HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարդում եմ ու մտածում՝ իմ էրեխեն գրել էր, որ պիտի գնա, ես չեմ հասկացել»

«Թատրոնում էինք, երբ Դավիթը տվեց Վարդանի գիրքն ու ասեց՝ Հակոբ, տղես երկար չի ապրի»,- հիշում է լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը: Երբ հարցրել էր, թե ինչի համար է էդպես մտածում, ասել էր՝ կկարդաս, կիմանաս։

Վարդանի 15-ամյակին հայրը՝ երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, տպագրել էր նրա պատմվածքներն ու որոշել անակնկալ անել որդուն։ Այդ օրը՝ 2016 թ․ հունվարի 18-ին, տունը հյուրերով լի էր։ Սեղանի շուրջ նստածների ձեռքին նոր գրքույկն էր։ Վարդանը դեռ ոչինչ չգիտեր նվերի մասին։ Հայրը գրքույկը դրել էր ափսեի կողքին ու ինչ-որ պատրվակներով կանչում էր մոտը։ Ուզում էր, որ որդին անակնկալի գա՝ տեսնելով իր պատմվածքների գրքույկն ու դրա վրա գրված անուն-ազգանունը։ Սակայն Վարդանն այդպես չէր նկատել։ Անարդյունք փորձերից հետո հայրը որդուն խնդրել էր գրքույկը դնել դարակում՝ մտածելով, թե գուցե այդպես կկարդա շապիկին գրվածը։ Այդ անգամ էլ չէր նկատել։ Դարակում դնելուց հետո հայրը հարցրել էր, թե արդյոք բան չտեսավ։ Պատասխանը բացասական էր, ինչից հետո Դավիթն ասել էր, թե թող մի հատ վերցնի ու նայի գրքույկը։ «Վարդան Ամալյա՞ն»,- արձագանքել էր տղան։ «Դե բայց էդպես էլ չզարմացավ։ Ասեց՝ էս տպե՞լ ես, հետո ասեց՝ մերսի, պապ ջան»,- հիշում է Դավիթը։

Փոքր ծավալով գրքույկը գրպանի գրքի նման է։ Ժողովածուի 11 պատմվածքները Վարդանը գրել է 11-14 տարեկանում։ Շարադրանքը պարզ է՝ երեւույթների մանկական դիտողականությամբ ու հետաքրքրասիրությամբ։ Բայց սա՝ առաջին հայացքից։ Կյանքի ու մահվան փիլիսոփայությունն աննկատ գծով անցնում է պատմվածքների միջով։ Սեղմ ծավալի մեջ ասելիքը խիտ է դառնում եւ բազմաշերտ։

«Ես հիմա ապրում եմ իր գործերով: Ինձ համար դա նման է կոմիտասյան խազագրության վերծանումների, որ տարիներ շարունակ թաքնված բաներ ես հայտնաբերում։ Իր տողերն էլ այդպիսին են ինձ համար։ Կարդում եմ ու մտածում՝ իմ էրեխեն գրել էր, որ պիտի գնա, ես չեմ հասկացել»,- ասում է մայրը՝ Արմինե Ամալյանը։

Տանը Վարդանի մասին խոսում են ներկայով, եւ այդ ներկան այնքան համոզիչ է թվում, որ մտածում ես՝ գուցե Վարդանը հետեւում է մեր զրույցին։ Ոչ ոք չգիտի պատասխանը։

Վարդանը երկու եղբայրներից ավագն էր։ Լռակյաց, ինքնամփոփ, դրսի տեսածն ու իր հետ կատարվածը չէր պատմի։ Բայց միեւնույն ժամանակ, ինչպես իր «Ինքնաբնութագրի» մեջ է նշել, կռվարար։ Մայրն ասում է՝ ֆիզիկապես շատ ուժեղ էր, հարցեր լուծող, իսկական տղա էր եւ երբեք չի պարփակվել իր գրածի մեջ։

Գրում էր 3-4 րոպեում։ Մայրն ասում է՝ այնքան արագ էր գրում, որ տպավորություն էր, թե տիեզերքից ինչ-որ մեկը նրան թելադրում է։ Անգամ տանը հյուրեր լինելու ժամանակ աղմուկի մեջ կարող էր գրել: Հայրն ասում է՝ ինքն էլ ճիշտ հակառակն է, գրելուց մարդ չպիտի լինի կողքին. մի ժամ կամ ժամուկես է պետք ընդամենը մի քանի տող չափածոյի համար։ Ամենակարճը՝ 30 րոպեում, գրել է «Կտակը»։

Վարդանի ծնվելուց հետո Դավիթ Ամալյանը գրել էր «Օրորոցայինը»։ «Երբ գրեց երգն ու երգեց, մեր տանն ով կար, հուզվել էր,- հիշում է Արմինեն,- հետո բառերը տվեց ինձ, որ երգեմ։ Դրանից մի քանի օր հետո, երբ էրեխուն քնացնում էի, օրորոցային էի երգում, մեկ էլ Դավիթը շուռ եկավ, ասեց՝ ապրես։ Տեսա նստած ա։ Ասում եմ՝ ի՞նչ եղավ, ասեց՝ շատ ապրես, ես երգ գրեմ, դու «Վրեմիայի» երգը երգե՞ս։ «Մութն ընկել է, ուշ է արդեն» էի երգում։ Ասեցի՝ չեմ հասցրել սովորել բառերը»։ Որդին արդեն 4-5 ամսական էր, երբ Դավիթի գրած երգը ձայնագրեցին։

Սենյակի հուշանկյունում Վարդանի նկարն է. ժպիտով մեզ է նայում։ Կողքին պատմվածքների ժողովածուն է։ Այն տպագրելուց հետո Վարդանն էլ չի գրել։ Բայց հետո, ինչպես մարտական ընկերներն էին պատմել, գրել է պատերազմի ժամանակ։ Սակայն գրածներից ոչինչ չեն գտել:

Վարդանը տեսակով տաղանդավոր մարդու թափթփվածություն ուներ։ Գրում էր թղթերի վրա: Բարակ կազմով տետրի մեջ նրա ձեռագիր թղթերն են: Տետրի վրա հորաքրոջը՝ Աստղիկին էր դիմել, թե «Աստո, հանկարծ չգցես»:

Մի անգամ, երբ գյուղում էին, թուղթ ու գրիչ էր խնդրել: Գրել էր մի սեւամորթ աղջկա ժպիտի մասին, ու թե ինչ կա դրա մեջ թաքնված։ Հետո երբ Երեւան էին եկել, սկսել էր փնտրել գրածը։ Թուղթը կորցրել էր։ Մայրն ասում է, թե այդ թափթփվածությունն էր պատճառներից մեկը, որ հայրը որոշեց մի տեղում հավաքել գրածները։

Գրքույկի վերջում Դավիթը գրել էր. «Ներողություն, տղե՛ս, ժամանակից շուտ գրքույկիդ տպագրությունը կազմակերպելու համար: Դու լավ գիտես, որ ես էլ քեզ պես չեմ սիրում լրջացնել ստեղծագործող լինելս, ուղղակի ծննդյանդ 15-ամյակին ավելի լավ նվեր չկարողացա շնորհել: Ծնունդդ շնորհավոր: Քո ընկեր՝ Դավիթ Ամալյան: 18.01.2016 թ.»:

Պատմվածքները տպագրել են այնպես, ինչպես գրել է Վարդանը: Գրելուց հետո բոլորով կարդում էին: Արմինեն ասում է՝ որդին չէր մտածում, թե մի մեծ բան է գրել: Բնավորությամբ ստվեր սիրող էր: «Ես չեմ էլ կարող պատկերացնել, որ ժամանակից էդքան կարող էր առաջ ընկնել ու զգալ էդ ամեն ինչը։ Դա սարսափելի է ինձ համար։ Ինքը, փաստորեն, գիտեր, թե ինչ պիտի լինի: Ըստ իր գրածների եմ ասում»,- նշում է մայրն ու հավելում, որ շատ հուզվել չի ուզում. դա թուլացնում է իրեն, իսկ թուլանալ չի ուզում:

Արմինեն զուսպ է, սակայն զգում ես, թե ինչ պայքար կա ներսում: Դեմքին մեղմ ժպիտ կա, ու դրանում՝ անբացատրելի ցավ: Վարդանից հետո պատմվածքներն Արմինեն սկսել է մանրամասն կարդալ՝ փորձելով հասկանալ ամենափոքր դետալը: Ասում է՝ երբ ուսանողական տարիներին ուսումնասիրում էին Բախի ու Կոմիտասի երաժշտությունը, դասախոսներն ասում էին՝ Բախի երաժշտության մեջ հարմոնիաները նման են թերթիկների, որոնք ամեն անգամ բացվում են քո առաջ, ու նոր երանգ ես հայտնաբերում։ Նույնն էլ Կոմիտասի երաժշտությունն էր, որը համեմատում էի Բախի երաժշտության հետ։ Արմինեն հոգոց է հանում ու շարունակում, թե գուցե համեմատությունը տեղին չէ, բայց որդու փոքրիկ, խիտ գործերի ամեն տողը վարդի թերթերի պես բացվում է իր համար:

«Ինչպես բոլորը գիտեն, կյանքն ու մահը նույն միօրինակության տարբեր ծայրերն են։ Մի մարդ, համբարձվելով երկինք, հանդիպում է մի տարօրինակ դեպքի։ Լսվում են բժիշկների հարազատների ճիչերը եւ․․․ սեւանում է ամեն ինչ»: Սա Վարդանի «Ինչպես բոլորը գիտեն» պատմվածքի նախաբանն է, որը նա գրել է 12 տարեկանում: Այն պատմում է մի մարդու մասին, ով մահից հետո հայտնվում է հոգիների մաքրազատման լաբորատորիա-գործարանում։

-Ահա՛, այստեղ հոգիները մաքրազատվում են, ուղեղները՝ թարմացվում, եւ հիշողությունները ջնջվում են լիովին։

-Լսիր, իսկ դա ցավո՞տ է։

-Ապո՞ւշ ես, ինչ է, դու արդեն 20-րդ անգամ ես անցնում այդ պրոցեսը ու դեռ հարցնո՞ւմ ես։ Քանզի քո 19-րդ կյանքն անցավ Երկրի վրա, կլինի 20-րդը․․․

Արմինեն ասում է՝ Դավիթը մի անգամ հարցրեց տղային՝ Վարդ, էս ի՞նչ ես գրել, ասել էր՝ պապ, դե գրել եմ, էլի։ Պատմվածքում նկարագրվածի պես Վարդանը 19 տարի ապրեց Երկրի վրա։

«Մի քանի անգամ Դավիթն ինձ ասել է՝ Վարդանից վախենում եմ, մենք կարող է շուտ կորցնենք էրեխուն։ Պատկերացնո՞ւմ եք։ Գուցե ինքն էլ էր զգում։ Ես էլ ասեցի՝ Դավ, լավ էլի, էրեխա ա, զգայուն ա»,- ասում է Արմինեն։ Ու մի պահ լռում ենք։

«Եթե մտածեմ, որ իմ տղան զոհվեց, գնաց, էս չարիքը, պատերազմը եւ այլն, շատ ծանր կապրեմ։ Մտածում եմ՝ ինքը գիտեր, ինքը գնաց։ Էդ միտքն ինձ ապրեցնում է, չեմ ուզում ուրիշ բան մտածել։ Գուցե շատ երեխաներ այդ զգացողությունը չունեն, բայց Վարդանին տրվել է, մենք պարզապես չենք հասկացել։ Ու դա ինձ համար հեշտացնում է էս անցնելիք ճանապարհը, թե չէ խելագարության կհասցնի ինձ էդ միտքը, որովհետեւ գանձ ենք կորցրել»,- ասում է մայրը:

Մեր զրույցի ժամանակ ներս է մտնում Վարդանի եղբայրը՝ Արմանը, ով երկու տարով է փոքր եղբորից։

-Շատ էիք կռվո՞ւմ իրար հետ,- զրույցի տրամադրությունը փոխելու համար հարցնում եմ նրան:

-Մենք որ տեղափոխվեցինք էս շենք, տների գներն ահագին ընկան, որովհետեւ շենքը դարձավ վթարային,- հումորով պատասխանում է Արմանը։ Ծիծաղում ենք։

-Վա՜յ, Արման, ինքը միշտ բզբզել է Վարդանին,- ասում է մայրը։

-Տարբե՞ր եք Վարդանից։

-Հա, շատ, դե որ նման լինեինք, հետաքրքիր չէր լինի։ Վարդանը շատ հանգիստ էր, մի տեղ որ նստած լիներ, կարող ա չնկատեին էլ,- ասում է Արմանը։

-Ինքն իր լռությամբ էր ամեն ինչ ասում, իսկ Արմանը լրիվ հակառակն է,- նկատում է մայրը։

Արմանը սովորում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ ջութակի բաժնում։ Մինչեւ դպրոցն ավարտելը եղբայրն էլ երաժշտական հակումներ ուներ։ 6 տարի դաշնամուրի գնալուց հետո կիսատ էր թողել այն, դուրս եկել։ Հետո կիթառ նվագել էր սովորել։ Արմինեն ասում է՝ Վարդանը շատ լավ ձայն ուներ։

«Մի դեպք պատմեմ, երբ երկուսով վոկալի էինք գնում երաժշտական դպրոց,- հիշում է Արմանը,- վոկալի քննություն պիտի հանձնեինք։ Դահլիճում հանձնաժողովը նստած է, ես բեմ եմ բարձրացել, որ երգեմ, մեկ էլ դեմքիս նայելով՝ Վարդանն էնքան խնդաց, որ չկարողացա երգել։ Ասեցին՝ տղա ջան, իջի, մի բան կդնենք, հետո որ ինքը բարձրացավ, հասկացավ, թե ինչ ա լինելու։ Ու մինչեւ վերջ չնայեց դեմքիս, երգեց։ Ինքը 9 ստացավ, ես՝ 8»,-պատմում է Արմանն ու սենյակը լցվում է նրա աշխուժությամբ։

Վարդանը 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի ռեժիսուրա բաժինը։ Ավարտելուց հետո ենթադրվում էր, որ պիտի ընդունվի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտ։

Ծնողները միշտ առաջնորդվել են Վարդանի ցանկությամբ: Մասնագիտության հարցում էլ թողել էին նրա ընտրությանը: «Որ արդեն պիտի ընդունվեր թատերական, չուզեց։ Ասեց՝ ուզում եմ ֆիզկուլտ ինստիտուտի բոքսի բաժին, ասեցի՝ դե բոքսով կողքից կզբաղվես, մի ուրիշ բան ընտրի, չուզեց։ Ասեցի՝ արդեն քո էն տարիքն է, որ սուտ կլինի, թե աշխարհահռչակ բոքսյոր դառնաս, ուրիշ բան ընտրի, ասեց՝ չէ, կարող ա դառնամ։ Ասի՝ լավ, ոնց կուզես»,- հիշում է հայրը։

2019 թ․ Վարդանն ընդունվել էր իր ընտրած բաժինը՝ այդպես էլ չհասցնելով դասի գնալ։ Ամռանը նրան զորակոչել էին բանակ։ Մինչեւ բանակ գնալը մի անգամ մորը հարցրել էր՝ մամ, որ մեռնեմ, շատ կլացե՞ս։ «Ես էլ մամայաբար կռվեցի հետը, փիլիսոփայեցի, թե բա ում համար ենք ապրում, ծնողներն առանց երեխաների ու՞մ համար են ապրում։ Հետո չարաճճի ժպտաց, ասեց՝ լավ, մամ»,- վերհիշում է Արմինեն։

2019-ի հուլիսի 20-ին Վարդանին ճանապարհել էին բանակ, բայց ժամեր անց հետ էր եկել: Ասել էին, թե լյարդի վրա կիստա կա, պետք է լրացուցիչ հետազոտվի։ Հետո պարզվել էր, որ ամեն ինչ մաքուր է, հուլիսի 30-ին զորակոչվել էր։ Արմինեն ասում է, թե երբ որդին հետ եկավ, մտածում էր՝ մենակ թող առողջ լինի, գնա ծառայի։ «Այդ օրը որ հետ եկավ տուն, սմայլիկներով մի կապույտ փուչիկ եկել-ընկել էր ննջասենյակի գորգին։ Զարմացել էի։ Սնոտիապաշտ չեմ, բայց հիմա մտածում եմ՝ գուցե հուշումներ են եղել, որ մենք կառչեինք»,- հիշում է մայրը:

Վարդանը ծառայում էր Ստեփանակերտում: Սեպտեմբերի 27-ին նրանց տարել են Ֆիզուլու ուղղությամբ, ապա՝ Հադրութ: Նոյեմբերի 7-ին բարձրացրել էին Շուշիի մատույցներ։ Այդտեղ էլ զոհվել է։

«Ես անընդհատ էդ հարցն եմ ինձ տալիս։ Վարդանը կրում էր պապի ու Դուշման Վարդանի անունը։ Դուշման Վարդանը Շուշին ազատագրեց, հետո զոհվեց, իմ տղան Ֆիզուլի-Հադրութ կյանքի-մահվան կռիվ է տվել, ես էդ մասին ուշ եմ իմացել։ Դավիթն ինձ ասում էր՝ բունկերներում են, ապահով են»,- նշում է Արմինեն, ապա հիշում, որ որդին ամբողջ պատերազմի ժամանակ լավ էր խոսում, ձայնի մեջ ուժ կար, բայց վերջին օրը տխրություն է զգացել նրա ձայնում։

Զրույցին միանում է հորաքույրը՝ Աստղիկը: Պատմում է, որ ծառայության ժամանակ հաճախ էր գրքեր ուղարկում Վարդանին։ Հիմնականում համաշխարհային գրականությունից էր կարդում։ Հորաքրոջ խոսքով՝ Վարդանը խորը մտածողություն ուներ, քչախոս էր, դրսից եկած ժամանակ աքցանով կարելի էր բառերը հանել։ «Ինքը մեր ընտանիքի հեքիաթն էր։ Տիեզերական բալա էր։ Շատ լուռ էր, ոչ մեկ չէր իմանա, թե ինչ էր մտածում։ Ինքն ավելի մեծ էր, տիեզերական, քան նեղ հայրենասիրական կաղապարն էր»,- նշում է հորաքույրը։

«Իմ ծնողները շատ երիտասարդ են գնացել, հայրս՝ 56, մայրս՝ 58 տարեկանում։ Դրանից հետո Դավիթն ամուսնացավ։ Իրենց մասին բոլորն էլ լավ են խոսել, ուրիշների համար պատրաստ են եղել ամեն ինչի, Դավիթն էլ միշտ էնքան տղաների է օգնել։ Ու միշտ մտածում էի՝ հնարավոր չէ, որ իրենց թոռնիկին մի բան լինի։ Ինչի՞ էի էդքան վստահ, չգիտեմ»,- ասում է Աստղիկը։

Արմինեին հիմա ապրեցնում են որդու մասին երազները: Երբեմն դրանք այնքան իրական են թվում նրան: «Արեւոտ օր էր, ինքը բակում էր, սեւ շապիկով։ Ես ու Արմանն իրեն էինք փնտրում։ Որ գտանք, ասեցի՝ Վարդ, արի գնանք տուն, արդեն ուշ ա, հոգնած կլինես։ Ասեց՝ մամ ջան, չեմ կարող գալ, Էջմիածնից թույլ չեն տալիս։ Քահանաներին, եկեղեցու հետ կապ ունեցող ընկերուհիներիս պատմեցի երազս։ Ասացին, որ ինքը սրբադասման պրոցեսի մեջ է»,- պատմում է մայրը։

Երազներից մեկում Արմինեն կրկին Արմանի հետ Վարդանին է փնտրել։ Նրան գտել էին քնած: Մորն ասել էր՝ մամ, կներես, էնքան հոգնած էի, աչքս կպավ, քնեցի, հետո երկար նայել էր նրան ու ասել՝ դուք էլ անընդհատ լացում եք։ Մի անգամ էլ ընտանիքի հարազատներից մեկն էր երազում տեսել Վարդանին։ Խանջյանի «Վարդանանք» կտավի տակ կանգնած՝ ասել էր՝ մամայիս կասես, որ ինձ հետ ամեն ինչ լավ ա։

-Ես կուզեի, որ երազումս գար, ասեր՝ մամ, ինձ էսքան էր տրված,- նշում է Արմինեն։

-Կա՞ն դրվագներ կամ խոսակցություններ, որ անընդհատ եք հիշում։

-Ինքն էնքան սիրուն խորհրդատու էր։ Շատ երկար զրուցում էինք, էնքան սիրուն հանգստացնում էր, ոնց որ իմ հոգու բժիշկը լիներ։ Անունը հոգեբան էի դրել։ Անընդհատ հիշում եմ էն դրվագը, որ ասեց՝ մամ, որ մեռնեմ, շատ կլացե՞ս,- պատմում է Արմինեն։

-Իր ամբողջ կյանքն էլ դրվագ էր, չենք կարող առանձնացնել։ Իր լռությունն էլ էր ասելիք, իսկ ես էդ լռությունը չեմ կարող պատմել,- ասում է հայրը։

Հատված «Ա»-ից. 2015 թ.

«Աշխարհում հաստատվեց ռազմական իրադրություն, եւ բոլոր սահմանները փակվեցին: Մարդիկ երկար ժամանակ չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Կյանքը, կարծես, կանգնել էր, եւ անսպասելի աշխարհի բոլոր աշխատող էկրաններով սկսեց խոսել մի անձնավորություն, ով գլխավոր իլյումինանտն էր….»:

Հատված «Անվերնագիր» պատմվածքից. 2012 թ.

«Իրականությունը սուտ է, որը շրջապատում է աշխարհը եւ խանգարում՝ չթողնելով տեսնել ստի ամպերի միջից դուրս եկող ճշմարտության արեւը: Մեր հոգին մեզ չի պատկանում, քանի որ մենք այն վաճառել ենք մինչեւ լույս աշխարհ գալը: Եվ այդ պատճառով է, որ մեր հոգին, կարծես, ուզում է դուրս թռչել ու գնալ գնորդի մոտ»:

Հատված «Մտացրիվը» պատմվածքից. 2014թ.

«Մարդիկ վատ են նայում մահվանը…. Մահը կրկին Աստված է: Պարզապես այս անգամ նա վերցնում է, ոչ թե տալիս…. Մահը պարզապես մի պորտալ է, որը մարդու հոգին ձեւափոխում է հետագայի համար: Քանի որ այն մարդու կերպարանքը, որի մեջ մենք ապրում ենք, պարզապես խղճուկ մի դիմակ է»:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Ամալյանների ընտանեկան արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter