
Առաջարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին թույլատրել զենք կրել
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում են փոփոխություններ «Զենքի մասին» օրենքում` հնարավորություն ընձեռելով սահմանամերձ համայնքների բնակիչներին զենք կրել:
Օրենքում առաջարկվում է ամրագրել, որ ի թիվս այլ սուբյեկտների, ակոսափող որսորդական հրազեն կարող է ձեռք բերել Հայաստանի Հանրապետության սահամանամերձ համայնքներում (բնակավայրերում) հաշվառված և փաստացի բնակվող անձը: Նշվում է նաև, որ որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող մասնագիտությունների և սահմանամերձ համայնքների (բնակավայրերի) ցանկը սահմանում է կառավարությունը:
Նախագծի հիմնավորման համաձայն` 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ, այդ փաստով պայմանավորված առաջացել է անհրաժեշտություն, որպեսզի «Զենքի մասին» օրենքում փոփոխություն լինի, և ակոսափող որսորդական հրազեն կրելու իրավունքի ձեռքբերումը Կառավարության որոշմամբ սահմանված որոշ սահամանամերձ բնակավայրերում հաշվառված և փաստացի բնակվող քաղաքացիների համար կիրականացվի պարզեցված կերպով:
Նշվում է, որ նման առաջարկով հանդես են եկել նաև սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչներ՝ հիմնավորելով, որ այն անվտանգության լրացուցիչ երաշխիք է, որը կբարձրացնի անվտանգության և վստահություն զգացումը:
Սույն օրենքի նախագծի առաջարկվող հոդվածի լրացման արդյունքում կբարձրանա սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունը եւ ապահովության զգացումը:
Նախագիծը շրջանառության մեջ է դրվել փետրվարի 23-ին: Նախագիծը նախ պետք է ստանա ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո ընդգրկվի նիստերի օրակարգ:
Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը կոչ էր արել վերջիններիս օրենսդրական նախաձեռնություն մշակել, որ սահմանամերձ համայնքների բնակիչները օրինական զենք ունենան, ինչը վերջիններիս լրացուցիչ վստահություն կտա:
Մեկնաբանել