/77/62/l-FMqP7abDtD.jpg)
23 մլն դրամանոց տաղավար` առանց ցուցանմուշների
Փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում ընթանում է IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը: Հայաստանը ևս մասնակցում է ցուցահանդեսին, բայց` դատարկ տաղավարներով:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով, որ ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:
«Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն»,-հայտնել են նախարարությունից:
Նշենք, որ IDEX-2021 միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարի կառուցապատման և դիզայներական աշխատանքների կատարման նպատակով դեռևս փետրվարի 2-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է 23 մլն դրամ:
Տաղավարի ընդհանուր մակերեսը կազմել է 198քմ: Ըստ պայմանագրի՝ տաղավարում պետք է տեղադրվեր 8-12 բազկաթոռ, 4-6 սեղանիկ, 6-8 բարձր աթոռներ, 15 հատ ցուցահանդեսի բարձր, 15 հատ՝ ցածր տումբաներ, 2 հեռուստացույց, 5քմ LED էկրան:
Ի տարբերություն հայկական դատարկ տաղավարի, Ադրբեջանը ցուցադրել է իր զենքի տեսակները:
Փաստացի, ստացվեց այնպես, որ հայկական 23 մլն դրամանոց տաղավարը մնաց դատարկ՝ առանց ցուցանմուշների:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել