
Երևան համայնքը ուրիշի հողում խաղահրապարակ է կառուցել, հետո՝ քանդել, ապա նորից՝ հավաքել
Հունվարի վերջին օրերին Շենգավիթ 2-րդ փողոցի 1-ին շենքի դիմացի խաղահրապարակի ապամոնտաժման փորձերը հարակից շենքերի բնակիչների բուռն արձագանքի արժանացան։ Խաղահրապարակը ապամոնտաժվեց, սակայն մի քանի օր անց խաղասարքերը վերադարձան իրենց սկզբնական տեղերը։
«Հետք»-ը պարզել է, թե ինչ հիմքով, երբ և ում կողմից է խաղահրապարկը ապամոնտաժվել և ինչու։
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2015 թ.-ին, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 1-ին շենքի դիմաց գտնվող 65 քմ հողակտորը աճուրդով վաճառվել է։ Աճուրդում հաղթող ճանաչված Անդրանիկ Պետրոսյանը 1 միլիոն 701 դրամ է վճարել Երևան համայնքի բյուջե հողը ձեռքբերելու համար։ Հողը գնելուց երեք շաբաթ անց Պետրոսյանը այն վաճառել է մեկ այլ անձի՝ Արտեմ Գրիգորյանին։ Նոր գնորդն էլ իր հերթին է հողը վաճառել։ Երրորդ գնորդը Արցախի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արման Բաղրյանն է։ Հենց նրա պահանջով կայացած դատավճռի հիման վրա քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ ապամոնտաժվում է խաղահրապարակը։
Խաղահրապարակը կառուցվել է մասնավորեցված հողի վրա
Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 1-ին շենքի դիմաց գտնվող 703 քմ հողակտորի վրա 2017թ․-ին որոշվել է մանկական խաղահրապարակ կառուցել Երևան համայնքի միջոցներով։ Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ խաղահրապարակի կառուցումն արժեցել է 8 միլիոն 250 հազար դրամ։ Խաղահրապարակը կառուցվել է նաև Արման Բաղրյանին պատկանող 65 քմ (ներառվում է 703 քմ-ում) հողակտորի վրա։
Նույն տարում Բաղրյանը դիմել է վարչական դատարան և պահանջել ոչ իրավաչափ ճանաչել իր հողամասը խաղահրապարակի վերածելու քաղաքապետարանի գործողությունները։ Այդ հողի վրա տեղադրվել էր 4 հատ մարզասարք, 2 հատ նստարան, 2 հատ լուսարձակ։
Պարզվել է, որ 2015 թ-ին հողն աճուրդով գնած Անդրանիկ Պետրոսյանը Երևանի քաղաքապետարանից ստացել է ճարտարապետահատակագծային առաջադրանք։ Պողոսյանը հողը վաճառել է Արտեմ Գրիգորյանին, որն էլ մեկ տարի անց՝ 2016 թ-ի նոյեմբերի 30-ին, վաճառել է այն Արման Բաղրյանին։
2017 թ.-ի ապրիլի 21-ին Արման Բաղրյանը դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեսզի շինթույլտվություն ստանա գրասենյակ կառուցելու համար։ Այդ ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2017թ. հունիսի 5-ին Բաղրյանին տվել է շինթույլտվություն։ Բաղրյանը փորձել է սկսել գրասենյակի շինարարությունը, բայց այցելելով հողամաս, պարզել է, որ քաղաքապետարանը իր հողամասում խաղահրապարակ է կառուցում։ Բազմաթիվ դիմումներից հետո, որ դադարեցնեն շինարարությունը, քաղաքապետարանը Բաղրյանին առաջարկել է այլ հողամաս տրամադրել։ Շենգավիթ վարչական շրջանում առաջարկվող հողմասն էլ հետագայում պարզվել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանն է պատկանում։ Սեփականատերը ստիպված ինքն է 21 հատ hողամաս դիտարկել և առաջարկել քաղաքապետարանին՝ փոխանակել իր հողի հետ։ Այդ հարցով քննարկումներն այդպես էլ արդյունք չեն ունեցել։
Մենք ուսումնասիրեցինք 2017 թ․-ին Երևան քաղաքում տրամադրված շինթույլտվությունների ցանկը և պարզվեց, որ այդ խաղահրապարակը կառուցելու համար շինթույլտվություն չի տրամադրվել։
2018 թ-ի ապրիլին վարչական դատարանը որոշել է բավարարել Արման Բաղրյանի հայցը, և ոչ իրավաչափ է ճանաչել 65 քմ հողակտորի վրա քաղաքապետարանի կողմից խաղահրապարակ կառուցելու գործողությունները։
Կրկին դատական ակտ Երևանի քաղաքապետարանի դեմ
Արման Բաղրյանը վարչական դատարանի 2018 թ–ի վճիռը ստանալուց հետո դիմել է Երևանի քաղաքապետարանին՝ փոխհատուցում ստանալու կամ համարժեք հողատարածք տրամադրելու նպատակով։ Բաղրյանն արտադատական կարգով արդյունքի չհասնելուց հետո կրկին դիմել է վարչական դատարան։ Դատարանը 2019 թ–ին վճռել է Բաղրյանի հայցը բավարարել և պարտավորեցրել է Երևան համայնքին կայացնել 65 քմ հողամասի նախկին դրությունը վերականգնելու եղանակով վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ։ Քաղաքապետարանը բողոքարկել է, սակայն Վարչական վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական ակտի հիման վրա 2020 թ–ի սեպտեմբերի 7–ին ընդունել է համար 2744-Ա որոշումը։ Որում ասված է․ «Հատուցել Արման Բաղրյանին պատճառված վնասը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.1/8 հասցեում գտնվող 65 քմ հողամասի նախկին դրությունը վերականգնելու եղանակով»։
Երևանի քաղաքապետարանից մեր գրավոր հարցման ի պատասխան հայտնեցին, որ 2744-Ա որոշման կատարումը դրվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի, քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետի վրա։ Միաժամանակ նշել են, որ որոշման պահանջները կատարվել են։
Այցելեցինք խաղահարապարակ և տեսանք, որ ապամոնտաժված խաղահրապարակը իր նախնական տեսքի է բերվել՝ խաղասարքերը տեղում են և զարմանալի է, թե ինչպես է քաղաքապետարանը պատասխանում, որ որոշման պահանջները կատարվել են։
Բացի այդ մենք տեղեկացել էինք հարակից շենքերի բնակիչներից, որ քաղաքապետարանը բանակցում է հողի սեփականատիրոջ հետ՝ նրան այլ հող հատկացնելու նպատակով։ Բանակցությունների վերաբերյալ մեր գրավոր հարցին քաղաքապետարանից չեն պատասխանել։
Մեկնաբանել