HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«23 տարի առաջ այստեղից գնացել, տուն-տեղ, ապրուստ ենք ստեղծել, այսօր ոչինչ չունենք». Քաշաթաղի շրջանի բնակիչ

Խաչատրյանների ընտանիքը Շիրակի մարզի Նոր կյանք գյուղից Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղ էր տեղափոխվել 1998 թվականին։ Նրանք Քաշաթաղում վերաբնակեցվածներից են։ 2020-ի պատերազմը ստիպեց Հայաստան վերադառնալ, այս անգամ՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ։ Հիմա նրանք ժամանակավոր ապրում են իրենց հարազատների տներում։

35-ամյա Սիրուշ Խաչատրյանը Քաշաթաղ տեղափոխվելիս 13 տարեկան էր։ Նրա ծնողները՝ Արամայիս ու Աշխեն Խաչատրայնները, 5 զավակ ունեն։ Հիմա նրանցից 3-ն ընտանիք են կազմել, ունեն երեխաներ։

Սիրուշ Խաչատրյանը 3 երեխաների հետ լքել է Մուշ գյուղը հոկտեմբերի 5-ին: Այս պահին նրանք ապրում են Մարմարաշենում։

Սիրուշ Խաչատրյանին հանդիպել էինք կառավարության առաջ հունվարի 29-ին։ Այդ օրը Քաշաթաի շրջանի բնակիչները կառավարության առաջ բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով լուծել իրենց կեցության հարցը։ 

Սիրուշ Խաչատրյանի երկու եղբայրներն ու մի քույրը ապրում էին Մուշում, մյուս քույրը՝ Աննան, ամուսնացել և Մուշից տեղափոխվել էր Մարմարաշեն։

Հիմա Սիրուշն իր 3 երեխաների հետ ապրում է քրոջ՝ Աննայի տալի տանը, իսկ եղբայրներն ու քույրը՝ Աննայի տանը։

Խաչատրյանները Քաշաթաղում 3 տուն են թողել։ Նրանք այնտեղ նռան այգիներ էին տնկել, հողագործությամբ էին զբաղվում։ Մինչ պատերազմը աշխատանքի էր տեղավորվել հացի փռում։ Քաշաթաղը Սիրուշի համար հարազատ էր դարձել։ Ասում է, որ վերջին տարիներին իրենց սոցիալական վիճակը լավացել էր։ Եղբայրները պայմանագրային զինծառայողներ են։ Երբ պատերազմը սկսվել է, նրանք դիրքերում են եղել։

«Սեպտեմբերի 27-ի առավոտը հարևանս եկավ, ասեց՝ Սիրուշ, պատերազմ է սկսվել։ Ես զանգեցի եղբայրներիս, իրենք փորձում էին մեզ հանգստացնել։ Առաջին օրերին մտածում էինք, որ ապրիլյանի պես մի քանի օր կտևի ու գյուղից դուրս գալու կարիք չի լինի»,- պատմում է նա։ 

Մուշի համայնքապետ Պետրոս Ավետիսյանը պատերազմի սկզբից Սիրուշին ու մյուս բնակիչներին հորդորել է չլքել գյուղը, չեն էլ պատկերացրել, որ մի օր, հնարավոր է՝ չվերադառնան Մուշ։

«Ես տնից անգամ ձմեռային հագուստ չեմ վերցրել հետս։ Մտածում էինք՝ դուրս գանք, վիճակը կխաղաղվի, կվերադառնանք, չգիտեինք, որ էլ հետ գալու հնարավորություն չի լինելու։ Գյուղապետն ասում էր՝ Սիրուշ, երեխեքիդ չվերցնես, ոչ մի տեղ չգնաս, գյուղից դուրս չգաս, եթե գնացիր, հետդարձի ճամփեն կմոռանաս, չէր ուզում՝ գյուղը դատարկվեր, էդ մարդն ի՞նչ իմանար, որ, իրոք, էնպես կստացվի, որ կմոռանանք տունդարձի ճամփան»,- պատմում է Սիրուշը։

Հիմա Մուշի իր տան մասին թախիծով է հիշում։ Քաշաթաղում իր ամեն ինչն էր, հիմա այստեղ ոչինչ չունի։ Սիրուշն ամուսնալուծված է, նրա նախկին ամուսինը Ռուսաստանի Դաշնությունում է։

Սիրուշն ուզում է նոր մասնագիտություն սովորել, ցանկանում է հրուշակագործ դառնալ, քաղցրավենիքի արտադրություն սկսել։

Նրա ավագ դուստրը՝ 16-ամյա Վալյան, ուզում է վարսահարդարում կամ մատնահարդարում սովորել։ Ասում է՝ աշխատանքի համար դիմել են մի քանի տեղ, Արցախի շտաբում էլ են գրանցվել, բայց դեռ ոչ մի արձագանք չկա։

«23 տարի առաջ այստեղից գնացել, տուն-տեղ, ապրուստ ենք ստեղծել, իսկ այսօր ոչինչ չունենք»,- ասում է Սիրուշը։

Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը քաշաթաղցիներին առաջարկել է վերադառնալ Արցախի այլ՝ հայկական վերահսկողության տակ գտնվող համայնքներ, որտեղ նրանց տնով ու հողամասով կապահովեն։ Հայաստանի կառարավության կողմից փոխհատուցում գուցե կլինի, բայց ոչ մոտ ապագայում։

Սիրուշը վախենում է Արցախ վերադառնալ։ Ասում է՝ կվերադառնա միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները վերադարձվեն, ու ապրելն անվտանգ լինի։

Սիրուշի մայրը 2020 թվականին քաղցկեղից մահացել է։ Նրա գերեզմանը մնացել է Մուշում։ Սիրուշի հայրը՝ Արամայիսը, երկար ժամանակ հրաժարվում էր լքել գյուղը, վերջիններից մեկն է դուրս եկել։

«Երբ եղբայրներս ասեցին՝ պետք է գյուղից դուրս գանք, հայրս ասում էր՝ դուք ուր ուզում եք գնացեք, ես դուրս եկողը չեմ, իմ կնոջ գերեզմանն այստեղ է, հայրս չէր հավատում, որ կարող է մի օր չվերադառնանք»,-ասում է Սիրուշը։

Հոկտեմբերի 15-ին լսել է, որ թշնամին գրավել է Մուշը։ 54 համայնքից բաղկացած Քաշաթաղի շրջանը՝ բացառությամբ 3-ի ՝ Աղավնո, Բերձոր, Սուս, Ադրբեջանին է անցել 2020 թ. դեկտեմբերի 1-ին։

Նարինե Դալլաքյանը՝ Սիրուշի քրոջ տալը, հյուրընկալել է Սիրուշին ու 3 երեխաներին իր երկսենյականոց տանը։ «Ծայրահեղ պահ է, իրար պիտի օգնության ձեռք մեկնենք, տունս փոքր է, բայց մեր սիրտը մեծ է, իրենք գիտեն, որ ինչքան պետք է, կարող են մնալ, տուն են կորցրել, ապրուստ են կորցրել, ի՞նչ կարող են անել»,-ասում է Նարինեն։

Նարինեն 6 երեխա ունի՝ 3 աղջիկ, 3 տղա, ամուսինը տարիներ առաջ հիվանդությունից մահացել է։ Նարինեի 3 աղջիկներն ամուսնացած են։ Տղաներն ապրում են իր հետ։ Նա գյուղում գումարով կանաչիների փնջեր է կապում, Սիրուշն էլ տնային գործերում է օգնում։

Սիրուշի երեխաներից ամենից շատ Ալենն է կարոտել հայրենի գյուղը, ընկերներին, հիմա ընկերները ցրված են Հայաստանի տարբեր բնակավայրերով, ու շփումը միայն հեռախոսով է։ Ալենը գյուղում է թողել իր սիրելի հեծանիվը։

Մեր այցելության ժամանակ Սիրուշի երկու եղբայրներն ու քրոջ՝ Աննայի ամուսինը վարձով տուն էին փնտրում տեղափոխվելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter