HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Անտառային ծառայություն ստեղծել

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է իր կազմում ստեղծել Անտառային ծառայություն, որի հիմնական գործառույթը կլինի անտառային օրենսդրության խախտումների կանխումը և բացահայտումը։

«Անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերը շրջանառության մեջ են դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

2005 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված Անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է անտառային պետական ծառայությունը, նույն հոդվածով սահմանվում են ծառայության պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները։ 

Սակայն առ այսօր Ազգային ժողովը չի ընդունել անտառային ծառայության գործունեության կարգը սահմանող օրենք, ավելին՝ նախարարության կազմում այդ ծառայությունը չի ստեղծվել, չնայած օրենսդրորեն այն սահմանվել է իր համապատասխան գործառույթներով: Ելնելով այս հանգամանքից՝ նախաձեռնվել է Անտառային ծառայության ստեղծումը։

Առաջարկվող կարգավորմամբ՝ տարանջատվում է անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները՝ Անտառային ծառայությանը վերապահելով բացառապես անտառների պահպանության գործառույթը, քանի որ վերջինիս հիմնական գործառույթը պետք է լինի անտառների և անտառային հողերի պահպանությունը՝ հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, իսկ պաշտպանության գործառույթը վերապահվում է Անտառային կոմիտեին։

Օրենսգրքի գործող կարգավորմամբ անտառային ծառայության պաշտոնյաները կարող են կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, մասնակցել վարչական գործերի քննությանը: Քանի որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է ըստ գործող կարգավորումների հանդիսանում բնապահպանական, այդ թվում՝ անտառների, ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննող և վարչական տույժեր նշանակող իրավասու մարմինը, ապա օրենքի նախագծով անտառային ծառայության ծառայողին իրավունք է վերապահվելու միայն վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու, և մասնակցելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը, ինչպես նաև անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացումը անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Ըստ շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած նախագծի՝ Անտառային ծառայությունը ներկա փուլում ստեղծվելու է ի հաշիվ Անտառային կոմիտեի հաստիքների և բյուջեի վերաբաշխման։

Հավելենք, որ այս նախագծերի փաթեթը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter