HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

26 համայնքից բաղկացած փունջ. Արմավիրի մարզում այս տարի համայնքների միավորում է սպասվում

Միավորումից հետո ներկայիս 97 համայնքից Արմավիրի մարզն ունենալու է 7-12 համայնք: Համայնքներում դեմ են միավորմանը: Առանց բնակչության կարծիքը լսելու միավորման նախագիծ է դրվել շրջանառության մեջ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մեր գրավոր հարցին ի պատասխան՝ հայտնել է, որ ներկայում շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ Արմավիրի մարզում ձևավորվելու է 26 համայնքից բաղկացած Մեծամոր փունջը՝ Մեծամոր, Ակնալիճ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտաշար, Արևիկ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Եղեգնուտ, Զարթոնք, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մայիսյան, Մրգաշատ, Մրգաստան, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա և Տարոնիկ:

Նշենք, որ սկզբում որոշվել էր Էջմիածնի տարածաշրջանի «փնջերից» մեկում խոշորացնել 16 համայնք, ինչը դժգոհություն էր առաջացրել բնակչության շրջանում: Հաշվի չառնելով այդ դժգոհությունը՝ նախարարությունը որոշել է էլ ավելի մեծացնել փունջը՝ դարձնելով 26 համայնք, որոնք կմիավորվեն Մեծամոր քաղաքի շուրջ։

Մարզպետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նշված 26 գյուղական բնակավայրերի բնակչության ընդհանուր թիվը մոտ 62 800 է:

Նախարարության փոխանցմամբ՝ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, նաև բնակիչների հետ Town Hall ձևաչափով կազմակերպվել են քննարկումներ, որոնց արդյունքներով մշակվել է «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գերիշխող համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «տարածաշրջանային» մոդելին:

Նույնիսկ եթե համայնքների գերակշիռ մասը կողմ է եղել «տարածաշրջանային» մոդելին, ապա նախագծով այն ևս պահպանված չէ: Մասնավորապես, մեկ փնջի մեջ են ներառել Էջմիածնի և Արմավիրի նախկին շրջանների գյուղերը, ինչը սովորույթներով և ավանդույթներով միմյանցից տարբեր են: 

Միավորվող համայնքներից Արևիկի համայնքապետ Գառնիկ Ծատուրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքների միավորման վերաբերյալ համայնքում որևէ քննարկում չի եղել: Գ. Ծատուրյանը, սակայն, նշեց, որ համայնքի բնակիչները դեմ են միավորմանը:

«Մենք միավորում չենք տեսել, գուցե լավ բան է, բայց առկա տեղեկատվության շրջանակներում գտնում ենք, որ սխալ է միավորումը: Բնակիչները չեն ուզում այլ համայնքին միավորվել»,- ասաց Արևիկի համայնքապետը:

Միավորմանը դեմ են նաև Մրգաստան համայնքում: Այստեղ դեռևս մեկ տարի առաջ էին բողոքի ակցիաներ կազմակերպվում, երբ տեղեկացել էին համայնքների միավորման մասին: Նույնիսկ ճանապարհ էին փակել՝ ի նշան բողոքի:

«Մեր գյուղը տուպիկ գյուղ ա, ինչ միավորման մասին է խոսքը: Կտրված է, բնակիչները դեմ են միավորվելուն»,-ասաց Մրգաստանի համայնքապետ Ռաֆիկ Խաչատրյանը:

Ծաղկունք համայնքում ևս անհանգստացած են համայնքների խոշորացումից: Համայնքի ղեկավար Դավիթ Կարապետյանը փոխանցեց, որ գյուղում մեկ մարդու նման բոլորը դեմ են միավորմանը:

«Անցյալ տարի ես այնքան գործ եմ արել, ո՞վ պիտի գա իմ գյուղի համար այնդքան բան անի: Մշակույթի տան, ոռոգման ցանցի կիսախողովակների, գիշերային լուսավորության հարցերն ենք լուծել: Միայն 55 կամազ ասֆալտ եմ լցրել փոոցներին: 24 ժամ մեր համայնքի կողքին ենք, խոշորացրինք, ո՞վ ա լուծելու հարցերը»,-ասում է Դավիթ Կարապետյանը:

Նրա փոխանցմամբ՝ միայն ոռոգման ջրի հարցն արդեն գյուղացիների համար մեծ հոգս է: 

«Մերը վերջին գյուղերից է, ո՞ր համայնքապետն է գալու ամառվա սեզոնին գնա, քնի Այգեշատ գյուղում, որ իմ համայնքի բնակիչները ջրի խնդիր չունենա: Հեսա եկավ իմ սև օրերը, ոռոգման սեզոնին ես երկու ամիս գործի չեմ գալիս, մնում եմ Այգեշատում, որ մարդիկ ջուր անեն»,-հավելեց Ծաղկունքի համայնքապետը:

Համայնքների միավորման սկզբունքները և չափանիշները, ինչպես նաև համայնքային կենտրոնի ընտրության սկզբունքներն ու տարբերակները նկարագրված են կառավարության կողմից 2011թ. նոյեմբերի 10-ին հավանության արժանացած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում»:

Ըստ այդ հայեցակարգի՝ միջհամայնքային միավորման կենտրոն է հանդիսանալու տարածքի կենտրոնական մասում գտնվող ամենախոշոր համայնքներից մեկը: Միջհամայնքնային միավորման կենտրոն հանդիսացող համայնքը հանդիսանում է միջհամայնքային միավորման մարմինների նստավայրը:

Նոր ձևավորվող համայնքի կենտրոնը, որպես կանոն, պետք է ունենա միացվող համայնքների նկատմամբ կենտրոնական դիրք, առնվազն 3000 բնակիչ և անհրաժեշտ նվազագույն ծավալի ենթակառուցվածքներ: Իսկ նոր ձևավորվող համայնքի բնակավայրերի հեռավորությունը համայնքի կենտրոնից, որպես կանոն, չպետք է գերազանցի 20 կմ-ը: Նշենք, որ միավորվող համայնքները չունեն ընդհանուր տրանսպորտային ցանց, ինչը ևս մտահոգության տեղիք է տալիս:

Համայնքների խոշորացման հայեցակարգի օրգանական մասն է կազմում համապատասխան ծրագիրը: Դրա բաղադրիչներից մեկը պետք է լինի բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանելը: Այս աշխատանքներում անհրաժեշտ է ընդգրկել համապատասխան հասարակական կազմակերպությունների և մասնագետների, որոնք ի վիճակի կլինեն բացատրել համայնքների խոշորացման գաղափարը, նպատակները և գործնական օգուտները, ինչպես նաև սպառիչ պատասխաններ տալ բնակիչների հարցերին: 

Նախագծի շրջանառության ընթացքում Արմավիրի մարզի համայնքներից տեղական հանրաքվեներ նախաձեռնելու առաջարկություն նախարարությունը չի ստացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter