
Նախագահը կարող է 3 օր չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ուղարկել Հանրապետության նախագահին: Նախագահի աշխատակազմից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ միջնորդությունը ստացել են, սակայն այս պահին այն ստորագրված չէ:
Սահմանադրության 139 հոդվածի համաձայն` նախագահը կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը (վարչապետը) չի ընդունում այդ առարկությունը, ապա նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Սա նշանակում է, որ ԳՇ պետին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը ստանալուց հետո նախագահը կարող է երեք օր անց վերադարձնել այն վարչապետին` իր առարկություններով: Նույն առաջարկությամբ նախագահին կրկին դիմելու դեպքում այն կամ պետք է ստորագրվի, կամ էլ ուղարկվի Սահմանադրական դատարան:
Իսկ եթե նախագահը չի կատարում վերոնշյալ հոդվածի մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Նշենք, որ Հանրապետության նախագահը հայտարարությամբ է հանդես եկել` կոչ անելով զսպվածության և ողջախոհության: Նախագահի հայտարարության տեքստում հստակեցված չէ` շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստորագրելու է, թե ոչ, սակայն վերջինս ընդգծել է` պետք է մերժել պետությունը ապակայունացնելու և պետականությունը վտանգելու ցանկացած փորձ և անվերապահորեն գործել Սահմանադրության շրջանակներում:
Մեկնաբանել