
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Բերձորի հիդրոէլեկտրակայանը վերագործարկվել է
2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Բերձորի հիդրոէլեկտրակայանի (հէկ) շարժիչների ենթակայանը հայտնվել է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ, իսկ հիդրոէլեկտրակայանի ամբարտակը այն տարածքում է, որն անցել է Ադրբեջանին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) տարածած հաղորդագրությունում։
Խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի աջակցությամբ՝ Բերձորի հիդրոէլեկտրակայանը կրկին սկսել է իր աշխատանքը։ Ներկայում խաղաղապահները ապահովում են մասնագետների անվտանգ և անխոչընդոտ մուտքը հիդորէլեկտրակայանի տարածք՝ սպասարկման աշխատանքներ կատարելու համար։ Բերձորի հէկ-ի վերագործարկմամբ հնարավորություն է ստեղծվել էլեկտրաէներգիա մատակարարել մոտակա բնակավայրերին ու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահները շարունակում են աջակացել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանն ասել էր, որ պատերազմի հետևանքով Արցախի 36 հէկ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
***
Մեկնաբանել