HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լևոն Սարգսյանը չընդունեց Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա հարձակման գործով իրեն առաջադրված մեղադրանքը

«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանն ու վերջինիս քրոջ ամուսինը՝ Սուրեն Ղազարյանը, չեն  ընդունում Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման  գործով իրենց առաջադրված մեղադրանքը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, փետրվարի 24-ին սկսվեց Սարգսյանի և Ղազարյանի գործի դատական քննությունը։ Մինչ այս մեկ դատական նիստ տեղի է ունեցել, որի ընթացքում դատարանը քննել է Լևոն Սարգսյանի խափանման միջոցի հարցն ու որոշել անփոփոխ թողնել նրա նկատմամբ ընտրված կալանավորումը։

Սարգսյանն այսօր բերվել էր դատարան։ Երբ դատավորը պարզում էր նրա ինքնությունը, ճշտեց, թե արդյոք ազգությամբ հայ է։

 «Իտալացի եմ»,- փորձեց հեգնել նախկին պատգամավոր Սարգսյանը, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պահանջեց հարցերին պատասխանել հստակ և առանց հեգնանքի։ Սարգսյանը ներողություն խնդրեց։ Ի պատասխան դատավորի հարցին՝ ամբաստանյալն  ասաց, որ ազգությամբ հայ է,  մեկ անչափահաս երեխա ունի՝ 14 տարեկան։ Դատարանը հարցրեց նաև, թե որտեղ է բնակվում, Սարգսյանը պատասխանեց, որ մշտական բնակության վայր չունի։ Շուտով նրա պաշտպան Աշոտ Սարգսյանը փորձեց հստակեցնել Սարգսյանի բնակության վայրի հասցեն, այս անգամ Լևոն Սարգսյանը կոնկրետ հասցե ասաց։ Նշենք, որ մշտական բնակության վայր ունենալու հանգամանքը կարող է էական նշանակություն ունենալ ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցը հետագայում քննարկելիս։ Ամբաստանյալ Սուրեն Ղազարյանը նույնպես նշեց, որ անչափահաս երեխա ունի, չի աշխատում, առողջական խնդիրներ չունի։

Հիշեցնենք, որ 2008 թվականին Ավազակային հարձակում է տեղի ունեցել Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա։ Այս գործով 2011 թվականին տասը անձ մեղավոր է ճանաչվել և դատապարտվել։ Այժմ Լևոն Սարգսյանը մեղադրվում է վերը նշված ավազակային հարձակումը կազմակերպելու, պատվիրելու և ղեկավարելու մեջ։ Սարգսյանը տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ, ապա Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և արտահանձնվել Հայաստանին։ Դատարանում այժմ քննվող գործով Արմեն Ավետիսյանը և վերջինիս որդին՝ Արտաշես Ավետիսյանը տուժողի կարգավիճակ ունեն։ Նրանք այսօր դատարան գրություներ էին ուղակել և խնդրել նիստերն առանց իրենց անցկացնել և հիմք ընդունել գործի նախաքննության ընթացքում իրենց տված ցուցմունքները։

 

Պաշտպանը լրացուցիչ փասաթղթեր եւ տեղեկություններ պահանջելու միջնորդություն ներկայացրեց դատարանին

Մինչ դատաքննության անցնելը Սուրեն Ղազարյանի պաշտպան Արման Բայադյանը նշեց, որ քրեական գործում բացակայում է դեպքի վայրի զննության արձանագրությունը։ Դեպքի վայր ասելով՝ պաշտպանը նկատի ունի 2008 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ավազակային հարձակման վայրը։  Պաշտպանի համար զարմանալի է, թե ինչո՞ւ  նախաքննական մարմինը կամ մեղադրողը այս գործում չի դրել Էական հանգամանքներ պարունակող վերը նշված արձանագրությունը։

Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակման գործով, ինչպես նշեցինք, 10 անձ 2011 թվականին մեղավոր է  ճանաչվել և դատապարտվել։ Բայադյանը նշեց, որ դատարանում այժմ քննվող գործով մեղադրական եզրակացության մեջ տասը անձանց վերաբերյալ մեղադրական դատավճիռը վերլուծվել և ապացույց է ճանաչվել, սակայն ինքը ցանկանում է ծանոթանալ նաև նախկինում քննված գործով մեղադրական եզրակացության պատճենին։

Լևոն Սարգսյանի  և  Սուրեն Ղազարյանի գործը անջատվել է ՀՔԾ-ում քննվող մեկ այլ գործից ու ուղարկվել դատարան։ Բայադյանը նշեց, որ մաս անջատելու որոշումից իր համար պարզ չէ, թե այն գործում, որը դատարան չի ուղարկվել, ի՞նչ փաստական հանգամանքներ կան․ գուցե դրանցում առկա են տվյալներ, որոնք վերաբերելի են Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի մեղադրանքին։ Բայադյանը ցանկանում է վերը նշված փաստաթղթերը և իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ դատարանի միջոցով․ դատարանին միջնորդեց դիմել վարույթն իրականացնող մարմնին ու պահանջել այդ տեղեկությունները։

 Պաշտպանը նաև մի շարք հարցեր նշեց, որոնց պատասխանները գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնից ստանալ իրեն չի հաջողվել։

Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով Հայաստանում դատապարտված Արա Կարապետյանն ու Սուրեն Մելքոնյանն  ԱՄՆ-ում հետախուզման մեջ են գտնվել։ Բայադյանը  ցանկանում է պարզել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել՝  հետախուզվողներին ՀՀ-ում քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, արդյոք Հայաստանում քննվող քրեական գործով  ՀՀ-ի տարածքից դուրս ենթադրյալ  հանցագործությունների հանգամանքին  գնահատական տրվե՞լ է, վերը նշված ենթադրյալ հանցագործոթյունների վերաբերյալ տվյալներ առհասարակ առկա՞ են քրեական գործում կամ առհասարակ նախաքննական մարմինն ընդունո՞ւմ է, որ Արա Կարապետյանն ու Սուրեն Մելքոնյանը հետախուզվող են եղել։

Պաշտպանը նշեց, որ ըստ քրեական գործի տվյաների՝ Արա Կարապետյանն ու Սուրեն Մելքոնյանը հարցաքննվել են 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քննվող քրեական գործով՝ վկայի դատավարական կարգավիճակով։ Այս կապակցությամբ պաշտպանը դատարանից խնդրեց պարզել՝ Արա Կարապետյանն ու  Սուրեն Մելքոնյանն ի՞նչ հանգամանքեր պարզելու համար են կանչվել հարցաքննության։

Քրեական գործով որպես վկա, հետագայում ՝ նաև որպես դատապարտյալ հարցաքննված Արա Կարապետյանն,  ըստ Բայադյանի, մի դրվագի վերաբերյալ հայտնել է, որ  ամբաստանյալ Լևոն Սարգսյանը վկայի ներկայությամբ զանգահարել և խոսել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կամ վարչապետ  Հովիկ Աբրահամյանի հետ։ Պաշտպանը ցանկանում է պարզել՝ արդյոք քրեական գործով հարցաքննվե՞լ են Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը, եթե հարցաքննվել են, ապա որտե՞ղ են  նրանց ցուցմունքները։

Պաշտպանը նշեց, որ բացի Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին  հարցաքննելու հարցից, մյուս հարցերի պատասխանները փորձել է վարույթն իրականացնող մարմնից ստանալ, բաց չի ստացել։ Դատարանը այս պահին միջնորդության լուծումը հետաձգեց, դրանց կանդրադառնա համապատասխան փուլում։

Լևոն Սարգսյանի վերաբերյալ ցուցմունք տալուց հետո Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի պատժի կրման ռեժիմը փոխվել է

Մինչ դատաքննության անցնելը Լևոն Սարգսյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը ևս դատարանին իրեն հետաքրքրող  տեղեկություններ պահանջելու միջնորդություն ներկայացրեց։ Սարգսյանը ցանկանում է  Քրեակատարողական ծառայությունից ճշտել, թե Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակման գործով դատապարտված անձանց  պատժի կրման ռեժիմներն ի՞նչպես, ի՞նչ հանգամանքեր հաշվի առնվելով են փոխվել։

 «Մենք գիտենք, որ ցուցմունք տալուց  երկու ամիս հետո Արա Կարապետյանը՝ մի հիմնարկում, Արմեն Նիկողոսյանը՝ մեկ այլ ՔԿՀ-ում անցել են բաց ռեժիմի։ Ցուցմունքից հետո ինչ-որ բաներ են սկսվել կատարվել, և  մենք տեղեկություն չունենք՝ փակ ռեժիմից ի՞նչ աստիճանակարգով անցան բաց ռեժիմի»,- ասաց Աշոտ Սարգսյանը։ Պաշտպանը փորձել է այս տեղեկությունը ստանալ Քրեակատարողական ծառայությունից, սակայն հայտնել են, թե հայցվող տեղեկությունն անձնական տվյալներ է պարունակում ու մերժել դրանք տրամադրել։  Դատարանը միջնորդությունը բավարարեց։

Լևոն Սարգսյանն ու Սուրեն Ղազարյանը չընդունեցին մեղադրանքը

Այնուհետև դատարանն անցավ դատաքննության։ Մեղադրող Արամ Արամյանն ընթերցեց ամբաստանյալների մեղադրանքը։ Այսպես՝ ըստ մեղադրանքի՝ Լևոն Սարգսյանը,  մասնակցելով Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, պատվիրել և  ղեկավարել է 2008 թվականին Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը: Ըստ մեղադրանքի՝ Լևոն Սարգսյանը Արա Կարապետյանի միջոցով ծանոթ լինելով Արմեն Նիկողոսյանի հետ և իմանալով «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի 1-ին հարկում տեղակայված, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Վարդևանյանին վարձակալմամբ տրամադրված թիվ 5 վաճառասրահի վրա 2007 կատարված ավազակային հարձակման մասին, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, վերջինիս պատժելու և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, որոշել է նշված հանցավոր խմբի ուժերով իրականացնել ավազակային հարձակում Ավետիսյանի առանձնատնա վրա:  Ըստ մեղադրանքի՝ նշվածի մասին Լևոն  Սարգսյանը հայտնել է Սուրեն Ղազարյանին, ով նրա քրոջ ամուսինն է, որը համաձայնել է օժանդակել հանցագործության կատարմանը: Ղազարյանը նախկինում լինելով Արմեն Ավետիսյանի օգնականը, պատրաստակամություն է հայտնել մանրամասն նկարագրել վերջինիս առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը: Լևոն Սարգսյանը Արա Կարապետյանին հայտնել է Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կատարելու մտադրության մասին և առաջարկել  այն իրականացնել ստեղծված հանցավոր համագործակցության անդմաների ուժերով։

Ըստ մեղադրանքի՝ համաձայնելով առաջարկին Արմեն Նիկողոսյանը հանդիպել է Սուրեն Ղազարյանին, որը տրամադրել է Արմեն Ավետիսյանի առանձնատան մանրամասն գծագիրը: Ըստ պայմանավորվածության՝  Արա Կարապետյանը որոշել է հանցագործությանը մասնակից դարձնել իր վստահելի անձանց: Կազմակերպված խմբի ղեկավարների  կողմից հանցագործությանը մասնակից յուրաքանչյուր անդամի խոստացվել է հանցագործության բարեհաջող ավարտից հետո վճարել 100 հազարական ԱՄՆ դոլար: Խմբի անդամները ներխուժել են առանձնատուն և առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելուց հետո դիմել փախուստի։ Սարգսյանն ու Ղազարյանը չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը։

Դատարանն այսօր սկսեց նաև գործում առկա ապացույցների հետազոտումը։ Ղազարյանի պաշտպան Արման Բայադյանը միջնորդեց հետաձգել նիստը, և դատարանը բավարարեց միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 16-ին։

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter