HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զանգել ասել էր՝ գալիս ենք, բայց չեկավ, բերեցին

14-ամյա Արթուրը մեզ դիմավորում է, արագ բարևում և նստում վարորդի կողքին։ Սևահեր տղան ցույց է տալիս ճանապարհը։ Հինգ րոպեից հասնում ենք. քանդված ճանապարհի եզրին՝ բլրի վրա, համայնքի այլ տներից, կարծես, հատուկ մեկուսացված է ժանգոտ տնակը։

Ներսում դժվարությամբ ենք շնչում։ Թեհմինե Հարությունյանը բացատրում է, որ ուժգին քամու պատճառով վառարանից ծուխը լցվում է ներս, և գրեթե անհնար է տնակը տաքացնել։ Բազմոցին նստած է Թեհմինեի դուստրը՝ 7-ամյա Անգելինան։ Մեզ տեսնելուն պես երեխան ժպտում է և մոտենում ծանոթանալու։

Երիտասարդ կինը երկու երեխաների հետ ապրում է Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ կիսաքանդ տնակում։ Անցած տարվա հոկտեմբերին նրա և երեխաների կյանքը կտրուկ փոխվել է: «Փուչ, անորոշություն, ոչ մի լավ բան»,- այսպես է Թեհմինեն բնութագրում փոփոխությունը։

Հոկտեմբերի 10-ին Արցախում մարտական գործողությունների ժամանակ երկրապահ կամավորականներին տեղափոխող բեռնատարը գլորվել է ձորը։ Բեռնատարում եղել է 40 մարդ, որից 20-ը տեղում մահացել է։ Նրանց թվում էր նաև Թեհմինեի ամուսինը՝ 54-ամյա Արթուր Գրիգորյանը։ Արցախյան առաջին պատերազմի վետերան Արթուր Գրիգորյանը մեկնել էր Արցախ՝ պատերազմին մասնակցելու։

«Առանց իրա էնքան ա որ ապրում եմ, իմ երեխու համար, որ հասցնեմ իրա նպատակին... Ասում էր՝ կնի՛կ, մի՛ նեղվի, գնամ-գամ՝ տուն ենք սարքելու, մի՛ նեղվի... Հիմա շատ-շատ ա երևում իրա տեղը»,- ասում է Թեհմինեն։

Ամուսնու՝ առաջնագիծ մեկնելու օրն ընտանիքում վեճ է եղել՝ Թեհմինեն չի ցանկացել, որ ամուսինը գնա։ Հաշմանդամություն ունեցող դստերը միայնակ պահելը բարդ է, ամուսիններն իրար օգնում էին, երբ նրանցից մեկը աշխատանք էր ունենում, մյուսը երեխաներին էր պահում։

Մեկնելուց առաջ Արթուրը դստերն ասել է, որ գնում է նրա համար խաղալիք բերելու։ «Չեմ կարողանում բացատրել, թե ուր ա պապան, երեխեն գնում, կանգնում ա հոր նկարի մոտ, ինձ հարցնում ա՝ մամա, պապան ու՞ր ա... ինքը ոնց որ սպասի, որ պապան գալու ա ու իրան խաղալիք ա բերելու»,- պատմում է Թեհմինեն։

Տնակի երկու սենյակներից մեկում մայրը երեխաների հետ ստեղծել է զոհված ամուսնուն նվիրված փոքր անկյուն։ Սեղանի վրա փռել են եռագույնը, վրան դրել են Արթուրի նկարները, ծառայության ժամանակ ստացած շնորհակալագրերը։

Թեհմինեն պատմում է, որ ամուսինն իր հոր հետ շատ է կապված եղել, հաճախ այցելել է նրա գերեզմանին։ «Հայրիկի ծննդյան օրն էլ գնաց իր հայրիկի մոտ, ծննդյան օրն ա մահացել ինքը»,- արցունքները զսպելով՝ պատմում է Թեհմինեն։

Միայնակ այրին չունի աշխատանք և եկամտի աղբյուր։ Զոհված զինվորների ընտանիքների համար նախատեսված միանվագ գումարը դեռ չի ստացել, բայց գումարից մասնաբաժին է հասնելու միայն փոքրիկ Անգելինային, քանի որ նրանք պաշտոնապես չեն գրանցել ամուսնությունը, իսկ Արթուր Գրիգորյանն առաջին ամուսնությունից երկու երեխա ունի։

Տնակում տարրական կենցաղային կարիքները հոգալու համար անհրաժեշտ պայմաններ չկան. չունեն սանհանգույց, ինքնաշեն զուգարանը դրսում է։ Տնակի մեկ սենյակը ծառայում է և՛ որպես հյուրասենյակ, և՛ որպես խոհանոց։ Կտուրից ջուր է կաթում, պատուհաններից քամի է փչում, ձմռանը միշտ ցուրտ է։

Ամուսնու մահից հետո Թեհմինեի ուսերին եղած ծանրությունը կրկնապատկվել է։ Ընտանիքի այլ անդամների հետ շփում գրեթե չկա, կինը մնացել է մեն-մենակ իր խնդիրների հետ։

13 տարի տնակում բնակվելուց հետո նա ունի մեկ երազանք՝ երեխաների հետ ապրել քարե շինությունում, ասում է՝ թեկուզ փոքր, թեկուզ մի սենյակ։

«Պետք ա պինդ լինենք, մեր երեխաների կողքին լինենք, որը ես քիչ ունեմ, մի քիչ թույլ մարդ եմ, բայց դե դիմանում ենք, պետք ա ուժեղ լինենք»,- ասում է Թեհմինեն, երբ Անգելինան և ավագ եղբայրը՝ Արթուրը, խաղում են կողքի սենյակում։

Մեկնաբանություններ (4)

Տիգրան
Կխնդրեի կոնտակտներ/հեռախոսահամար փոխանցեք:
Susanna
Ինչպես կարբղ եմ ձերք բերել հոնտակտները?
Գևորգ
Ոնց կարելի է կապնվել ընտանիքի հետ
Լուսօնե
Ինչպես կապվել Թեհմինե ի հետ գումարով օգնելու համար? Շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter